Դեկտեմբերի 13-ին Մուշեղ Գալշոյանը կդառնար 75 տարեկան ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾ ՆՎԻՐՅԱԼԸ


Մեր լեզվի հարուստ գանձարանում կան բացառիկ հնչեղությամբ բառեր` քաղցրահունչ բառեր, բառեր, որոնք մարդու արյան մեջ են, խառնվածք, ապրելակերպ են, քանի որ մարդուն արժևորում, բնութագրում ենք բառի, խոսքի ուժով: Ասենք` «նվիրյալ» խոսուն բառը, որը իմաստավորում է համակ սեր, անձնազոհություն: Նվիրվել Արարչին, հայրենիքին, արվեստին... վերջապես` մարդկությանը: Նվիրյալներ միշտ էլ եղել են, կան, կլինեն: Ահա մեկը` Մուշեղ Գալշոյանը, ժայռի պես ամուր իր ժողովրդի հերոսական պայքարի պատմիչր, վեհանիստ, արևշող մի երկրի սիրո ու կարոտի երգիչ` իր նոր, յուրօրինակ, ինքնատիպ խոսքով: Հայտնի է` Գալշոյանի գրական ժառանգության մեջ իրենց ուրույն, մեծ տեղն ունեն կորցրած հայրենի եզերքի սիրո ու կարոտի երկերը... երկեր, որոնք և միաժամանակ ծայր տվին ժողովրդական կարոտի երգերին: «Թեկուզ քանց գետ հոսե մըր արյուն կարմիր, էլի°, լա°ո, էլի° էրթանք մըր էրգիր»: Մըր էրգիր... Բացառիկ են Գալշոյանի` էրգրի կարոտի երկերը, սակայն, այսուհանդերձ, նա դարձավ նաև իր պաշտած հայրենիքի զարթոնքի, նորօրյա կյանքի, հողի ու ջրի խենթ երգիչը` փառաբանելով մայր հողն ու նրա մշակին` հաստատելով բնության ու մարդու անքակտելի կապը: Հայրենին պաշտող գրողի համար հողը մայր է, զորավոր է հողի համբույրը: Զորավոր է նա, ով մայր հողի կրծքից մի փուշ կհանի, այս քարեղեն աշխարհի քարից հաց կքամի: «Բովտուն» հիասքանչ վեպում պարզորոշ երևում է, թե ի¯նչ ոգևորություն է ապրում գրողը` նորաստեղծ ավանի կառուցման գործում: Քարքարոտ խոպանի մշակումը հայ շինականի համար ոչ միայն հայրենի երկրի շենացումն է` այգի-այգեստան, այլ նաև ինքնավստահություն` սկսած գործի հանդեպ, անհանդուրժողականություն` սեփական թուլություններին և վերջապես` նպատակադրված գործի հաղթանակ: Վեպի սիրված հերոսներից մեկը` Արմանը, խորապես հասկանում է, որ իր տեղը հենց այստեղ է` նոր կազմակերպվող ավանում, ուր ինքը այնքան է հարկավոր, որքան արևն ու ջուրը: Իր տեսակի մեջ եզակի, բացառիկ այս ստեղծագործությունը ունի գործողությունների չափազանց հետաքրքիր, զարմանալի զարգացում, ունի հայրենին շենացնող մարդկանց, հերոսների մեծ բազմություն` արարող մարդու հուժկու կարողություններով, անկոտրում կամքով ու նվիրումով: Այո°, այդպիսին են Գալշոյանի հողին, երկրի շենացմանը նվիրված այլ գործերի բոլոր հերոսները: Ահա` «Քեզ վերևից չպետք է նայել» ակնարկների ժողովածուն, ուր ընթերցողը հանդիպում է հասարակության բոլոր խավերին` լծված հայրենանվեր գործին: Տեսնում ենք` գրողը շրջել է «սրտի չափ փոքր և աշխարհի չափ մեծ» իր երկրի բոլոր գավառները, տեսել ու հիացել է հայրենի երկրի սքանչելի բնությամբ: Ծանոթացել այդ երկրի տերերին` իրենց գեղեցիկ սովորություններով, աշխատասիրությամբ ու հոգսերով: Տեսել քարից հաց ու քաղցրություն քամող իրական մարդկանց նվիրումը: Շեն ու դաշտում հանդիպել է հայրենադարձների... Ինչպիսի¯ բերկրանք է ապրել... Ահա, նորեն մի քարավան` շուրթերին` «Ո՞րն է, Բաբո°, մեր հայրենիք»` հեգ պանդուխտի երգը... Խանդավառված գրողը նրանց հետ բախել է դռները` թե ելե¯ք... Բնավեր հավք է եկել` բույն շինենք... և... և շինեցին: Բայց ավա¯ղ, մարդկության աշխարհաշեն խինդին խառնվեց պատերազմի մահաբեր շունչը, խաթարվեց կյանքի բնականոն ընթացքը, ստեղծարար աշխատանքը, մայր հողը զրկվեց իր մշակից: Գյուղի գզգզված գլխին ռումբ պայթեց, և փոստատար Մգրոն գյուղի համար բայղուշ դարձավ. - Անգին գառ,- ու ձայնը դողաց: Հայացքը բեկվեց պեծպեծացող ձյան վրա, սարսռաց, քաշվեց կոպերի տակ, դարձավ ձյան մեջ թշշացող մի գունդ տաք արցունք: Ու... ու միտքը վրա բերեց. «Լիներ գարո¯ւն, հողը անուշ ծխար, տղաները հերկ անեին, ինքը` ակոս, ակոսը քայլ աներ, գոգնոցից առներ բուռ-բուռ ցորեն ու ցանե¯ր, ցանե¯ր, ցանե¯ր... Ոսկե անձրև տեղար սև ցելերի վրա»: «Փոթորիկ» Մ. Գալշոյան: Պատերազմներ... աշխարհակործան պատերազմներ, որ խլեցին մարդուց ամենաթանկը` կյանքը, ազատության տենչը, խեղեցին նրան հոգով, մարմնով. «Հարազատ լեռ ու դաշտի կարոտն աչքերում` Կոլյան պատերազմ գնաց: Արտաքին աշխարհից վերջին պատկերը Կոլյայի աչքերում գերմանական ինքնաթիռը մնաց, դիրքերի վրայով սողացող նրա մահաբեր ստվերը և կողքին գալարվող մի զինվորի կերպարանք... Իսկ պատուհանից այն կողմ գարուն էր, կապո¯ւյտ մուժ, խուլ որոտ, կանաչող սոսի...Բայց Կոլյան չէր տեսնում, աչքերի սևն ու սպիտակը խառնվել էին իրար...»: «Անվախճան գիշերում ուղեկցող լույսը» Մ. Գալշոյան: Սրտի ինչպիսի¯ ցավով է գրողը պատկերել խեղված ճակատագրեր, մարդկային անթիվ զոհեր... զոհեր... Եվ... և... անանց ցավի հետ անհաշտ` նա պահանջում էր` «չզարկվել», ապրել... ապրել ու արարել... և դրանով դիմագրավել չարին: Չկար հոռետեսություն, ապագան պայծառ էր տեսնում... տեսնում նորը` ճշմարիտը, վեհն ու գեղեցիկը, տեսնում արարող մարդու սքանչելի կերպարը` իր զարմանալի կարողություններով, իմաստությամբ լի... Նման կերտվածքի անհատներից մեկն էլ ինքն էր` Մուշեղ Գալշոյանը` ժողովրդի մեծ նվիրյալը:

Գոհար ՄԱՆՈՒԿՅԱՆ