Նախկին միսիս Թրամփի ակնկալիքը


Ամերիկայի նորընտիր նախագահի առաջին կինը Նահանգների 1-ին տիկին չհասցրեց դառնալ, բայց կարծես թե վստահ է, որ երբեմնի ամուսինն իրեն աչքաթող չի անի` պաշտոնների կարկանդակը բաշխելիս:

Իվանա Թրամփը հույս ունի նշանակվել Չեխիայում ԱՄՆ դեսպան: Իր այս ակնկալիքը նա բարձրաձայնել է The New York Post թերթում` չգիտես Դոնալդի՞ն, թե՞ ընթերցողներին հիշեցնելով, որ ինքը ծնվել է Չեխոսլովակիայում և լավ տիրապետում է չեխերենին:

Սրանով հանդերձ` Իվանան հատուկ նշել է, որ ինքն աշխարհում ճանաչված է իր գրքերով և նախկին ամուսնու ազգանվան կարիքը չի զգում: Իսկ դեսպան դառնալու մասին նրա հայտարարությանն արդեն արձագանքել է պաշտոնական Պրագան. Չեխիայի նախագահի մամլո քարտուղարն ասել է, որ այդ նշանակումը «հրաշալի ընտրություն կլինի»:

Իվանա և Դոնալդ Թրամփները համատեղ ապրել են 15 տարի և ամուսնալուծվել են 1992 թ. (հիշեցրել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը):