ՀԵՏՄԱՀՈՒ ԱՆԱՐԳԱՆՔ 


 

Եղիշե Չարենցի դստեր` բանասիրական գիտությունների դոկտոր Անահիտ Չարենցի բողոքներն ընդդեմ գրականագետ Դավիթ Գասպարյանի կազմած «Գիրք մնացորդացի»` հասել են իրենց նպատակին: Նախարարությունն արգելել է գրքի վաճառքն ու մնացած տպաքանակը հանձնել Չարենցի տուն-թանգարանին ի պահ:

Չարենցի դստերն ու գրական աշխարհի մարդկանց զայրացրել է այն հանգամանքը, որ գրականագետ Դավիթ Գասպարյանը հրատարակել է մի շարք ստեղծագործություններ, որոնք Չարենցը չի նախատեսել տպագրության համար: Ավելին, այդ գրքում գրականագետը վարկաբեկիչ տեղեկություններ է հրապարակել մեծ բանաստեղծի մասին` իբր դրանք հերքելու նպատակով: Գրքի առաջաբանում գրականագետը, ինչպես հատուկ է իր գրչին, հեռանալով գրականագիտական քննությունից, վիրավորանքներ է հասցրել Ավետիք Իսահակյանին, Գևորգ Էմինին, ուրիշների:

Մասնավորաբար, գրքում տեղ գտած այն խոսակցությունները, թե Չարենցն ունեցել է միասեռական հակումներ, չէր կարող չզայրացնել Չարենցի պոեզիայի երկրպագուներին ու նրա ընտանիքի անդամներին: Վերջիններս էլ պատրաստվում են դատ բացել գրականագետի դեմ, ով յուրովի «սեփականաշնորհել» է Չարենցին, արգելք դրել բոլոր նրանց առջև, ովքեր զբաղվում են Չարենցի արխիվներով և ձեռագրերով: Օգտագործելով Կոմկուսի կենտկոմում աշխատելու տարիներին իր ձեռք բերած փորձը անվտանգության մարմինների հետ աշխատելու ոլորտում, Դավիթ Գասպարյանը կարողացել է մուտք գործել արխիվներ, իսկ արխիվային նյութերն այսօր օգտագործում է իր քմահաճույքով և ցանկություններով:

Այժմ Դավիթ Գասպարյանն ամենուրեք հայտարարում է, թե գրքի վրա արգելանք է դրվել, թե հանիրավի իր աշխատանքին քաղաքական գնահատական են տալիս: Գրահրատարակչական գործի ազգային գործակալության տնօրեն և Գրողների միության քարտուղար Էդվարդ Միլիտոնյանն այս առիթով ասել է.

- Ի˜նչ արգելանք, գրականագետը բառերը պետք է ճիշտ օգտագործի… Չարենցն ունի ժառանգներ, ժառանգնե´րն են բողոքել: Եվ հետո դա արգելանք չէ, տպաքանակի մի մասը թանգարանին է հանձնված, ինչպես Չարենցն է կտակել: Եթե խոսում է նման բաներ, ուրեմն իրեն կպատասխանվի ինչպես հարկն է, ինքը պիտի ամոթ ունենա: Ինքն ուղղակի խայտառակ է արել Չարենցին... Դավիթ Գասպարյանն ո՞վ է, որ իրեն Չարենցից բարձր համարի ու իբր լավություն անի Չարենցին: Բանաստեղծի ընտանիքը վիրավորված է: Իբր Չարենցին միասեռականությունից, թե չգիտեմ ինչից ուզել է փրկել, բայց ավելի խայտառակ բաներ է արել…Ի դեպ, ինքը այդքան գիրք ունենալով, ասում է որտեղից են գրքերը վաճառվում: Այ, սա էլ է հարց…