Նոր անունը` Սիմ Այֆոն


Սովորաբար ծնողներն են իրենց երեխաներին անվանակոչում: Երեխաներն էլ, մինչև իրենց անվան լավն ու վատը հասկանալը, վարժվում են դրան: Իրականում վատ անուններ չկան. միայն երբեմն արտառոց են լինում դրանք, և ծայրահեղ դեպքերում այս անվանակիրները հրաժարվում են ծնողների «ճաշակից»:

Երկու ուկրաինացիների արարքը, սակայն, ասվածի շրջանակներում չի տեղավորվում: Ոչ էլ` մարդկային տրամաբանության:

Այս երկուսն իրենց անուն-ազգանունները փոխել են հանում iPhone 7 սմարթֆոնի. խելոք հեռախոսի խաթեր` խելահեղ քայլի են դիմել: Հիմա նրանց անձնագրերում ազգանունը նշված է Այֆոն, անունը` Սիմ: Եվ այս զոհաբերությունը հանուն անվճար iPhone 7-ի է: Ակցիայի կազմակերպիչը` բջջային հեռախոսներ վաճառող ցանցերից մեկը, երևի չի էլ գիտակցել, որ այդպիսով նսեմացնում է իր հայրենակիցներին, ու դեռ ևս 3 զոհ է որոնում. ծրագրված է 5 սմարթֆոն բաշխել անունուրացներին:

Առաջին հաղթողներն այսպիսով, այսուհետ «մեծարվելու» են որպես Այֆոն Սիմ Նիկոլաևիչ (ծնված 1988 թ., Տյումենի մարզում): Նույնանուն երկրորդի հայրանունը Ստանիսլավ է, 20 տարեկան. նրա տվյալները դեռևս ճշգրտվում են:

Լավ է գոնե, որ հնարամիտ iPhone-ավաճառները հայրանունների դեմ ծաղրակռիվ չեն սկսել. դիցուք` անվճար լիցքավորման սարք կամ հեռախոսի պատյան ստանալու համար էլ հայրանունը պետք է փոխել…