Ճանապարհ դեպի գեղարվեստ


Առաջին գործը, որը հստակ պատկերայնությամբ տարբերվում է մանկական խզբզոցից, ծաղիկներով ծաղկամանի նկարն է` թվագրված 1984 թ.: Կարելի է ասել, որ դեպի գեղարվեստ Արթուր Հովհաննիսյանի ճանապարհը հենց այդ մանկական թոթովանքով է կանխորոշվել: Երկուսուկես տարեկանում: Նորաբողբոջ, բայց տարիքի համեմատ հասուն ընկալմամբ` մատիտով, ջրաներկով, գուաշով պատկերում էր իրենց ընտանեկան կենցաղը, ծնողներին, բնության ու բակային կյանքի տեսարաններ, տարբեր կենդանիներ: Մայրական արխիվում խնամքով պահվող նկարչական ալբոմն ասվածի խոսուն վկայությունն է:

Ծնողները, գիտելիքների համակողմանի հարստացմանը զուգահեռ, հետևողականորեն զարգացնում են այլևս կասկած չհարուցող բնատուր շնորհը: Հենց նրանց ջանադրությամբ էր, որ երբևէ նկարչական պարագաների, բարենպաստ պայմանների, մտահորիզոնի համաչափ ընդլայնման խնդիր չունեցավ: Նույնիսկ դժվարահաճ 90-ականների հակամշակութային թոհուբոհում: Արցախյան ազատամարտի թեժ օրերին քաղաքային կյանքի առերևույթ թվացյալ նրա խաղաղությունն էլ լցվեց մարտադաշտի տագնապներով, որոնք իրենց գունագծային, կոմպոզիցիոն խոհազգացական արտացոլումը գտան ֆիդայիների, ռազմական դրվագների կորովի պատկերներում: 5 տարեկանում արդեն մասնագիտության այբուբենն էր ուսանում Գեղագիտութ յան ազգային կենտրոնում: Առաջին իմաստուն ուսուցչի` ընկեր Պավելի հանդեպ տածած որդիական զգացմունքներով, ինքնարտահայտման սրված պահանջով ու նախանձելի աշխատասիրությամբ հորդում էր ստեղծագործական ներշնչանքը:

Նորամուտ արդի հայ կերպարվեստ

Հընթացս հայտնվեց կենտրոնի տնօրեն Հենրիկ Իգիթյանի ուշադրության կենտրոնում և 1993-94 թվականներից մինչև երջանկահիշատակ արվեստագետի կյանքի վերջին օրերն ակնածանքով ապավինեց նրա բարեկամության կայացնող ներուժին: Հենց Իգիթյանի բազմափորձ խորագիտությամբ մեծաթիվ նկարներից ընտրվեցին լավագույնները, և ձևավորվեց դրանց առանձին ցուցադրությունը: Եվ 1997-ի մայիսի 13-ին հիմնանորոգված թանգարանը վերաբացվեց 13-ամյա Արթուր Հովհաննիսյանի առաջին անհատական ցուցահանդեսով` մնայուն հետագիծ թողնելով թե´ Գեղագիտության ազգային կենտրոնի, թե´ նորահայտ գեղանկարչի ստեղծագործական տարեգրության մեջ: Յուրովի ամփոփվեց տաղանդավոր պատանու ստեղծագործության մանկության շրջանը: Առաջաքայլը հստակվեց Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնա րանում: Տքնաջան յուրացնելով մասնագիտացման ակադեմիական դասերը` փորձում էր պահպանել մոտ մեկ տասնամյակ ավագների ուղղորդմամբ ձևավորված աշխատաոճը: Ուսումնարական 5 տարիներից 2-ը բավական եղան, որ պատրաստ լինի Գեղարվեստի ակադեմիա ընդունվել:

«Երգչախմբի» հաղթարշավը

Առաջին անհատական ցուցահանդեսին հաջորդած յուրաքանչյուր նոր հանրային ցուցադրություն նոր փորձություն էր դառնում, ինքնահաստատման փորձառություն: Շրջափուլային նշանակություն ունեցավ Գեղարվեստի ակադեմիայում վերջնականապես ձևավորմանը համընթաց ՀՆՄ Նկարչի տանը, Ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում, գործող մյուս բոլոր, նաև` մասնավոր ցուցասրահներում կազմակերպվող ցուցահանդեսներին մասնակցությունը:

2003-2004 թվականներից սկսվեց ավելի բեղմնավոր ստեղծագործական շրջան: Առաջին գործը, որ համընդհանուր ուշադրության արժանացավ և ճանաչում բերեց` ներկայացվելով նաև հանրապետական ու միջազգային մի շարք հեղինակավոր ցուցահանդեսներում, «Երգչախումբն» էր: Թեմա, որի հանդեպ նրա հետաքրքրությունը մինչ օրս չի մարում: Ապա` կերպարային բնութագրականությամբ շատերին տպավորված «Մսագործը»: 2003-ին կազմակերպված հանրապետական երիտասարդական 2 ցուցահան դեսներում ներկայացրած կտավների համար ստացավ «Լավագույն գեղանկարչական աշխատանքներ» և «Ոսկե ներկապնակ» մրցանակները: 2006-ին արժանացավ ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի: Ստեղծագործության կենտրոնում միշտ մարդն էր մնում` առօրյա հոգսերով ու երազանքներով, տարբեր հոգեվիճակներում ու իրադրություններում («Մանրավաճառ», «Գրիգոր Լուսավորիչ», «Ծաղկավաճառ», «Սրճարան»... «Զարթոնք», «Ամուսնություն», «Պատարագ», «Պարկապզուկ նվագողը», «Շուկայում», «Համերգ», «Բերդ պարը», «Մետրո», «Պիղատոս» և այլն): 2007-ին Մոսկվայի Նկարիչների կենտրոնական տանը ԱՊՀ 12 երկրների «Սալոն 2007» միջազգային ցուցահանդեսում մեկի փոխարեն 4 գործով էր ներկայացված, կրում էր «21-րդ դարի երիտասարդություն» խորագիրը:

Քրիստոսի տարիքի նախաշեմին

2009-ին Վենետիկի 53-րդ միջազգային բիենալեում ծնվում է վենետիկյան պատկերաշարը, որը պահվում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու թանգարանում: Ստեղծագործելուն համընթաց 2010-ին ավարտում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ասպիրանտուրան: Արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան է ստանում Մեծ Եղեռնից մազապուրծ փրկված և Լատինական Ամերիկայում հաստատված նախնիների շառավիղ Խորեն Տեր-Հարությանի` հանիրավի ստվերված բազմաժանր արվեստը ներկայացնող ատենախոսությամբ: Սկսում է դասավանդել կյանքի անբաժանելի մասնիկը դարձած Գեղարվեստի ակադեմիայում: Համագործակցելով «Արամե» պատկերասրահի հետ` մշտապես ցուցադրվելուց զատ ստացել էր նաև իր արվեստով ապրելու հնարավորություն` հարկադրված չլինելով պատվիրատուի կամքին ենթարկվելու: «Կիևը ԱՊՀ երկրների երիտասարդ նկարիչների աչքերով» ներկայացուցչական համաժողովում, հատկապես տաճարների վեհաշուք տպավորություններով, ծնվում է կիևյան պատկերաշարը: 2 անհատական ցուցահանդես է ունենում Բոստոնում: Ավելի վաղ բազմիցս ցուցադրվել էր Նյու-Յորքում, Սինգապուրում: Ապա եղավ Բեյրութում, Աստանայում, Ստամբուլում, Բարսելոնում, Անդորրայում և այլուր, հարստացավ աշխարհապտույտ շրջագայություններով և ավելի լայն միջազգային ճանաչում գտավ: Նրա կերպարվեստը ֆիլմերի, հաղորդաշարերի կենտրոնական թեմա դարձավ: Հիմա, երբ Քրիստոսի տարիքի նախաշեմին է, մոտ 50 միջազգային, հանրապետական խմբակային և անհատական ցուցահանդեսներով արդեն հաստատել է իր ձեռագրի ինքնատիպությունն արդի կերպարվեստի ասպարեզում:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ