149 բնակարան. շատ է, թե՞ քիչ


Զարմացողներ էլ կլինեն, իհարկե, բայց ընչաքաղց օլիգարխ-պաշտոնյաները կթառանչեն` իմանալով, որ չինական Նանչան քաղաքի դատախազության բաժնի պետի տեղակալն իր հարազատների հետ մեկտեղ 149 բնակարան է ունեցել: Շտապենք փարատել նրանց նախանձը. այդ բոլոր բնակարանների ընդհանուր արժեքը կազմում է ընդամենը 110 միլիոն յուան (մոտավորապես 16,9 միլիոն դոլար):

Հետաքննության վարկածով` Սյույ Լինբաոն (այդպես է պաշտոնյայի անուն-ազգանունը) իր փեսայի` ոմն Լուն Յուեու-ի հետ համաձայնության գալով, խարդախության միջոցով վարկային քարտերով Նանչան քաղաքի բանկերից մեկում 96 միլիոն յուանի (մոտ 14,2 մլն դոլար) վարկ է ձևակերպել և դրանով ձեռք բերել այդքան անշարժ գույք:

Ինչպես նշել է «Սինա» էլեկտրոնային պարբերականը` Սյույի գործընկեր դատախազներն արդեն նրան ձերբակալելու հրաման են արձակել: Իրավապաշտպաններն էլ, իհարկե, արդեն սկսել են հետաքննությունը:

Խարդախության միջոցով հարստանալը ծանոթ մոլուցք է, չէ՞: Երևի մեզանում ևս նրանց ախորժակը շուտով կսկսեն զսպել: