Նորից` քաղշահերի ժամանա՞կը


Իրազեկ աղբյուրների հավաստմամբ, երեկ «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում հանդիպման ընթացքում ՕԵԿ առաջնորդն ու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարևորել են ազատ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը և քաղաքակիրթ մրցակցության անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում, որին ներկա են եղել ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը եւ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, արծարծվել են ներքաղաքական իրավիճակին և Նախագահի առաջիկա ընտրություններին առնչվող հարցեր` բնականաբար` այդ ընտրություններում համագործակցության հենակետեր որոնելով: Հետաքրքիր է, նախկին բարեկամների` միմյանցից հիասթափությո՞ւնն է տեղի տվել, թե՞ վերստին քաղաքական շահախնդրությունն է առաջնորդում երկու նախկին պաշտոնյաներին: Տուժողները` նախահարձակ Հերթական ոտնձգությունը` լրագրողի դեմ, այն էլ` մասնագիտական պարտքը կատարելու համար: «Առավոտ» թերթում լրագրողը տպագրել է սպանության մեջ մեղադրվողի խոսքը: Ի դեպ` փորձված ու մանավանդ իրավական թեմաներով իր հրապարակումներով ճանաչված Ռուզան Մինասյանի մասին է խոսքը: Ասել է թե` հմուտ լրագրողուհին չէր կարող մերժել նաև հակառակ կամ, այս դեպքում` տուժող կողմի ներկայացուցիչներին: Բայց, ինչպես հայտնի է, վերջիններս նախընտրել են «ինքնադատաստանի» տարբերակը: Եվ խմբով ներխուժել են խմբագրություն` լրագրողին ուղղված սպառնալիքներով: Ռուզանն, իհարկե, փորձել է բացատրել, որ ցմահ ազատազրկման դատապարտվողն էլ չի զրկվում խոսքի ազատության իրավունքից: Սակայն հայհոյախառն սպառնալիքների տարափի ներքո «այցելու ները» լրագրողուհու ուղղությամբ շպրտվել են աշխատասեղանների վրայից ճանկած իրերը… Իհարկե, հնարավոր ավելի տխուր հետևանքները կանխվել են` սկզբում` խմբագրության, քիչ անց նաև` ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ: Կանխվել են` ի բարեբախտություն ոչ միայն ու թերևս ոչ այնքան արդեն գործով տուժող ճանաչված Ռուզան Մինասյանի, որքան գազանաբարո սպանության մեջ ուրիշին մեղադրող նախահարձակների: Երեկվա դրությամբ արդեն մեկ շաբաթվա վաղեմություն ունեցող միջադեպի մասին դեռևս նորություններ չուներ Ռ. Մինասյանը: - Այս պահին ես դեռ սպասում եմ, թե ինչ քննչական գործողություններ կկատարվեն: Առերեսումներ դեռ չեն եղել այն մարդկանց հետ, ովքեր գրոհել էին իմ աշխատասենյակ: Ոստիկանության հաղորդագրությունը հավանաբար կարդացել եք և նկատած կլինեք, որ կանացի վրեժխնդիր խմբի պատկեր է ստեղծվում. փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե հարձակվողները միայն կանայք են` վրեժխնդրությամբ համակված: Բայց դա այդպես չէ: Լավ կազմակերպված խումբ էր, և գրոհային տղամարդիկ, ովքեր հայհոյանքներով և ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներով էին ինձ ահաբեկում: Նրանք այս պահին ասես ստվերի ետևում են, չկան: Իհարկե, ինքս չեմ հանդուրժի նման սցենարը և որոշակի պարզեցումներից հետո կընտրեմ իմ մարտավարությունը: Սպասում եմ առերեսումներին: Ի դեպ, սա առաջին գործն է, որ քննչական խմբի մակարդակով է լինում. այսինքն և° մասնակիցներն են շատ, և° վկաները: Հարձակում ասեմ, թե ահաբեկչություն` թերևս այնքան էլ էական չէ, բայց հստակ է, որ այն խնամքով մշակված, ուղղորդված էր: Շնորհակալ եմ բոլորից` բարոյական աջակցության համար. նաև բարոյական այս սատարումն է ինձ համար խիստ կարևոր: Ես չէի սպասում, որ այդքան համակիր ընթերցողներ ունեմ, և այդ իրողությունն ինձ է°լ ավելի է պարտավորեցնում: Ընկճված չեմ, շարունակում եմ նույն ոգով: Նույնիսկ տուժողի կարգավիճակ կոչվածը չպետք է ընկճի մեզ. պետք է ազատ լինենք մեր երկրում: Էլի շարունակելու եմ նույն ոգով նույն հոդվածաշարերը տպագրել: