5. Հայրենիքը արյան մորմոք է, ոգու կարոտ


Հաջորդ Ազգային Արժեքը, որ միավորում է մեզ իբրև ազգային հավաքականություն, իբրև ժողովուրդ, մեր ոսկեղենիկ, մեր սքանչելի մայրենի լեզուն է, հայերենը , որ պետական լեզու է հռչակված Հայաստանի Հանրապետությունում: Միակ երկիրը, ուր մեր մայրենին օգտվում է պետական լեզվի կարգավիճակից` այսօրվա Հայաստանն է: Նաև` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը դեռ ճանաչված չէ համաշխարհային հանրության կողմից: Հայերենը, իր արևելահայ ու արևմտահայ գրական լեզուներով, իր բարբառներով ու այս մոլորակի տարբեր անկյուններում ապրող հայ ժողովրդի զավակների շուրթերին հնչող իր ամեն կարգի ելևէջներով, միայն հաղորդակցման միջոց ու մտածողության գործիք չէ մեզնից յուրաքանչյուրի համար: Հայերենը, հայոց լեզուն, շատ ու շատ ավելին է` դա մեր պատմության տարբեր շերտերի, մեր տարագիր բախտի բոլոր վայրիվերումների հիշողության շտեմարանն է, մեր ինքնության վկայականը, մեր ազգային միասնության հզորագույն կռվաններից մեկը` այժմ և առհավետ: Պահպանել հայոց լեզուն իր բոլոր ձևերով ու հնչումներով` նշանակում է հային հայ պահել թե° հայրենիքում, թե° Սփյուռքում: Ժողովրդի միասնությունը չի կարող լինել առանց լեզվի միասնության ու մայրենի լեզվի նկատմամբ հոգատարության: Նա, ով ինքն իրեն ազգությամբ հայ է գիտակցում, բայց արդեն չի¯ կարողանում խոսել մայրենի լեզվով կամ չի¯ կարողանում հասկանալ դիմացինի հայերեն խոսքը, արդեն կիսով չափ ուծացված, իր ազգային ինքնությունը կորցնելու վտանգին ենթակա անհատ է: Ընդսմին, լեզվի միասնությունը, իբրև ժողովրդի միասնության գրավական, ամենևին չի նշանակում…քերականությա¯ն միասնություն: Ահա ինչու անհեթեթ ու անիմաստ եմ համարում Հայաստանի անկախացումից ի վեր Հայրենիքում և Սփյուռքում ծայր առած ու մինչև հիմա չլռող բանավեճը, այսպես կոչված, «դասական» կամ «մեսրոպյան» ուղղագրության վերադառնալու շուրջ: Կարևորը լեզու¯ն պահպանելն է, ուղղագրությունը երկրորդական է: Ուղղագրությունը, դասական թե ոչ-դասական, լեզվի գրական վիճակի զարգացման արդյունքն է, ոչինչ ավելի: Ինքն իրեն հայ ժողովրդի զավակ գիտակցող ոչ մի անհատ այս մոլորակի ո°ր անկյունում էլ գտնվի` հայերեն խոսելիս ամենևին ուշադրություն չի դարձնում, թե ո՞ր ուղղագրությամբ է… խոսու¯մ: Ուղղագրությամբ չե¯ն խոսում, խոսում են....հայերե°ն, ամենագլխավորը դա° է: «Մարդ» բառն արտասանելիս ոչ մեկն իրեն հաշիվ չի տալիս, թե այդ բառի վերջին «դ» հնչույթը ինչպե՞ս է գրվում` «դ», թե՞ «թ»: Ամեն մեկն այդ բառն արտասանում է իր ձևով, իր արտասանական ապարատի առանձնահատկություններից ելնելով, և նրա համար գլխավորն այն է, որ իր հետ հայերեն խոսողը դրա իմաստը հասկանու¯մ է: Իսկ արևելահայերե՞ն է խոսում, թե՞ արևմտահայերեն, բարբառո՞վ է խոսում, թե գրական հայերենով, իր գրավոր խոսքում օգտվում է մեսրոպյա՞ն, թե՞ ոչ-մեսրոպյան ուղղագրության կանոններից` ոչ մի նշանակություն չունի: Ինձ համար թանկ ու հարազատ է ամե°ն հայերեն խոսք, իմ հոգու անգնահատելի և հավասարարժեք գանձերն են թե° Չարենցի ու Տերյանի, թե Վարուժանի ու Զոհրապի ստեղծագործությունները: Արևելահայ ու արևմտահայ գրական լեզուներով ստեղծված ամբո¯ղջ վիթխարի ու սքանչելի գրականությունը մեր համազգային հարստությունն է: Ի՞նչ կարևոր է, թե հեղինակներից յուրաքանչյուրը ի՞նչ ուղղագրություն է գործածել` իր հրաշալիքներն ստեղծելիս: Մանավանդ որ փա¯ռք Աստծո, թե մեկը, թե մյուսը լիովին հասկանալի ու հոգեհարազատ է յուրաքանչյուրիս: Դնել «քերականության միասնականացման» խնդիր` կարող են և պետք է անեն միայն և միմիայն լեզվաբանները, այն էլ եթե դրա անհրաժեշտությունը գիտականորեն հիմնավորեն: Կա հայոց լեզվի Բարձրագույն պետական խորհուրդ, որի մեջ մտնում են մեր ժամանակի ամենանշանավոր հայագետ-լեզվաբանները, կա Լեզվի պետական տեսչություն, ուրեմն այդ խնդիրը հենց նրա°նք պիտի լուծեն: Մենք, իբրև ազգային հավաքականություն, կարող ենք ու պարտավոր ենք մտահոգվել միայն և միմիայն հայոց լեզվի պահպանմա¯ն խնդրով: Ցավոք, թե հայրենի պետության մեջ, թե Սփյուռքում մենք այսօր հայերենի, իբրև համազգային լեզվի, նահանջի ականատեսն ենք: Ինձ համար աղետ է, երբ սփյուռքահայ ընտանիքների մի զգալի մասում արդեն հայերեն… չե¯ն խոսում: Էլ ավելի մեծ աղետ է, երբ Հայաստանի Հանրապետությունում ամենուրեք հնչում է օտար ազդեցությունների ենթարկված, օտար շեշտադրումներ կրող խեցբեկագույն հայերեն: Մաքրել, արմատախիլ անել օտարամուտ բառերը և օտարաշեշտ հնչումները մեր լեզվից, վտարել դրանք մեր մամուլից ու հեռուստառադիո եթերներից, որպես մոլախոտ քաղհանել մեր առօրյա խոսակցական բառագանձից, ամենուրեք բարձրացնել հայերենի, իբրև պետական լեզվի հարգն ու պատիվը` ահա° խնդիրը: Նա, ով չի գիտակցում հայերենի պահպանման նշանակությունը, ով իր խանութի ճակատին լատինատառ ցուցանակ է կպցնում` խուսափելով ամենավերևում և առավել ընդգծված տառերով հայերե¯ն ցուցանակ դնելուց` ազգային մտածողությունից ու ազգային հպարտությունից զուրկ մարդ է: Ով խոսում է անգլիական, ռուսական, ֆրանսիական և այլ շեշտադրումներ կրող հայերենով` ցուցամո¯լ է, ազգային արժանապատվությունից հեռու և արհամարհանքի արժանի մեկը: Հայը պետք է ունենա հայերենի պաշտամունք: Հայերենի°, ոչ թե նրա…քերականության կամ ուղղագրության: Եթե մեկը մայրենի լեզուն չգիտի կամ լավ չգիտի` պիտի ձգտի վերացնել իր այդ պակասությունը: Եվ պիտի գիտակցի, որ մայրենի լեզուն առավելագույնս զարգանալ, բյուրեղանալ, դառնալ սերունդներին ու համայն աշխարհի հայերին շաղկապող շաղախ` կարող է միայն և միմիայն հայրենի հողի վրա, հայրենի պետության մեջ: Օտար պետություններում ապրող մեր հայրենակիցների հայերենը չի կարող ընդօրինակման արժանի լինել հենց միայն այն պատճառով, որ կամա-ակամա ենթարկվում է օտար աշխարհագրական միջավայրերի, օտար լեզուների ազդեցություններին: Ամերիկահայը, ֆրանսահայը, Արևելքի արաբական երկրներում ապրող հայերը, բոլոր մյուսները խոսում են միմյանցից էականորեն տարբերվող, տիրապետող ազգային լեզուների հնչումին ու բառագանձին հարմարված հայերենով: Նույնիսկ պոլսահայ հայերենը, որ դարձել է արևմտահայ գրական լեզվի հիմքը, մեծապես կրում է…թուրքերենի ազդեցությունը: Կարդացեք Հակոբ Պարոնյանի սքանչելի գործերը, և կտեսնեք, որ նույնիսկ այս ազգային հանճարին հասկանալու համար ձեռքի տակ պիտի ունենաք…թուրք-հայերեն բառարան, այնքա¯ն որ Պարոնյանի լեզուն խճողված է թուրքերեն բառերով: Դա Պարոնյանի մեղքը չէ, դժբախտությունն է: Օտար տարածքում ապրող ազգային հավաքականությունը չի կարող ենթակա չլինել օտար լեզվի ազդեցությանը: Դա բնական գործընթաց է, դրանից խուսափելն անհնար է: Մայրենի լեզվի անաղարտության, նրա մաքրության միակ երաշխիքը կարող է տալ միայն և միմիայն հայրենի պետությունը: Սփյուռքի գաղթօջախներում գործածվող հայերենը, վտակների պես ներթափանցելով հայրենի պետության մեջ գործածվող հայերենի մեջ, լավագույն դեպքում կարող է խաղալ սնուցիչ, այն էլ ոչ-հիմնական, լրացուցի¯չ աղբյուրների դեր, այս կամ այն չափով հարստացնել մեր ընդհանուր լեզուն, և ոչինչ ավելի: Իսկ մեր լեզվի հիմնական, գլխավոր ակունքը հորդահոս գետի կարող է վերածվել (և արդեն վաղու¯ց վեր է ածվել) միայն ա°յս հողի վրա, հետևաբար համազգային լեզվի կարգավիճակի կարող է հավակնել միայն ա°յս պետության մեջ գործածվող հայերենը: Ի դեպ, լեզվի անաղարտության կարելի է հասնել միայն և միայն այն…գործածելով: Լեզուն դեռահաս օրիորդի կուսաթաղանթ չէ, որ անաղարտ պահվի մինչև…ամուսնություն: Լեզուն պետք է գործածվի, և միայն այդ պարագայում նա կմաքրի ինքն իրեն ու կշողշողա անընդհատ հողը վարող խոփի նման: Իսկ որտե՞ղ է մեր լեզուն ամենից շատ գործածվում, եթե ոչ Հայաստանում, հայրենաբնակ հայության մեջ: Ուստի ոչ թե հայրենաբնակ հայությունը պետք է յուրացնի Սփյուռքում գործածվող հայերենը, այլ սփյուռքահայությո°ւնը պիտի ջանա յուրացնել հայրենի պետության մեջ գործածվող մայրենի լեզուն, անկախ նրանից, թե ի՞նչ քերականություն կամ ուղղագրություն է օգտագործվում Հայրենիքում: Ես այսպե°ս եմ պատկերացնում «լեզվի միասնության» խնդրի լուծումը: Համոզված եմ, որ վաղ թե ուշ այդպես էլ կլինի, կլինի բնականորեն, առանց աղմկարարության, առանց «մեսրոպյան ուղղագրության» վերադառնալու շուրջ բորբոքվող ճղճիմ բանավեճի, որը ոչինչ չի տալիս, բացի Հայրենիքն ու Սփյուռքը արհեստականորեն իրար դեմ հանելու գնով որոշ կարճամիտ ճղճղանների ցուցամոլական ու փառամոլական կրքերին հագուրդ տալուց…