Մոհամմադ Ռեզա ՇԱՔԻԲԱ. ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական


Իրանահայ արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդես Թեհրանում Սույն թվականի դեկտեմբերի 9-ին Թեհրանի «Սաբա» մշակույթի տանը տեղի ունեցավ իրանահայ արվեստագետների առաջին ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին վերջին վեց տասնամյակների իրանահայ, ժամանակակից արվեստի տարբեր ուղղություններ, հատկապես, գեղանկարչության և լուսանկարչության մոտ 600 նմուշներ: Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը ներկա էին իսլամական մեջլիսի հայ համայնքի և իրանական կառավարության բազմաթիվ անդամներ, ինչպես նաև արվեստասեր և արվեստագետ հասարակության լայն զանգվածներ: Ցուցահանդեսում ընդգրկված էին հոգևոր, կրոնական, պատմական, քաղաքական և ազատ թեմաներով ստեղծագործություններ: Ներկայացված լուսանկարչական ավելի քան 250 գործերը կատարված էին բարձր վարպետությամբ, նրբագեղ ճաշակով և ընդգրկում էին լուսանկար չության ժամանակակից մի քանի ուղղություններ: Իրանահայ հանրահայտ լուսանկարիչներ Նիկոլ Ֆարիդանին և Վահեդ Տեր - Փանջյանը ներկայացրեցին Թեհրանի պատմական լուսանկարներն ու տեսարժան վայրերը, հատկապես վերջին 20 տարիների փոփոխությունները, սակայն, արդեն նորագույն` Ֆոտո-արտ եղանակով: Առավել հարուստ և գրավիչ էր գեղանկարչության բաժինը, որտեղ ներկայացվեցին ավելի քան 300 արվեստի գործեր` կատարված գեղանկարչության տարբեր ոճերում և ընդհուպ մինչև «սաղախանեի» ժանրում: Ցուցահանդեսին ներկա էր նաև ԻԻՀ-ում ՀՀ դեսպանի խորհրդական Գրիգոր Առաքելյանը, որն իր ելույթում անչափ կարևորեց ԻԻՀ-ում ստեղծված բարենպաստ պայմաններն ու բարեկամական մթնոլորտը հայ արվեստագետների կողմից իրանական մշակույթի և հատկապես գեղանկարչության հմտությունների և առանձնահատկությունների ընկալման և դրանց ժառանգման գործում: Վերջինիս հավաստմամբ արվեստն ազգերի և քաղաքակրթությունների շփման և բարեկամության ամենաամուր օղակն է և հաճախ ազգություն և սահման չի ճանաչում: Արվեստը կրոնների և մշակույթների երկխոսության լավագույն միջոցն է, և այս ցուցահանդեսը, որում ներկայացված են իրանահայ արվեստագետների մի քանի տասնամյակների ստեղծագործությունները, անխուսափելի իրականություն էր, որի միջոցով արվեստագետները կարողացան արտահայտել իրենց հույզերն ու զգացմունքները: Նրանք կարողացան իրենց ստեղծագործությունների միջոցով արտահայտել իրենց սերն ու կապվածությունը Իրանի հանդեպ և փաստել, որ ավելի քան չորս հարյուրամյակ է` ապահով և կատարյալ հանգիստ ապրում են այս երկրամասում: «ԻՐՆԱ» գործակալություն