Փերիների հեքիաթասացը


Մարդկության ամբարած կենսական իմաստնության վաղնջական բանահյուսական ակունքներում XXI դարի Երկիր մոլորակի քաղաքացուն նախաստեղծ բանական գեղեցկությանը վերադարձ նելու հոգևոր կերակուր գտնելու հավատով Լողելին Քյոնիգը (Ֆրանսիա) վարակեց սիբիրյան հեքիաթի իր ուրույն մեկնաբանությամբ£ Երբ նրա «Քամին» բացեց Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) ծնունդ առած «Մեկ քառակուսի մետր» հինգերորդ թատերափառատոնի «վարագույրը», շատերս հմայվեցինք ֆրանսուհի հեքիաթասացի կատարողական ինքնատիպությամբ£ Հրաշալի ձայնով ծորացնելով ժողովրդական հինավուրց պատումի խորքից, ասես, բխեցված լեյտմոտիվը` նորահայտ ասքերգուն ժլատ արտահայտչամիջոցներով առաջ տարավ հանդարտ խոսքը£ Լեզվական վեր բարձրացող պատնեշով, ցավոք, խորթացավ շուտով£ Ակնկալված խորհրդապաշտական խրատաշունչ ներգործությունը, սակայն, լիարժեքացավ անմիջական փոխշփմամբ£ Եվ տպավորվեց Լողելին Քյոնիգը որդեգրած կենսագործունեության հետամտած առաքելությանը հավատարմությամբ ու հաստատակամությամբ£ Երգ ու պարով առլեցուն մանկության հուշածալքերում խորթ մոր մասին առաջին հեքիաթի ամբողջացման անհագ ձգտումով է գուցե ուղղորդվել կյանքի ուղին դեպի ժողովրդական բանահյուսության գանձանակի պարունակության «պեղումները»£ Կարծրասիրտ ժամանակակիցների ներաշխարհը իմաստուն գեղեցկության ներարկումներով գունեղացնելու ներազդու հնարքների սեփական երանգապնակը ձևավորելու ջանադրությամբ թափ է առել փնտրտուքը£ Համագործակցելով տարբեր բանասացների, հոգեբանների ու ազգագրագետների հետ` հղկել է ձայնը, մարմինը, միտքը£ Հանդիսատեսային ընկալմամբ ճշգրտվել է նախընտրած բանահյուսական կերտվածքների մատուցման արտահայտչամիջոցների գամման£ Ներկայիս խաղացանկի 50-60 հեքիաթապատումների համարժեք ձայներանգավորմանը մեծապես նպաստել են հնդկական ավանդական «Խյալ» երաժշտության և Ռոյ Հարթի ձայնամշակման տեսության հետազոտությունները£ Պարով ու թայ շի շուանով «մարզումներով» հեզաճկուն են դարձել բեմական շարժումը, դյուրաթեք` կեցվածքն ու արտահայտիչ` դիմախաղը£ Աշխարհի ժողովուրդների բանահյուսության գոհարների իմացության բուռն հետաքրքրությամբ էլ 2005¬ին հիմնեց «Բագան» կազմակերպությունը, որի հիմնախնդիրն Կովկասի տարազգի մշակույթի բացահայտումն ու նորաշունչ հանրաճանաչումն է£ Նաև` անթաքույց ձգտումը` հետխորհրդային ամենապայթյունավտանգ տարածաշրջանում հոգևոր-մշակութային ընդհանուր դաշտի որոմազերծմամբ խաղաղ արարչագործությունը վերահաստատելով արնածոր հակամարտությունները ժամ առաջ կասեցնել£ Հենց այդ նկատառումով էլ, երևի թե, գտնված հեքիաթներից առանձնակի գրավիչ դարձավ վրացական «Դևը», որի ենթաշերտերի վերհանմամբ բազմիցս հանդես եկավ Թբիլիսիում ծավալած եվրոպական կրթական ծրագրի շրջանակներում£ Ինքնահատուկ մեթոդով ներկայացվող պատումը, հիմնառանցքի պահպանմամբ, նորանոր ինքնաբուխ «վերահանդերձավորմամբ» չի կորցնում թարմությունը թե Լողելին Քյոնիգի, թե նրա տարաշերտ հանդիսատեսի համար£ Հայրենիքում լայն տարածում գտած բանասացության մատուցման բազմատեսակությունից նախապատվությունը տալով երբեմնի ժողովրդական ասքերգության պարզ ու խորունկ ոճին` նա կաղապարված հենքից խորհրդանիշ¬հերոսներով շահեկանորեն տարանջատվող «փերիների հեքիաթներով» է փորձում նրբացնել ու ազնվացնել մարդկանց հոգիները£ Որակական ինքնահղկմամբ` ընդունելի է դառնում թե մանուկների, թե մեծահասակների համար£ Այժմ, երբ իրեն հարազատացած Երևանում է նույն առաքելությամբ հաստատվել, հուսանք` շուտով կգտնի մեզ` հայերիս համար նույնիսկ աննկատ մնացած մեր ազգային էպոսի իմաստնության նոր նրբերանգներ£ Գայթակղված «Սասնա ծռերի» անպարփակ հոգևոր հարստությամբ` գուցե ի զորու լինի գոտեպնդել մեզ իր բացահայտած Սասունցի Դավթի հերոսական նորակերտ կերպարով£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ