ՊԱՇՏՈՆԱԿԱՆ


m ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն երեկ ընդունել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՖԻՖԱ-ի Եվրոպական երկրների զարգացման մենեջեր Եվա Պասկելը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Վարչապետը ողջունել է աշխարհահռչակ Յոզեֆ Բլատերի եւ Միշել Պլատինիի այցը Հայաստան եւ շնորհակալություն հայտնել հայկական ֆուտբոլին ցուցաբերվող աջակցության ու հոգածության համար: ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի նախագահները նշել են, թե աջակցության ծրագրերն առանց ՀՀ կառավարության մասնակցութ յան, դժվար հաջողություններ ունենան եւ ընդգծել են հատկապես կառավարության կողմից խաղադաշտերի համար հողատարածքների անվճար հատկացման, գույքային այլ աջակցությունների, ֆուտբոլի ֆեդերացիայի օժանդակության նպատակով գործադրվող կառավարության ջանքերը: Համաշխարհային սպորտի շարժիչ ուժերից հանդիսացող ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի ղեկավարները երկուստեք նշել են, որ իրենց առաքելությունը եւ նպատակը բոլոր երիտասարդների, տվյալ դեպքում` հայ երիտասարդների համար ֆուտբոլ խաղալու հնարավորությունների ապահովումն է, այնպիսի պայմանների ստեղծումը, որ նրանք կարողանան այդ սպորտաձեւում լիարժեք ինքնաարտահայտվել: Վարչապետ Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել այսուհետ եւս, հնարավորությունների սահմաններում, ամեն ինչ անել` նպաստելու Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը, ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը իր ծրագրային քաղաքականությամբ մեծապես կարեւորում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացումը, երիտասարդների համար առողջ ապրելակերպի պայմանների ստեղծումը: Վարչապետը գոհունակությամբ է խոսել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ նրա ղեկավարի կողմից այդ սպորտաձեւի զարգացման նպատակով իրականացվող աշխատանքների մասին, միաժամանակ նշելով, որ ֆուտբոլը ցանկալի մակարդակի հասցնելու համար ակնկալիքներն ավելին են, եւ հետագա համագործակցությունը ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի հետ, աջակցությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ուղղվելու է այդ ակնկալիքների իրականացմանը: m Ի կատարումն ՀՀ նախագահի կողմից հաստատված ՀՀ պաշտպանական բարեփոխումների 2007 - 2015թ.թ. ծրագրի դրույթների, ս.թ. հոկտեմբերի 15-ին կայացավ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը լրամշակող գերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը` ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ - գնդապետ Սեյրան Օհանյանի նախագահությամբ: Հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացվեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագիծը: Հանսձնաժողովի նախագահ Ս. Օհանյանը հանձնարարեց հաշվի առնել քննարկման ընթացքում հնչած առաջարկներն ու դիտողությունները և նոյեմբերի 2-ին հրավիրել հանձնաժողովի նիստ` օրենքի նոր նախագիծը հաստատելու համար: