Արվեստի զոհերը.  9 հազար թիթեռնիկ


 

Կենդանիների պաշտպանները ցասման մեջ են. ճանաչված նկարին Դեմիեն Հերստը 9000 թիթեռնիկ է ոչնչացրել` դրանցով հագեցնելով իր ցուցանմուշները:

Բրիտանացի նկարչի խոշորագույն ցուցահանդեսը տևել է 6 ամիս` ապրիլից-սեպտեմբեր: «Սիրահարվել և դադարել սիրել» խորագրով ցուցադրությունը ներկայացնում էր առանց պատուհանների մի սենյակ` լցված թիթեռներով: Այնտեղ դրված էին նաև մրգերով լի ափսեներ և ջրով բաժակներ: Այցելուներին առաջարկվում էր շրջել սենյակում, ուր թիթեռներն ապրում են իբր իրենց բնական միջավայրին մոտ պայմաններում:

Ամեն շաբաթ այստեղ 400 նոր թիթեռ է բերվել` ոչնչացվածներին փոխարինելու: Դրանց մի մասը ոչնչացել է բնական մահով, մնացյալին կամա թե ակամա ոչնչացրել են այցելուները: Ընդ որում, բնական միջավայրում այդ թիթեռներն ապրում են մինչև 9 ամիս, բայց Դեմիեն Հերստի ցուցահանդեսում կենդանի ցուցանմուշ դառնալով` դրանք ապրել են մի քանի ժամից մինչև մի քանի օր: Ցուցասրահի տվյալներով` 23 շաբաթվա ընթացքում այստեղ ոչնչացել է 9 հազար թիթեռ (հաղորդել է NevΖ24-ը):

«Մարդիկ հանուն կենդանիների հանդեպ բարոյական վերաբերմունքի» կազմակերպությունը քննադատել է նկարչին` թիթեռներ սպանելու համար: Ակտիվիստները հիշեցրել են, որ բոլոր կենդանի էակների նման` թիթեռների մասին ևս պետք է հոգ տանել: Հիմա նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել թիթեռասպանին (տեղեկացրել է Vesti FM-ը):

- Եթե դրանք ցանկացած այլ կենդանի լինեին, օրինակ` շներ, ազգը կսարսափեր: Եթե թիթեռներ են` դա չի նշանակում, որ դրանք արժանի չեն հոգատար վերաբերմունքի,- իրենց պահանջը հիմնավորել են կենդանիների պաշտպանները: