Երեխեքին մի´ հարբեցրեք


 

Օ˜ մարդիկ, օ˜ բարքեր` կասեր փիլիսոփան: Ոմանց կարող է զարմացնել, բայց անգլիացիներին չի զարմացրել երկրի գլխավոր սանիտարական բժշկի խորհուրդը` 15-ից ցածր տարիք ունեցող երեխաներին ոգելից խմիչքներ չտալ: Սըր Լիամ Դոնալդսոնը նաև հայտարարել է, որ առաջիկայում իշխանությունները հանդես կգան համապատասխան հանձնարարականով:

Ինչպես հաղորդել է «Բի-Բի-Սի»-ն` այդ քայլին դիմել են այնժամ, երբ պարզվել է, որ 13 տարեկան բրիտանացիների առնվազն 20 %-ը միջին հաշվով շաբաթական 2 անգամ սպիրտային խմիչքներ է օգտագործում:

Պետության այս մտահոգությունն օրինաչափ է, բայց տարօրինակն այն է, որ գործող օրենքով` ծնողներն իրավունք ունեն 5 տարեկանից սկսած` իրենց զավակներին ոգելից տալ:

Թերևս` դա այնքան էլ օրենքով կարգավորվող խնդիր չպետք է լիներ. բայց կարգավորել ասածն էլ առանձնապես լուրջ չէ: Մի՞թե ծնողը 5, 6, 7… տարեկան իր զավակին կարող է ալկոհոլ մատուցել` եթե նույնիսկ նորին մեծություն օրենքն է դա արտոնում: Սա մենք ըմբռնել չենք կարող:

Ստացվում է, որ իշխանությունների հանձնարարականը պարտադիր կատարման ենթակա չի լինի, քանզի հակասում է օրենքին:

Անգլիացի ծնողներին նաև խորհուրդ է տրվելու 15-ից բարձր տարիք ունեցող երեխաներին շաբաթը 1 անգամից ավել սպիրտային ըմպելիք չտալ և խիստ հսկողություն սահմանել իրենց զավակների վրա:

Փաստորեն երկրի իշխանություններին և բժիշկներին մտահոգում է հարբեցողության տարածվածությունն ու երիտասարդության շրջանում երիկամային հիվանդությունների ավելացումը: Նրանք գտնում են, որ իրավիճակը կարելի է շտկել, եթե անչափահասներին մանկուց չվարժեցնեն ալկոհոլին:

Մտահոգ են, բայց օրենքում փոփոխություն կատարելու մասին չեն մտածում: Իսկ որոշ ծնողներ և հետազոտողներ պնդում են, որ եթե երեխաներին մանկուց թույլ տան երբեմն խմել, ապա ալկոհոլը նրանց համար արգելված պտուղ չի լինի, ու կմարի հետաքրքությունը դրա հանդեպ: Ալկոհոլն արգելված պտուղ չէ, արդյունքներն էլ տագնապեցնող են: Բայց միայն իշխանություններին ու բժիշկներին: