Հուշարձանի բացում և բնակարանամուտ` Սայաթ-Նովայում և Մասիսում


ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, համահայկական միջազգային երիտասարդական (ՀՄԵ) կենտրոնի հրավերքով, այցելեց ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղ` մասնակցելու Արցախյան ազատագրական պայքարում զոհված ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշարձանի բացման, ինչպես նաև սոցիալապես անապահով երկու ընտանիքների` նորակառույց երկու առանձնատներում նորամուտի հանդիսավոր արարողություններին: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ Արարատի մարզպետ Վ.Հովակիմյանը և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որի օրհնությամբ էլ մեկնարկեց արարողությունը: Ապա Ս.Օհանյանը ծաղկեպսակ դրեց հուշարձանին և, գյուղի բնակչությանն ուղղված իր շնորհավորական խոսքում, մասնավորապես ասաց. - Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ այս հիշարժան օրվա կապակցությամբ: Երկու առաքելություն ունենք իրականացնելու այսօր. առաջինը` այս հուշակոթողի բացումը և երկրորդ` նորակառույց երկու առանձնատներում նորամուտի հանդիսավոր արարողությունները: Հարկ է միշտ հիշել, որ ազգային ազատագրական պայքարում զոհվածների անձնազոհությամբ ենք կարողացել հաղթանակ կերտել: Այդ հաղթանակը կարողացանք պահել և պետք է այն բազմապատկենք, իսկ ունեցած ձեռքբերումներն ու արժեքները պետք է փոխանցենք մատաղ սերնդին: Ս. Օհանյանը խոսեց նաև նման միջոցառումների կարևորության մասին` դրանք անվանելով «ռազմահայրենասիրական դաստիարակության բաց դասարան», որից հետո սփոփանքի խոսքեր ուղղեց զոհված ազատամարտիկների հարազատներին` նշելով, որ վերջիններս պետք է հպարտ լինեն իրենց որդիների, ամուսինների անձնազոհության համար և ցանկացավ նրանց միայն դրական զգացմունքներ: Այնուհետև ելույթ ունեցան գյուղացիներ, որոնք իրենց շնորհակալական խոսքը հայտնեցին միջոցառման և նախաձեռնության կազմակերպիչներին: Ապա հրավիրվածները մասնակցեցին ՀՀ պաշտպանության նախարարության, «Առաջ Հայաստան» հիմնադրամի և ՀՄԵ կենտրոնի համագործակցությամբ Սայաթ-Նովա գյուղում և Մասիսում կառուցված` ազատամարտիկի այրի Թ.Սերոբյանի և ազատամարտիկ Ս.Աղախանյանի առանձնատների բացման հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում նախարարն իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչի առթիվ և ՀՄԵ կենտրոնի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանին նվիրեց խորհրդանշական թուր` կարճ ժամանակահատվածում նպատակասլաց կերպով իրականացրած աշխատանքների համար: Ի դեպ, Թ. Սերոբյանի առանձնատունը կառուցվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ: