ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ ԴԵՄ` ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ 


 

Արդեն պարզ է դարձել, որ երեք տարի առաջ ՀԱԿ-ից գրեթե հեռացված և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներից մեկը դարձած Խաչատուր Քոքոբելյանը խաբեությամբ է տիրացել ԱԺ պատգամավորի մանդատին: Նա պայմանավորվածություն է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ` ընտրություններից հետո չվերցնել մանդատն ու այն զիջել որևէ երիտասարդի` ինչպես վարվել է Հովհաննիսյանը: Սակայն այժմ Քոքոբելյանը հրաժարվում է պայմանավորվածություններից և իրարամերժ հայտարարություններ անում, որոնք դժգոհություն են առաջացրել «Ժառանգության» շարքերում:

Այն, որ Քոքոբելյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև եղել է նման պայմանավորվածություն` հաստատել է նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` պնդելով, թե ինքը ներկա է եղել այն խոսակցությանը, որի ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածությունը: Ուրեմն, նախկին ՀՀՇ-ականն իսկապես անազնիվ կեցվածք է որդեգրել` չկամենալով հրաժարվել պատգամավորական արտոնություններից և բարձր աշխատավարձից: Չնայած նրան այդ աշխատավարձն այնքան էլ պետք չէ, որովհետև, մեր ունեցած տվյալներով, նրան է պատկանում Օպերային թատրոնի մերձակայքում գտնվող սրճարաններից մեկը, որից նա հսկայական եկամուտներ է ստանում:

Հիմա «Ժառանգությունը» պատրաստվում է «Ազատ դեմոկրատների» հետ քննարկել հարցն ու Քոքոբելյանին զրկել մանդատից: Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունում համոզված են, որ անազնիվ մարդիկ իրավունք չունեն ժողովրդի ընտրյալ կոչվելու:

Ի հաստատումն ասվածի` ներկայացնենք ԶԼՄ-ներին ուղարկված 2 հայտարարությունները.

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հայտարարությունը

Ցավում եմ, որ իմ բացակայության ընթացքում իմ գործընկեր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարությամբ էր հանդես եկել` նշելով, թե իբր մենք համատեղ պայմանավորվա ծություն ենք ունեցել վայր դնելու պատգամավորական մանդատները: Այս հայտարարությամբ, պարոն Հովհաննիսյանը մեզ համար անհասկանալի պատճառներով սեպ խրեց մեր միասնական թիմի միջև: Պետք է նշեմ, որ Ազատ դեմոկրատների կողմից արվել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի միասնական թիմի պառակտում տեղի չունենա, այդ իսկ պատճառով ես ցանկացա մինչ հայտարարությամբ հանդես գալը հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ` խնդրահարույց հարցերը հստակեցնելու նպատակով:

Տեղեկացնում եմ, որ մանդատներից հրաժարվելու վերաբերյալ պայմանավորվածություն իմ և պարոն Հովհաննիսյանի միջև չի եղել, ավելին` ազատական ուժի համարում ունեցող քաղաքական մարմինը չի կարող մանդատը վերցնել-չվերցնելու որոշումը կայացնել երկու անձի քննարկմամբ, առավել ևս` միանձնյա: Մանդատից հրաժարվելու հարցը չի կարող կախված լինել մեկ անձի քմահաճույքից` դա քաղաքական լուրջ վճիռ է, որը կարող էր տեղի ունենալ բացառապես քաղաքական քննարկման, քաղաքական իրավիճակի փոփոխության և մեր քաղաքական թիմերի քննարկումների արդյունքում: Բնականաբար, ես նման որոշման, առավել ևս` պայմանավորվածության չէի կարող գնալ` հաշվի առնելով իմ հարգանքը կոլեգիալ որոշման և համաժողովրդական քվեի գերակայության նկատմամբ:

Տեղին եմ համարում ևս մեկ անգամ հղում անել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության սույն թվականի մայիսի 13-ի որոշմանը, որտեղ վարչությունը միաձայն որոշում է կայացրել, որ «Ազատ դեմոկրատներ»-«Ժառանգություն» միասնական համամասնական ցուցակում «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչների տեղերը չեն կարող փոփոխության կամ տեղաշարժի ենթարկվել:

Ավելորդ չեմ համարում նաև տեղեկացնել, որ «Ազատ դեմոկրատներ»-«Ժառանգություն» դաշինքի շրջանակներում երկարաժամկետ համագործակցության պայմանավորվածություն է եղել, այդ թվում` առաջիկա նախագահական ընտրություններում միասնական թիմով հանդես գալու հարցում: Սակայն, ներկա իրավիճակում, հաշվի առնելով ստեղծված միջկուսակ ցական խնդիրները, հայտարարում եմ, որ ֆորմալ առումով մնալով ԱԺ Ժառանգություն խմբակցության անդամ, այս պահից սկսած ես որևիցե պատասխանատվություն չեմ կրում խմբակցության գործողությունների համար և կաշկանդված չեմ խմբակցության որոշումներով:

Ընդսմին, վերահաստատելով «Ազատ դեմոկրատներ»-«Ժառանգություն» դաշինքի գաղափարական սկզբունքներին մեր հավատարմությունը, հայտարարում եմ, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, որոշում կայացնի նախագահական ընտրություններում իր առաջադրման վերաբերյալ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը` համաձայն մեր երկու թիմերի միջև եղած քաղաքական համաձայնության, պատրաստ է սատարել և աջակցել նրան:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն

11 հոկտեմբերի, 2012թ., ք. Երևան

 

Ցավում եմ, որ ընդդիմադիր դաշինքը կայացնելու մեր բոլոր ջանքերն ու ներդրումները հետևողականորեն փոշիացվում են անհասկանալի դրդապատճառներով

Ափսոսանք եմ հայտնում, Րաֆֆի Հովհաննիսյանի` պահի թելադրանքով արված, հուզական հայտարարության կապակցությամբ: Եվս մեկ անգամ հարկ եմ համարում հիշեցնել, որ ընդհանուր խմբակցության մաս կազմելը բնավ չի նշանակում անկախ քաղաքական ուժի մանդատների միանձնյա տնօրինում, մեկ այլ անհատի կողմից: Ցավում եմ, որ ընդդիմադիր դաշինքը կայացնելու մեր բոլոր ջանքերն ու ներդրումները հետևողականորեն փոշիացվում են անհասկանալի դրդապատճառներով:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյան