ԹԻՎ 106-Ը


106-ը Թուրքիայում, հավանաբար, այսուհետ կորակվի որպես չարագուշակ թիվ: Անցած շաբաթ ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողո վը, չնայած Թուրքիայի գործադրած` հուսահատության հասնող ջանքերին, ձայների մեծամասնությամբ (27 կողմ) ընդունեց թիվ 106 բանաձևը` 1915 թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու մասին: Այդ շաբաթ համայն հայության և, սխալված չենք լինի, եթե ասենք` միջազգային հանրության ուշադրությունը սևեռված էր ԱՄՆ կոնգրեսի հիշյալ հանձնաժողովում այդ հարցի քննարկման ու քվեարկության ընթացքին: Բանաձևի ընդունման կասեցմանը չօգնեցին ոչ Նահանգների վարչակազմի զգուշացումը, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը կվնասի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին, ոչ էլ Թուրքիայի հորդորներն ու հիստերիայի հասնող սպառնալիքները… Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ թիվ 106-ը: Ջորջ Բուշն ասել էր, թե բանաձևի ընդունումը կխոչընդոտի ահաբեկչության դեմ պայքարին: Իրականում այն կարող է Բուշի ասածի հակառակ ազդեցությունն ունենալ: Ըստ էության, մենք բոլորս, ժամանակակիցն ու ականատեսն ենք աշխարհընկալման, ապրելակերպի երկու սկզբունքների միջև ընթացող պայքարի: Այդ սկզբունքներից մեկը մարդու և ազգերի իրավունքների ու ազատությունների, ընդհուպ` կյանքի ստորադասումն է ինչ-ինչ գաղափարների: Հենց սրանով են առաջնորդվել Ալ-Քաիդա ահաբեկչական կազմակերպության գրոհայինները, երբ «Ալլահ աքբար» կանչելով հոկտեմբերի 11-ին ինքնաթիռներն ուղղել են դեպի Նյու Յորքի երկվորյակ երկնաքերները` ջիհադի գաղափարին զոհաբերելով և° իրենց, և° հազարավոր մարդկանց կյանքը: Այդ նույն մտասևեռումով է իրականացվել նաև Հայոց ցեղասպանությունը: Մյուս սկզբունքն առաջնային է համարում մարդու կյանքը, ազատությունները, ինչով առաջնորդվում և ապրում է առաջադեմ ողջ մարդկությունը: Հենց սրան տուրք տալով` Գերմանիան ընդունեց Հոլոքոստի փաստը` ներողություն խնդրելով հրեա ժողովրդից: Ու դրանով էլ առաջնորդվելով, եվրոպական երկրները ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Իհարկե, դրանում իր դերն ուներ նաև պետական շահը, բայց բոլոր դեպքերում ժողովրդավարական ուղին ընտրած աշխարհը, մեծ հաշվով, չէր կարող ինքն իրեն դեմ գնալ` շրջանցելով մարդու կյանքի իրավունքի գերակայությունը: Այլապես, օրինակ, Ֆրանսիան տեղի կտար Թուրքիայի տնտեսական սանկցիաների սպառնալիքներին: Իհարկե, Թուրքիայում գիտակցում էին, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը միայն Եվրոպայով չի սահմանափակվելու, և ամեն անգամ ջանադրաբար պայքարում էին դրա դեմ: Հիմա ԱՄՆ-ի հերթն է, և դարձյալ Թուրքիան հուսահատ քայլերի է դիմում` ընկնելով ծայրահեղությունների գիրկը, ինչը ավելի շատ կարող է վնասել հենց իրեն: Թուրքիայում կոչ են անում բոյկոտել ամերիկյան ապրանքները: Բայց դրանց մեծ մասն արտադրում են թուրք-ամերիկյան համատեղ ընկերությունները: Բոյկոտելով այդ արտադրանքը` Թուրքիան, տնտեսապես վնասում է ինքն իրեն: Սա վնասի տնտեսական կողմն է: Իսկ ռազմաքաղա քական առումով, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սառեցումն ավելի լուրջ վտանգներ է պարունակում Թուրքիայի համար: 106 բանաձևի ընդունումը չի կարող խթանիչ ազդեցություն չունենալ քրդական ազատագրական արդեն ակտիվացող պայքարի վրա: Թուրքիան քրդական վտանգը կանխելու համար զորքեր է կենտրոնացնում սահմանին` սպառնալով ներխուժել Հյուսիսային Իրաք: Սա` այն դեպքում, երբ ԱՄՆ դաշնակիցներն արդեն սկսել են Իրաքից դուրս բերել իրենց զորամիավորումները: Արևմուտքը հասկացել է, որ Իրաքը պետք է ղեկավարի տեղի իշխանությունը, այլապես այնտեղ խաղաղություն չի հաստատվի: Բացի այդ, Իրաքում խաղաղության հասնելու համար Միացյալ Նահանգները ստիպված է համագործակցել քրդերի հետ: Մինչդեռ, Իրաք Թուրքիայի ներխուժմամբ Մերձավոր Արևելքում մի նոր պատերազմ կսկսվի, ինչը ոչ մի կերպ չի տեղավորվում Արևմուտքի շահերի շրջանակում: Սակայն պաշտոնական Անկարան այսօր բարձրաձայնում և գործուն քայլեր է ձեռնարկում իր տարածքով Իրաքում ամերիկյան զորքերի «մատակարարումը» դադարեցնելու ուղղությամբ: Իսկ այս պարագայում ԱՄՆ-ը կփորձի օգտվել Մերձավոր Արևելքում իր մյուս դաշնակիցների, օրինակ, Սաուդյան Արաբիայի ծառայություններից: Բացի այդ, տարածաշրջանում կորցնելով Թուրքիայի աջակցությունը, Վաշինգտոնը ստիպված է լինելու հարաբերությունները կարգավորել Հայաստանի մյուս հարևանի` Իրանի հետ: Դա, ինչ խոսք, կարող է ամրապնդել վերջինիս դիրքերը տարածաշրջանում, ինչն իր հերթին բարերար ազդեցություն կունենա Հայաստանի համար: Այս ամենից զատ, 106 բանաձևի ընդունումը, թերևս, հայոց համար բարերար ներգործություն կարող է ունենալ նաև ղարաբաղյան հակամարտության հարցում: Թուրքիայում չեն բացառում, որ Հայաստանը 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարող է բարձրացնել նաև ՄԱԿ-ում: Այդ պարագայում, թերևս, շեշտվի, որ Արմենոցիդը 1921-23 թթ. շարունակվել է նաև Ղարաբաղում: Կարելի է ենթադրել, թե ինչ զարգացումներ կարող է ունենալ այդպիսի քննարկումը ՄԱԿ-ում: Այս կարգի վերլուծություններով կարելի է շատ հեռուն գնալ: Սակայն, չարժե իրադարձություններից առաջ ընկնել: Միայն նկատենք նաև` Թուրքիայում հնչում են կարծիքներ, թե ավելի անվտանգ կլիներ` եթե Թուրքիան ճանաչեր ու ընդուներ իր անցյալը և դեմ չգնար աշխարհին: Սակայն այսօրվա իր բռնած դիրքով Թուրքիան, ըստ էության, շրջվել է դեպի Ասիա` հեռանալով Եվրոպայից: Իսկ եվրոպական ընտանիքից հեռանալը, Թուրքիայում էլ հասկանում, ընդունում են, որ իրենց շահերից չի բխում:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ