Հայ-վրացական հարաբերությունների և մեր արմատական ընդդմիության խառնապատկերը


Վրաստանի կողմից միշտ էլ եղել է մեր մշակութային արժեքների բռնազավթումը, ինչպես նաև էթնիկ զտումը, իսկ եթե ընդհանուր ձևակերպենք` «սառը թշնամանքը»: Զորօրինակ` ջավախքահայության նկատմամբ կիրառվող ստորածածկված քաղաքականությունը, այն իրողությունը, որ երիտասարդ վրացուհին ջավախահայ ուսանողին անամոթաբար փորձում է համոզել, թե Սայաթ-Նովան ազգությամբ վրացի է: Թեկուզ այն փաստը, որ հայի շնորհիվ են այբուբենի տեր դարձել, հիշելով` պետք է ամաչեին իրենց արարքներից: Գաղտնիք չէ, թե երկրաշարժի տարիներին` իրենց տարածքով անցնող հումանիտար օգնության մեր բեռներն ինչպիսի անողոք թալանի էին ենթարկվում: Կամ էլ ճգնաժամային օրերին Հայաստանին «աջակցելու նկատառումով` բարեկամաբար» պայթեցնում էին գազատարը: Այժմ էլ նրանց քաղաքական շոշափուկները դավանաբանական հարթակ են տեղափոխվել, և հերթը նորից հոգևոր մշակույթի կոթողներին է հասել: Այսուհանդերձ, բարիդրացիության քրիստոնեական սկզբունքներին հավատարիմ մնալով, նրանց բարեկամ երկիր ենք անվանում, կամ գոնե չենք շտապում տխրահռչակ հարևան կոչել: Եվ ուրախալի է, որ մեր այժմյան ընդվզումը պետական մակարդակով է առաջնորդվում: Սակայն նրանց որդեգրած քաղաքականության արմատներն ավելի քան խորն են և հավանաբար ծրագրել են իրենց քայլերից բխող հավանական բոլոր վարկածները: Այսպես. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական այցի ժամանակ Մ. Սահակաշվիլին հայտարարում է, որ անձամբ է զբաղվելու այդ հարցով: Բայց դրան հաջորդում է հանկարծահայտ ցուցարարների քաղաքական ֆարսը: Ավելին, դեկտեմբերի 8-ին, Վրաստանի պատրիարքարանը հայտարարություն տարածեց, որ վիճարկվող եկեղեցու հարցով գիտական հետազոտություն է պետք անցկացնել և արդյունքները համաձայնեցնել պրոֆեսիոնալ փորձագետներից բաղկացած հանձնաժողովի հետ: Այստեղ նկատելի է դիվանագիտական ձեռագրի նմանությունը ցեղասպանության ճանաչման բանակցային գործընթացում Թուրքիայի կողմից ներկայացված պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկի հետ, քանի որ այս դեպքում էլ կասկածի տակ ենք առնում Սուրբ Նորաշենի հայկական լինելը: Եղելության քաղաքական աստառի ծալքերն են ուրվագծվում «Միտք» վերլուծական կենտրոնի տեսակետում. «Զարմանալի է, թե Տարիելի դեմ խեղճացող Վրաստանն ինչ համարձակությամբ էր ս/թ օգոստոսին դուրս եկել ՌԴ դեմ…»: Արդյոք սա չի նշանակում, որ իրեն հոգևորական հորջորջողի հակաքրիստոնեական քայլերը ինքնաբուխ չեն և սադրանքային բնույթ են կրում: Իսկ վերոնշյալ հակամարտության ժամանակ մեր հարևանը առանց երկմտելու ապացուցեց, որ քաղաքականությունում իրենք ազատ են գործում նաև սադրանքի ժանրում: Զրպարտելով մեզ` հայտարարեցին, թե Հայաստանից ռուսական մարտական ինքնաթիռներ են հարձակվել իրենց վրա: Բայց արի ու տես, որ մեր արմատականները մի պահ որոշել էին «տանիք» որոնել հատկապես Թբիլիսիում: Ըստ ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանի` - Հուսով ենք, որ Վրաստանում ավելի դեմոկրատական մթնոլորտ է: Տեխնիկական հնարավորությունները ստուգված են: Այլընտրանք չունենալու պատճառաբանությունը այնքան էլ հիմնավոր չէր, իհարկե: Եվ, բարեբախտաբար, արմատականները հրաժարվեցին իրենց այս ծրագրից:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ