Բանակին վերաբերվիր` որպես սեփական օջախիդ


Պաշտպանության նախարարության զորամասերում կենցաղային հարմարությունների ստեղծումն ու ռազմական նոր օբյեկտների կառուցումը նպատակ ունի բարելավել զինվորների ժամկետային ծառայությունը: Վերջերս ՊՆ Քանաքեռի կապի գնդում շահագործման հանձնվեց նորակառույց կենցաղային համալիրը, որն իր մեջ ներառում է զորանոց, հարմարավետ ճաշարան, հանգստի սենյակ: Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը զորամասում կատարած շրջայցից հետո, շնորհավորելով զինվորներին, ասաց. - Այն, ինչ կառուցվել է, ձեզ և ձեզնից հետո եկողների համար է: Մեր նպատակն է, որ զինվորը ծառայի արժանավայել պայմաններում: Ընդունեք, որ սա ձեր սեփական օջախն է, այդպիսին պետք է լինի ձեր վերաբերմունքը: Նորակառույց շինությունները, կարծում եմ, զինվորների համար ամենակարևորագույն օբյեկտներն են: Հաջորդ տարվա համար նախատեսել ենք նույն աշխատանքներն իրականացնել մյուս զորամասերում ևս: Պայմաններն, իրոք, գրավիչ են, ինչն, անշուշտ, կնպաստի Հայրենիքին լիարժեք ծառայելու զինվորի գիտակցության բարձրացմանը: Չէ՞ որ դրանք զինվորի մարտունակությունը խթանող գործոններ են: Մեր երկիրը հետևում է տարածաշրջանային զարգացումներին, և Իրաքի վրա հարևան Թուրքիայի հարձակումը, բնականաբար, ցանկալի չէ, թեև Հայաստանի սահմանները հուսալիորեն պաշտպանված են: - Թուրքիայի հետ ունեցած մեր սահմանը պահպանում են Ռուսաստանի սահմանապահ զորքերը: Իհարկե, մենք հետևելու ենք, թե ինչ է կատարվում այնտեղ, մենք ևս պետք է պատրաստ լինենք ամեն ինչի: Բայց համոզված եղեք, որ նրանց քայլերը կապված չեն լինի Հայաստանի հետ: Այնուամենայնիվ, միշտ պետք է պատրաստ լինենք կատարելու այն, ինչը զինված ուժերի պարտականությունն է:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ