ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՇՈՒՆԸ 3. ԵՐԲ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ԻՍԿԱՊԵՍ ՈՍԿԻ Է «Կայունություն և առաջընթաց»


Ընտրությունից ընտրություն ավելի ու ավելի հաստատուն է դառնում այն պնդումը, թե ընդդիմության միավորվելուն խանգարում է հենց ինքը` ընդդիմությունը: Այս թեման ներկայում դարձյալ ակտիվ քննարկումների առարկա է դարձել, որովհետև նախընտրական իրադարձությունները կրկին նույն փակուղային «ելակետին»` չմիավորվելուն են տանում: Ճիշտն ասած` արտառոց կլինի հակառակ գործընթացը, քանի որ միավորման նախադեպ պարզապես չկա: 1996-ին` Լևոն Տեր-Պետրոսյան-Վազգեն Մանուկյան «մեծ ճակատամարտին» համընթաց, երկու այլ ընդդիմադիր թեկնածուներ էլ էին Նախագահ դառնալու համար պայքարում, 98-ին զուգահեռ ընթացողների թիվն ավելի շատ էր, 2003-ին էլ նրանց թիվը փոքր չէր: Եվ այսպես շարունակ… Առաջիկա փետրվարին նախատեսվող քվեարկությունը նախորդներից չի տարբերվելու: Առավել ևս, որ արդեն իսկ տեսանելի ու ավելի բացահայտ են սկսում դառնալ ակտիվացած դերակատարների ընդգծվող ընտրական նկրտումները: Այս ֆոնի վրա բնավ էլ անհիմն չեն ուրվագծվող պարտության թեմայով վաղուց հնչող նախնական եզրահանգումները: Դժվար չէ նկատել նաև, որ ընդդիմադիր դաշտում անպատասխանատվության մթնոլորտը տարբեր տրամաչափի քաղաքական ուժերի առաջնորդներին աստիճանաբար հաշտեցրել է պայքարի անարդյունավետ տարբերակներից ցանկացածի հետ: Նրանցից յուրաքանչյուրը վաղուց հայտնվել է մի դիրքում, որից ցանկացած անհարմար շարժում կխաթարի քաղաքական համայնապատկերի ձևավորված ու անփոփոխ խճանկարը: Հենց սրա համար են երբեմն-երբեմն, իսկ ավելի ճիշտ` հնարավոր ճամփաբաժաններից առաջ ասպարեզ նետվում «հյուրեր ընդունելու», «թեյ խմելու» թեմաներով ծիծաղելի ինքնաար դարացումները: Ինչքան էլ շատ պնդեն, թե «ամեն ինչի մեղավորն իշխանություններն են», միևնույնն է, ցանկացած ընդդիմադիր առաջնորդի ավանդական կեցվածքի փոփոխության փորձերին, անկասկած, կխանգարի հենց նրա մերձավոր-կուսակցական շրջապատը: Բնազդաբար թե գիտակցաբար, վերջիններս չեն հանդուրժի կանոնավորապես կերակրվելու հեռանկարի խաթարման և ոչ մի փորձ: Իսկ այս և նմանատիպ հեռանկարները հաջորդաբար իրականության են վերափոխվում` ապացուցելով, որ տղերքը հենց այնպես ոչինչ չեն անում: Կայունություն է պետք, չէ՞: Եվ կարևոր չէ` այն վերաբերում է սեփական անձի ու շրջապատի «համեստ» բարեկեցությա՞նը, թե՞ պարզապես ընթացիկ քաղաքական խնդիրներին: Խոստովանենք, որ հայրենի արմատականներից, բնականաբար, «ընթացիկ քաղաքական խնդիրների» կայունության անհրաժեշտության մասին շատ ենք լսել: Նրանք էլ հենց դրան են ձգտում: Պատահական զուգադիպություններ Քաղգործիչների` տարիներով անփոփոխ կազմ ունեցող մի խումբ կա. առանց որոնց արդեն դժվար է պատկերացնել ներքաղաքական գործընթացները: Լավ է դա, թե վատ` մեծ հաշվով էական չէ: Իրողությունն այն է, որ Արշակ Սադոյանի, Շավարշ Քոչարյանի, Արամ Գասպարիչի և էլի մի շարք համանման սահմանափակ հնարավորությունների տեր քաղգործիչներ կանոնավորապես ձգտում են բոլոր ընտրությունների ավանգարդում հայտնվել: Չնայած պատճառների բացակայությա նը` վերջիններս այս շրջանում նույնպես չեն խուսափում ինքնադրսևորման փորձերից: Այս անգամ, սակայն, չպետք է անտեսել, որ նշյալ գործիչները ճամբարափոխության համար մեղադրվելու, առավել ևս դավաճանի պիտակ կրելու խնդիր բոլորովին չունեն: Նրանք, ինչպես ասում են, շարունակում են գնալ իրենց ճանապարհով: Դե իսկ եթե այդ ճանապարհը նրանց այդպես էլ ոչ մի տեղ չի տանում` արդեն այլ հարց է: Տվյալ դեպքում պատահականորեն ընտրված մոտեցումները ընդամենը համընկնում են իրավիճակային ցանկություններին: Լռության գինը Լ. Տեր-Պետրոսյանի ոչ այն է հրապարակային, ոչ այն է կիսագաղտնի գործունեությունն, ըստ էության, միտված է երկու նպատակի. ա) Շոշափել հիմնական հենարանի` ՀՀՇ-ի և արբանյակ կուսակցությունների հնարավորություններն ու պատրաստակամությունը. բ) ճշտել պոտենցիալ դաշնակիցների վերաբերմունքը. ինչու չէ, նաև հանրային տրամադրությունները: Ընդունենք, որ լավատես լինելու հիմքեր ճշգրտումներից հետո էլ չկան, ինչն էլ նախկին Նախագահին առաջիկայում կստիպի համապատասխան որոշում ընդունել: Իսկ ի՞նչ շահեց Լ. Տ.-Պ.-ն իր անձի շուրջ հանկարծակիորեն բռնկված և արդեն մարող աժիոտաժից: Թերևս ոչինչ: Եթե հաշվի չառնենք, որ ավելի որոշակիորեն արձանագրվեց վերադարձի աննպատակահարմարությունը, հասարակական պահանջարկի բացակայությունը: Ահա թե ինչով էր արժեքավոր Լ. Տեր-Պետրոսյանի լռությունը, և ինչու էր լռության գինն այդքան բարձր: