Ի՞ՆՉ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԻ  ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ


 

Ինչպես գիտենք, քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը հրավիրվել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն: Նրան հրավիրել են Ազգային գրադարանի հիմնանորոգման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: ԲՀԿ խմբակցությունից մամուլին տեղեկացրել են, թե հրավիրել են մասնագիտական խորհրդատ վության... Այս վերջին մեկնաբանությունն, անկեղծ ասած, ծիծաղ է հարուցում, որովհետև ինչու՞ պիտի արդեն նախկին նախարարին հրավիրեին մասնագիտական խորհրդատվության, եթե նման դեպքերում ոստիկանությունը դիմում է անկախ փորձագետների, համապատասխան փորձագիտական կառույցների: Պարզ է ու հասկանալի, որ Վարդանյանն առայժմ հրավիրվել է գոնե վկայի կարգավիճակով, քանի որ հիմնանորոգման ընթացքում ահռելի գումարներ են փոշիացվել, եթե չասենք` հափշտակվել` պետությանը ահռելի վնաս հասցնելով: Իսկ Վարդանյանը եղել է նախարար, ա´յն պաշտոնյան, ով պարտավոր էր անմիջական հսկողություն սահմանել շինարարության նկատմամբ: ԲՀԿ խմբակցությունից ասում են.

- Եվ եթե մենք տեսնենք, որ որոշակի մտահոգիչ խնդիրներ կան կամ խնդիրներ, որոնք իրավական հարթությունից դուրս են, բնականաբար, անպայմանորեն կարձագանքենք: Վարդան Վարդանյանը, վստահ եմ, ասելիք ունի այս գործերի հետ կապված:

Ստացվում է, որ կան ինչ-որ խնդիրներ, որոնք առայժմ «ջրի երես» չեն հանվել, իսկ դրանց առթիվ Վարդանյանն ասելիք ունի... Ուրեմն` կա´ն հանգամանքներ, որոնք առայժմ թաքցնում է Վարդանյանը: Հիշեցնենք պարոն Վարդանյանին, որ իմանալ և չհայտնելը ևս քրեական հանցագործություն է, ինչի համար պատիժ է սահմանված...