ԹԻՐԱԽ. Հիմա էլ` Հայոց պետականությունը


Հայաստանի վերանկախացմանը հաջորդած առաջին տարիներին շատերը չէին հասկանում ու ընկալում նժդեհականության գաղափարները: Եվ դա հասկանալի էր, քանի որ քչերն էին կարդացել: Գուցե հենց դա էր պատճառը, որ իր իշխանավարման տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանն ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա հռչակեց: Ազգային անկախ հանրապետության նախագահ դարձած խորհրդային լեզվաբան-գիտնականն ազգայնական գրականությունից անտեղյակների շարքում էր մնացել: Մինչդեռ հիմա` մոտ քսան տարի անց, այս անտեղյակությունը ոչ միայն անգրագիտության է նմանվում, այլ նաև տգետ դիտավորություն է դառնում: Սա միայն ապազգային, լիբերալ-կոսմոպոլիտ լինելու հետևանք չէ: Ցանկության դեպքում դժվար չէ հասկանալ, որ ցեղակրոնությունը բարոյաքարոզչական ուսմունք է, որի նպատակը հայ ազգի արժեքային համակարգը հզորացնելն ու առողջ պահելն է: ԼՏՊ-ն հենց այս ամենը հասկանալու ցանկություն չունի: Նույնիսկ չի էլ ըմբռնել, որ նժդեհյան ցեղակրոնությունը ծնվել է անկախ Լեռնահայաստանում 1918 թվականին: Հետևաբար, ցեղակրոնությունը որևէ կերպ չի առնչվում իտալական կամ գերմանական ֆաշիզմին ու նացիզմին, Մուսոլինիի կամ Հիտլերի սոցիալ-շովինիզմի գաղափարախոսությանը: Եվ եթե ԼՏՊ-ն ցեղակրոնությունը ռասիզմ է որակում, ապա դա կարող է միայն դիտավորության արդյունք լինել: Իսկ նման դիտավորություն կարող է ունենալ Հայաստանի քաղաքական դաշտում գործող միայն այն անձը, ով արտաքին պատվեր է կատարում: Ամենավնասակարն ու վտանգավորը նրա գործողություններում մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ու պաշտպանվածությունն ապահովող բանակին հասցեագրած վարկաբեկումներն են: Սա քաղաքական պայքարի, առավել ևս` իշխանության հետ ընդդիմադիր մրցակցության ձև չէ, այլ պարզ թշնամական վերաբերմունք ու գործունեություն պետության, պետական կառույցների ու բանակի դեմ: Ճիշտ նույն բառապաշարը, գործելաձևն ու նպատակներն են Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններում, նրանց քարոզչական հայտարարություններում ու լրատվական կայքէջերում: ԼՏՊ-ն չի քննադատում, այլ նենգամտորեն փնովում է ամեն հայկականը, ինչպես դա անում են թուրքերն ու ադրբեջանցիները: Հետևաբար, նա օտար կառույցների է ծառայում: Անհանգստության ու տագնապի մեկ այլ պատճառ էլ կա: Պայքարի այս տարբերակն ընտրելու համար անձը պետք է բավական ցածր արժեքներ դավանի, անտեսի ազգային արժեհամակարգը: Սա գենային դրսևորում է: Հետևաբար, ԼՏՊ-ի գենոտիպում հայկականը քիչ է կամ ընդհանրապես չկա: Ի վերջո, պետք է հասկանալ, որ ազգային արժեքները նա փորձում է փոխարինել կեղծ արժեքներով. ճիշտ այնպես, ինչպես իշխանավարման տարիներին ինքը ազգայինը «կեղծ կատեգորիա» հռչակեց£ Պատերազմական իրավիճակում ապրող պետության համար սա ուղղակի վտանգ է: Նա փորձում է խարխլել, քանդել բոլոր այն կառույցները, որոնց վրա հիմնված է մեր ազգային պետությունը: Պատահական չէ, որ թիրախ են դարձել Հայոց բանակը, Հայոց եկեղեցին, Հայոց պետականությունը: Այսօր ՀԱԿ-ը ԼՏՊ-ի առաջնորդությամբ փաստացիորեն հակապետական քարոզչություն է իրականացնում` ոչ միայն յուրովի շարունակելով ադրբեջանաթուրքական պրոպագանդան մեր երկրի ներսում, այլ նաև գործում է նույն արտաքին կենտրոնի թելադրանքով: Արմատական ընդդիմության դիմակով ներկայացող ուժը բնավ քննադատական կեցվածք չունի, նպատակ չունի սոցիալական կամ տնտեսական որևէ խնդրի լուծման այլընտրանքային տարբերակ առաջարկել, իսկ միայն պետական համակարգը վարկաբեկելով, կեղծ ու հնարածին տեղեկատվություններ տարածելով` երկար չես կարող վստահություն շահել: Պատահական չէ, որ ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի առանց այն էլ սակավաթիվ ցուցարարները նրա հակազգային ելույթը մինչև վերջ չուզեցին լսել ու հեռացան: Ժողովուրդը շատ պարզ ցույց տվեց, որ դադարել է հավատալ մեկին, ով հանրությանը ցանկանում է համոզել, թե հայը ազգ չէ ու հայրենիք չունի: Ժողովուրդն առողջ բնազդով ինքն է մերժում ապազգայինը: Ավելին, անցած երեք տարիները բավարար էին` համոզվելու, որ ՀԱԿ-ը ոչ մի սոցիալական կամ հասարակական կարևորություն ունեցող խնդիր լուծելու փորձ անգամ չի ձեռնարկել, այլ միայն արտաքին պատվեր է կատարում: Գունավոր հեղափոխության ծրագիրը հակապետականով փոխարինելը ՀԱԿ-ին ոչ միայն զրկել է հասարակական աջակցությունից, այլ նաև քաղաքական նկարագրից:

ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ