Միլիոնատեր շունն ու կատուն


 

Հանգուցյալ միլիոնատեր իտալուհու մահից հետո նրա ողջ կարողությունը ժառանգել է տիրուհու կատուն` դառնալով ամենահարուստ կենդանին` երրորդն աշխարհում: Իսկ իր ցեղակիցների շրջանում Թոմազինոն ամենահարուստն է` ավելի քան 15 միլիոն դոլար ունեցվածքով:

Նրա առատաձեռն տիրուհի Մարիա Ասունտան անցյալ ամիս վախճանվել է Հռոմում` 94 տարեկան հասակում և ունեցվածքից մաս չի թողել իր ժառանգներին ու հարազատներին: Միլիոնները կտակել է կատվին, որին տարիներ առաջ գտել էր փողոցում:

Խե˜ղճ կատու, դե փորձիր գլուխ հանել երկրի ամենատարբեր անկյուններում ունեցած էլիտար շինություններից, բանկային մի քանի հաշիվներից և մի ամբողջ պայուսակ բաժնետոմսերից: Հետաքրքիրն այն է, որ Մարիան կտակը կազմել է 2 տարի առաջ և վստահ է եղել, որ կատուն իրենից երկար է ապրելու: Բայց…

Իտալական օրենքով` կենդանիները չեն կարող փողի և այլ արժեքների ժառանգորդ լինել: Եվ վիճարկվող կտակի առնչությամբ` փաստաբանները միլիոնատիրուհուն առաջարկել էին ունեցվածքը փոխանցել կենդանիների օգնության որևէ ընկերության:

Սակայն համապատասխան այդպիսի կազմակերպություն չի գտնվել, և Մարիան իր բուժքրոջն առաջարկել է դառնալ կատվի խնամակալը:

- Ես չէի պատկերացնում, որ իմ խնամառուն այսքան հարուստ է,- խոստովանել է բուժքույր Ստեֆանիան:- Անկեղծ ասած` այս միլիոնները կատվին բոլորովին պետք չեն: Նա երջանիկ է, որ թխվածքով ու կաթով լի թասիկ ունի:

Իսկ աշխարհի ամենաունևոր շունը գերմանական գամփռ Գյունտերն է: Սա էլ 138 միլիոն դոլար է ժառանգել` դարձյալ տիրուհուց` Կառլոտա Լիբենշտայնից:

Չորքոտանի միլիոնատերերի ցանկում 2-րդը շիմպանզե Կալուն է, ում Պատրիսիա Օ&undefined;Նիլը` ավստրալիացի նախկին լողի չեմպիոն Ֆրենկ Օ&undefined; Նիլի կինը, կտակել է 61 միլիոն դոլար: