Աշխարհում ուժ ունեցող ազգն իր ուժը պետք է ցուցադրի


Այս օրերին աշխարհի ուշադրության կենտրոնում ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններն են: Հանրապետական Դոնալդ Թրամփի ընտրվելը շատերի համար է անակնկալ եղել. բազմաթիվ երկրներում այն հույսի կամ հուսահատության ալիքներ է առաջացրել, իսկ շատերն այդ հաղթանակը բնորոշել են որպես երկրաշարժ: Աշխարհի ամենաբարդ տարածաշրջանում գտնվող Հայաստանում նույնպես Դոնալդ Թրամփի հաղթանակը գրեթե բոլորի հետաքրքրությունն է շարժել, ուստի ստեղծված նոր իրավիճակի և մեր երկրի հետագա ճակատագրի վերաբերյալ հարցազրույցի ենք հրավիրել քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն ՇԻՐԻՆՅԱՆԻՆ:

- Արդյոք, հանրապետական Դոնալդ Թրամփի ընտրությունը օրինաչափ չէ՞ր` նկատի ունենալով, որ վերջին գրեթե երկու հարյուր տարվա ընթացքում ԱՄՆ նախագահի աթոռին մշտապես դեմոկրատ նախագահին փոխարինել է հանրապետականը, հանրապետականին` դեմոկրատը: Ըստ էության` այս անգամ էլ դեմոկրատ Օբամային փոխարինելու է գալիս հանրապետական Թրամփը:

- Քանի որ ես անձամբ ենթադրում էի, թե Հիլարի Քլինթոնն է հաղթելու (այդպես շատերն էին մտածում), այդ անսպասելիությունը շրջանառության մեջ դրվեց: Ասեմ, որ անսպասելի չէր: Ինչո՞ւ: Որովհետև ամերիկացի ժողովրդի մեջ կա քաղաքական մշակույթ, որի առաջին տեղում ազատության տենչն է: Հիմա ես հետընթացով կարող եմ ասել հետևյալը. ինչքանով հետևել եմ իրադարձությունների ընթացքին` Ամերիկայի ժողովուրդը կողմնորոշվեց վերջին երկու օրվա ընթացքում: Այդպես է լինում նաև Հայաստանում: Մեր ժողովուրդն ընտրություններում վերջնականապես կողմնորոշվում է վերջին երեք օրվա մեջ: Վերլուծաբանները, մասնագետները մի քիչ նեղվում են, որ չեն կարողացել կանխատեսել: Բայց այս դեպքում աշխատեց ամերիկացիների մտածելակերպի այն մեխանիզմը, որի մի շերտը դեմոկրատական գաղափարներն են, մյուս շերտը` հանրապետական: Ընտրություններն արտացոլեցին ամերիկացիների կարոտը հանրապետականների հանդեպ, ինչը նշանակում է առաջին հերթին Ամերիկայի հզորություն և մեկուսացում: Քանի որ Թրամփը խոշոր բիզնեսմեն է, ինձ նաև թվում է` նրա ուղեղի մեջ աշխատեց բիզնեսի ջիղը` արագ կողմնորոշվել, մարտի գնալ և խփել այն ժամանակ, երբ հաշվարկը ճիշտ է: Դրանից բացի` նաև ապացուցվեց, որ քաղաքականությունը շատ-շատ նման է թատրոնի, որտեղ դերակատարը խաղում է կամքի ազատությամբ: Դա շատ ավելի մեծ հնարավորություններ է տալիս, քան շախմատի սկզբունքը, որտեղ ամեն ինչ որոշակիորեն սահմանված է: Երբ մարդիկ քաղաքակա նության վերաբերյալ շախմատի կատեգորիաներով են մտածում, անսպասելիության գործոնը կա, իսկ թատրոնի պարագայում անսպասելի չեղավ: Դոնալդ Թրամփը կատարեց այն դերը, որի ընդունակությունը բիզնեսի աշխարհից ուներ:

- Մի աննախադեպ բան է տեղի ունենում` Ամերիկայի քաղաքացիներն ընտրված նախագահի դեմ բողոքի ցույցեր են անում:

- Հասարակության հսկայական շերտերի համար նրա լինելը ձեռնտու չէ: Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, այդ ընդվզումը ոչ թե նրա համար է, որ ընտրութ յունների արդյունքները կեղծվել են, այլ` ուղղակի համաձայն չեն, որ Թրամփն է ընտրվել: Դա չեն ուզում Հիլարի Քլինթոնի օգտին քվեարկողները, իսկ մի հսկայական զանգված էլ ընտրություններին չի մասնակցել: Սակայն ոչ մեկը չի ասում` ընտրություններն անարդար են. ո´չ, դրանք եղել են լեգիտիմ և լեգալ, և հայաստանյան զեղծարարութ յուններին ոչ մի նմանություն չունեն:

- Դուք հենց առաջին օրն ասացիք` Թրամփն ընտրվեց, ուրեմն Հայաստանի հույսը մնում է Աստված: Ի՞նչ նկատի ունեիք:

- Այո, Հայաստանի համար լուրջ խնդիրներ են առաջանում, և դա կապված է Ռուսաստանի հետ: Եթե Թրամփի խոստացածի նման հանրապետականները Պուտինի հետ մերձ հարաբերություններ սկսեն, դա կարող է նշանակել, որ այսպես, կոչված, Կովկասյան տարածաշրջանը պիտի հանձնվի Ռուսաստանի տնօրինությանը: Սա տարբերակ է, որի մասին խստագույն ձևով պետք է մտածել: Հանրապետականները մեկուսացողներ են` իզոլյացիոնիստներ, և եթե որոշեն Կովկասյան տարածաշրջանում, որն իրենց համար միշտ էլ շատ կարևոր դեր չի ունեցել, եղած ակտիվությունն էլ թուլացնելով` կարող է իրենց փոխարինող ընտրեն դաշնակից Թուրքիային:

Իսկ մենք ինքներս հակազդելու ոչ մի ներուժ չունե՞նք:

- Կունենայինք, եթե ինչպես ես կոչ էի արել` անկախ որևէ հանգամանքից` կանգնեինք դեմոկրատական կուսակցության թեկնածուի կողքին: Բայց մեր ժողովրդի մեջ քաղաքական մտածողությունը 10 դոլարի արժեքը չունի: Ամեն մեկն իր հասկացածով է գործում: Այս դեպքում Ամերիկայի հայությունը, լոբբիստական կառույցները այսպես ասած փայտյա երկաթի դերը խաղացին: Կարևոր չէ, որ Հիլարի Քլինթոնը պարտվեց, եթե նրա թեկնածությունը պաշտպանած լինեինք, կմնայինք պարտվածի ընկեր, իսկ հիմա ոչ մեկի ընկերն էլ չենք: Թե´ Մոսկվայում, թե´ Ամերիկայում կտեսնեին, որ հայությունը ապրիլյան պատերազմից հետո քաղաքական կազմակերպված կամք է դրսևորում: Անկարելի է, որ ազգն աշխարհում ուժ ունենա և այդ ուժը չցուցադրի: Քաղաքականության մեջ բացառապես գնահատվում է ուժը և նրա ցուցադրությունը:

- Այժմ էլ լրատվություն է տարածվել, որ Սի-Էն-Էն-ին տված իր առաջին հարցազրույցում Թրամփը հայտարարել է, թե Ռուսաստանին պետք է Հյուսիսային Կորեայի նման մեկուսացնել:

- Եթե այդպես լինի, դա մեզ համար հաջողություն կլինի: Իսկ ես իմ պարտքն եմ համարում զգուշացնել հնարավոր վտանգավոր տարբերակից, որն առաջանում է հանրապետականների պարագայում: Տարբեր սխեմաներ կան, և կա մի հիմնախնդիր, որը մենք պիտի հասկանանք: Միացյալ Նահանգները Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոպական Միության երկրների` հատկապես Գերմանիայի, Ֆրանսիայի հետ աշխարհակարգի բաղադրիչներն են կազմում: Եվ նրանց մեջ եղած հարաբերությունները կազմակերպելիս Թրամփը` որպես հանրապետական, կհետևի Հենրի Քիսինջերի օրինակին: Ուրեմն ինչ էլ լինի` շատ բան է փոխվելու: Պետք է նկատի ունենալ, որ հանրապետականները քաղաքական ռեալիստներ են, իսկ քաղաքական ռեալիզմից դեպի ռեալպոլիտիկը մեկ քայլ է: Ռեալպոլիտիկը հիշեցնում է առաջին համաշխարհային պատերազմից առաջ Գերմանիայի քաղաքականությունը, որտեղ բարոյական նորմատիվները ցնդում են: Դա հանրապետական կուսակցության քաղաքական պլատֆորմի տարր է: Դեռ պետք է ձևավորվի ԱՄՆ-ի կառավարությունը, որի կազմում շատ կարևոր են պետքարտուղարը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը և պաշտպանության նախարարը: Երբ սրանց ազգանունները հայտնի կլինեն, մենք կկարողանանք կողմնորոշվել, թե հանրապետականները մոտավորապես ինչ քաղաքականություն կսկսեն վարել: Ի տարբերություն դեմոկրատների` հանրապետականները մարդու իրավունքներին նվիրված չեն, նրանց համար դա գլխավոր հարց չէ: Վերը ասածներս հաստատելու համար մի օրինակ բերեմ. 1970-ական թթ. ԽՍՀՄ-ը հանրապետականների կտրուկ գործողությունների փորձը չհասկացավ, բանի տեղ չդրեց, երբ հանկարծակի քայլերով 1972 թ. և 73 թ. մերձեցան Չինաստանի հետ: Դրանից անմիջապես հետո ԽՍՀՄ-ի անկումն սկսեց: Ռուսները դրան բոլորովին չէին սպասում: Իսկ ես ասում եմ` քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է: Գալով մեզ` ասեմ, որ մեր տարածաշրջանում և մեր երկրում ռուսների վարքագիծը քչից-շատից հավասարակշռվում է ամերիկյան ուժով: Եվ եթե որոշեցին դուրս գալ, վտանգն այստեղ է: Մեկ այլ վտանգ է Թրամփի խոստումը` վերանայել Իրանի հետ քաղաքականությունը, այսինքն նորից պատժամիջոցներ կիրառել: Սրանք այն փաստերն են, որոնք քաղաքագետին թույլ են տալիս նման կանխատեսում անելու:

Մենք բոլոր դեպքերում ուշադիր պետք է հետևենք զարգացումներին և բացառապես պաշտպանենք մեր ազգային պետական շահը: Մի բանաձև էլ ասեմ` այս իրականության մեջ մեզ համար մեկ կայուն բան կա` Հայաստանը կոնստանտ է, այսինքն անփոփոխ մեծություն, մնացած ամեն ինչը ֆունկցիա է: Սա ասում եմ նրա համար, որ ենթադրվում է` գոնե մի կես տարի իրադարձությունների հարափոփոխ ընթացք է լինելու, և մենք այս կերպ կարող ենք կողմնորոշվել: Ամերիկայում հանրապետականների իշխանության գալը նշանակում է փոփոխություն ամերիկյան երկու աշխարհայացքների, երկու պլատֆորմների, երկու մտածողության միջև: Ասում են` մեծ բան չի փոխվելու: Բայց Հայաստանի վրա Ամերիկայի անգամ փոքրիկ փոփոխությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ: Այդպես կլինի նաև Ռուսաստանի համար:

Որոշ ժամանակ առաջ աշխարհի տարբեր երկրներում ապրող մեծանուն հայ գործիչներ հայտարարեցին «Գլոբալ հայերի» հռչակագրի մասին` կոչ անելով ամբողջ աշխարհի հայության ներուժը ծառայեցնել հայրենիքին: Դա մեզ ի՞նչ կարող է տալ:

- 25 տարի է` ես էլ եմ ասում` եկեք Հայաստանը զարգացնենք: Նշված կոչը պետք է անշահ լինի և Հայաստանի Հանրապետությանը մինչև վերջ նվիրումով, այլ ոչ թե այնպես լինի, որ դրանից հետո իրենց եղբայրներին բերեն, թե պետք է խորհրդարանի պատգամավոր դառնան: Այժմ Հայաստանի զարգացման մեխը, բանալին մեր անկախության սերնդի ձեռքին է: Դեռևս չի երևում, թե «Գլոբալ հայերն» ամեն ինչ Հայաստանի շահերի համար են անում: Ավելի լավ կանեն` փողը դնեն արտադրության մեջ, ոչ թե կազինոներ կամ այդ կարգի հաստատություններ հիմնեն: Թող մեր հանրակրթական դպրոցը զարգացնեն, ոչ թե մի քանի տաղանդավոր երեխայի առանձնացնելով` տանեն արտասահմանում սովորելու` նպաստելով ուղեղների արտահոսքին: Գոնե դրսում սովորելու նախապայմանը լինի` կրթությունն ավարտելուց հետո Հայաստան վերադառնալը: Ես դեմ չեմ, թող Հայաստանը զարգացնեն: Հայաստանը պետք է լինի գիտաարդյունաբերական համալիր: Այստեղ առաջին կարգի գիտնական էլ կա, գիտություն էլ կա, ամեն ինչ էլ կա, մեր երկիրը գավառ չէ: Հայաստանի համար ով մի լավ բան անի, շատ լավ է, բայց կարևոր է, որ դա արվի ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում և բեռն էլ ճիշտ ձիու վրա դրվի:

Արմենուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ