ԳՆԱ°Ճ, ԳՆԱ°Ճ. ՄԻՆՉԵՎ Ու՞Ր
Գնաճը շարունակում է դատարկել մեր համերկրացիների` առանց այդ էլ անպարունակ գրպանները£ Ճիշտ է, նոյեմբերի 1-ից խորհրդանշական չափով բարձրացան կենսաթոշակներն ու նպաստները, սակայն առջևում ձմեռ է, ու միայն գազի կողոպտող գինը սպառնալի պատուհաս է (էլ չխոսենք սննդամթերքի և առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքների մասին)£ Իզուր չէ, որ գնաճը Հանրապետության մակարդակով, հասարակության հիմնախնդիրների շարքում զբաղեցնում է պատվավոր երկրորդ տեղը: Վերջապես այսօրվա մանր և միջին ձեռնարկատերերը չեն կարողանում ապահովել և° իրենց, և° իրենց աշխատակիցներին այնպես, որ կարողանան «տակից դուրս գալ»: Գնաճի դեմ պայքարելու ուղղությամբ ծրագրերին ծանոթանալու ակնկալիքով դիմեցինք մի խումբ պատգամավորների: Այսօր ամենից շատ ի՞նչն է խանգարում ժողովրդին և դժվարեցնում կենսակերպը: Հովհաննես ՍԱՀԱԿՅԱՆ. Հայաստանի Հանրապետական կուսակցություն - Հավատի և վստահության բացակայությունը. երբեմն օրենքները կատարյալ են լինում, բայց օրենքների կիրառումը կամ անմիջական օրենքը կիրառողների մոտ այդ հավատն ու վստահութ յունը չկա: Ամենաառաջինը ես կնշեի հավատը` որպես ժողովրդի կյանքը բարդացնող գործոն: Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - Սոցիալական վիճակը, կարծում եմ, բավարար չէ, և, բնականաբար, բնակչության գերակշիռ մասի ստացած եկամուտները չեն համապատասխանում միջին սպառողական զամբյուղին£ Մենք սոցիալական լուրջ խնդիր ունենք: Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «Ժառանգություն» խմբակցություն - Ես կարծում եմ` ժողովրդի կենսամակարդակի և ապրելու վրա ազդող մի քանի հանգամանքներ կան£ Առաջինը ցածր աշխատավարձերն են և գործազրկությունը: Աշխատավարձերի ցածր լինելը ես այլ բառերով կասեմ` եկամուտների բևեռացում£ Այսինքն, երբ գումարների մեծ մասը գտնվում է մեծ սուբյեկտների ձեռքում, իսկ մնացած մասն` ամբողջ ժողովրդի£ Գործազրկությունը պայմանավորվում է մի շարք հանգամանքներով` սկսած անառողջ տնտեսական դաշտից` մինչև համապատասխան օրենսդրության բացակայություն: Շատ մեծ է նաև կոռուպցիայի մակարդակը: Երկրորդ պատճառը, կարծում եմ` գնաճն է, քանի որ քաղաքացիները լրացուցիչ մեծ գումարներ են ծախսում չիրականացված ծառայության կամ գնված ապրանքի համար: Գաղտնիք չէ, որ մեզանում հիմնական առաջին անհրաժեշտության ապրանքներն ու սննդամթերքը մոնոպոլ դաշտում են գտնվում և նրանց գնագոյացումը տեղի չի ունենում բացարձակ շուկայական մեխանիզմների հաշվին, այլ բացառապես` մոնոպոլ տրամաբանության շրջանակում£ Հայաստանում արտադրվող ապրանքն այստեղ ավելի թանկ է վաճառվում, քան արտահանելու դեպքում: Եվ, իհարկե, ժողովրդի կենսամակարդակի վրա ազդում է ընդանրապես կառավարման համակարգը£ Արտյուշ ՇԱՀԲԱԶՅԱՆ. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար - Եթե մեկ բառով ասենք` ոչ օրինական փոխհարաբերությունները, որոնք գոյություն ունեն քաղաքական, տնտեսական դաշտում և, ընդանրապես, մեր կենսակերպի մեջ: Վիկտոր ԴԱԼԼԱՔՅԱՆ. անկախ պատգամավոր - Կան բազմաթիվ հանգամանքներ, բայց ես կառանձնացնեի 2-ը: Առաջինը ժողովրդի սոցիալական ծանր վիճակն է, որը խորանում է պարբերաբար տեղի ունեցող թանկացումների արդյունքում և երկրորդը (ես այդ հարցին Ազգային Ժողովի հայտարարությունների ժամանակ անդրադարձել եմ)` Հայաստանի ժողովրդագրական աղետալի վիճակը£ Նորանկախ Հայաստանի ամբողջ պատմութ յան ընթացքում` 1990-ից մինչև այսօր, Հայաստանից արտագաղթել է ավելի քան 1.5 մլն մարդ, որը հավասարազոր է 1915թ.-ի Ցեղասպանության ժամանակ կոտորված հայերի թվին: Այս երկու հիմնախնդիրները չափազանց մտահոգիչ և անհանգստացնող են£ Եթե ավելի փիլիսոփայորեն հարցին մոտենանք, ապա մարդկության պատմության երկու կարևոր` հացի և իրավունքի խնդիրները Հայաստանում լուծված չեն: Այսինքն` սոցիալական արդարության և մարդկանց իրավունքների պաշտպանության: Հայաստանը ոչ լիարժեք ժողովրդավարական և ոչ էլ լիարժեք սոցիալական պետություն է£ Մեկ թիվ ընդամենը հրապարակեմ` Համաշխարհային բանկի տվյալներով ՀՆԱ_ի 35-40% -ը ստվերային է, այսինքն` տարեկան մոտավորապես 3 միլիարդ դոլար գողանում են ժողովրդից£ Այդ է պատճառը, որ թոշակները չնչին են` դա վերաբերում է 530.000 մարդու£ Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ… Իրոք տխուր է վիճակը: Ինչպե՞ս եք վերաբերվում գնաճին: Ձեր խմբակցությունը արդյո՞ք չի մտածում մշակել գնաճը զսպելու մեխանիզմ, կանխելու դրա այսչափ հափրումը: Հովհաննես ՍԱՀԱԿՅԱՆ. - Գնաճը ոչ միայն մեզ մոտ է, այլ նաև միջազգային շուկայում. պարզապես մեզանում հավասարաչափությունը ավելի քիչ է, որն իհարկե վատ երևույթ է: Այդ անհամաչափությունը վերացնելու համար էլ գործում է Տնտեսական մրցակցության հանձնաժողով, որը վերջերս խոսեց այն մասին, թե երբ կաթը չի թանկացել, ինչո՞ւ է պանիրը թանկացել: Այդ առնչությամբ որոշակի դիտողություններ և առաջարկություն եղան, որպեսզի շուկան կարգավորվի: Ես կարծում եմ, որ պետք է ավելի խիստ, կոշտ մեթոդներով շուկան կարգավորել: Մեր տնտեսվարող սուբյեկտների գիտակցության մակարդակը ևս պետք է բարձրանա` հասկանալու համար, որ պետք չէ օգտվել բոլոր առիթներից ու միայն սեփական գրպանը լցնել. պետք է նաև ժողովրդի մասին մտածել: Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ. - Մենք վերջին քառօրյային բարձրացրեցինք նվազագույն աշխատավարձի շեմը` դարձնելով 32500 դրամ, չնայած, սպառողական զամբյուղը հաշվարկված է 43000: Իհարկե, ես հասկանում եմ, որ ո°չ 30000-ը, ո°չ 32500-ը, ոչ էլ 40000-ը, բնականաբար, բավարար չեն` քիչ թե շատ նորմալ ապրելու համար: Եվ այս պայմաններում պարզապես անթույլատրելի է մոնոպոլիաներ սահմանած որոշ տնտեսվարողների կողմից այս կամ այն մթերքի թռիչքաձև գնային աճը: Կարծում եմ, որ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը խիստ աչալուրջ պետք է լինի, այլ ոչ թե ինչ-որ խորհրդանշական պատիժներ կիրառի օրինախախտների նկատմամբ, որոնց համար այդ սիմվոլիկ տուգանք մուծելը նրանց օրական եկամուտի 0.001 տոկոսն է£ Շատ ավելի լուրջ պատժամիջոցներ պետք է կիրառվեն, որպեսզի վերջիններս հասկանան, որ չի կարելի այսպիսի ծանր սոցիալական պայմաններում ապրող մարդկանց հաշվին հարստանալ: Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - Իհարկե, ես շատ ուրախ եմ, որ դուք նման հարցով նաև «Ժառանգության» պատգամավորներին եք դիմում, ինչպես ամբողջ աշխարհում, մեզանում էլ մեծամասնությունն է որոշում կարևորագույն հարցերը: Չեմ կարծում, թե ինչ-որ հանձնաժողով պետք է ստեղծվի, որը կկանխի այս գնաճը: Հանձնաժողով պետք չէ. կան բազմաթիվ գործիքներ` գնաճը կանխելու համար£ Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողով, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով, վերջապես` կառավարություն, իրավապահ համակարգ, հարկային մարմիններ և այլն: Այս ամբողջի արդյունքում է, որ բնականաբար տեղի է ունենում և° գների կարգավորում, և° տնտեսական ու հարկային համապատասխան քաղաքականություն, և° կոռուպցիայի դեմ պայքար: Փաստորեն այս ամբողջ համալիր միջոցառումների արդյունքով է, որ հնարավոր է իրավական դաշտ ձևավորելով` համապատասխան շուկայական գին սահմանել ապրանքի և ծառայության համար: Ինչը այս պահին բնականաբար չկա, և «Ժառանգությունն» այդ լծակները չունի£ Մեր պայքարը դեռ շարունակվում է, և մենք ոչ միայն մեր մտահոգություններն ենք արտահայտում, այլ նաև լուծումներն ենք առաջարկում£ Օրինակ` նվազագույն աշխատավարձի հետ կապված£ Միայն այն դեպքում քաղաքացու շահը կսպասարկվի, երբ քաղաքացին հենց ինքն է ձևավորում իշխանությունը և ոչ թե օլիգարխիան: Արտյուշ ՇԱՀԲԱԶՅԱՆ - ժամանակին մենք հարց ենք բարձրացրել հակակոռուպցիոն մարմին ստեղծելու վերաբերյալ: Առիթներ ունեցել ենք ասելու, որ Հայաստանում տիրող տնտեսական, սոցիալական խնդիրների արմատները ոչ թե արտաքին, օբյեկտիվ են, կապվում են համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ և այլն, այլ` առաջին հերթին այն իրավիճակի հետ, որ Հայաստանում կա: Ավելի կոնկրետ` ունենք հսկայական ստվերային շրջանառություն, հսկայական կոռուպցիա, որի մեջ թաթախված է երկիրը և որը թույլ չի տալիս բացահայտելու իրական եկամուտները£ Սա մեզ համար հիմնական խնդիր է: Լուրջ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի հնարավոր լինի կազմաքանդել ստեղծված արմատական համակարգը, օրինականացնել և° բիզնեսը, և° տնտեսական հարաբերությունները, և° հովանավորչությունը, և° կոռուպցիան, կարողանալ իսկապես իրական եկամուտը, երկրի իրական տնտեսական շարժը ծառայեցնել հասարակության կարիքներին£ Այդ դեպքում մենք կունենանք շատ ավելի մեծ բյուջե, շատ ավելի արդյունավետ գործող տնտեսական համակարգ, ու հետևաբար կարող են լուծվել նաև խնդիրները: Մենաշնորհային տնտեսությունն է, որ կամայական գներ է թելադրում: Շատ դեպքերում մեզ մոտ գոյություն ունեցող գները ոչ մի տրամաբանության ենթակա չեն և ոչ մի զուգահեռներ չունեն միջազգային շուկայում տիրող գների հետ: Կառավարությունը վճռական, արմատական միջոցներ պիտի ձեռնարկի, որպեսզի զսպի դրանք: Մենք` որպես սոցիալիստական կուսակցություն, 20 տարի ասում ենք, որ պետությունը` անունը դնելով լիբերալ տնտեսություն, լիբերալ քաղաքականություն, մի կողմ քաշվեց: Փաստորեն սա մի պատրվակ կամ հնարավորություն էր, որպեսզի պետությունը ձեռքերը լվանար և չտեսնելու տար, թե ինչ է կատարվում` ճանապարհ բացելով բոլոր արատավոր երևույթների համար: Այնինչ պետությունն ինքը պետք է հիմնական ձեռնարկատեր, բաժնետեր լինի երկրում£ Կան ռազմավարական նշանակության ապրանքներ, որոնց եթե նույնիսկ ոչ մենաշնորհը, ապա գոնե վճռական դերակատարումը պետությունը պետք է ունենա, որպեսզի կարողանա գին թելադրող դառնալ: Պետությունը ինքը պետք է կարողանա ազդել շուկայի վրա, սակայն այսօր նա այդպիսի գործառույթ չի ստանձնում և փորձում է գին սահմանողներին էլ արդարացնել£ Վիկտոր ԴԱԼԼԱՔՅԱՆ - ժողովրդի սոցիալական մակարդակին այսօրվա իշխանությունների ձեռնարկած գործունեությունները համարժեք չեն: Այսինքն` թանկացումները, գնաճը բազմապատիկ անգամ տեղի են ունենում, բայց նոյեմբերի 1-ից միայն 2500 դրամով են բարձրանում թոշակները և նպաստները: Դրա հետ կապված հարց է ծագում` կառավարության որևէ անդամ կամ իշխանության որևէ ներկայացուցիչ կարո՞ղ է այդ 2500 դրամ հավելավճարով կամ թոշակով գոյատևել, իհարկե` ո°չ: