«Հայ ֆեստ»-ը աշխարհի մշակութային քարտեզում


1.Հոբելյանական մեկնարկը Գոյության 5 տարիների ընթացքում «Հայ ֆեստ»-ը թատերականից վերափոխվեց կատարողական արվեստների փառատոնի (նախագահ` Արթուր Ղուկասյան): Տարեցտարի ընդլայնելով ընդգրկման աշխարհագրական սահմանները և պետական կայացնող աջակցությամբ հաստատվելով միջազգային մշակութային ասպարեզում որպես ուրույն նշանակության թատերական կղզի` 2006-ին ճանաչվեց նախկին ԽՍՀՄ երկրներում (բացառությամբ` Մոսկվայի) անցկացվող Գլխավոր թատերական փառատոնը: Հայաստանում ներկայացնելով համաշխարհային մշակութային արդի տենդենցների մասին որոշակի պատկերացում ձևավորող տարաժանր բեմական աշխատանքներ` միաժամանակ հնարավորություն է ընձեռում հայ արվեստագետներին երևալու միջազգային ասպարեզում: Սին հաճոյախոսություն չէ Էդինբուրգի հեղինակավոր միջազգային փառատոնի կազմակերպիչների կողմից «Հայ ֆեստ»-ի որակումը` «փոքրիկ Հայաստանի մեծ դեսպան»: Չխախտելով որդեգրած մեկնարկային ծիսակարգը` հոբելյանական «Հայ ֆեստ»-ը բացօթյա տոնախմբության վերածված ավանդական շքերթից հետո ռուսական թատրոնի հանդիսասրահում հավաքված իր մշտական երկրպագուների և 33 երկրներից ժամանած շուրջ 350 մասնակիցների ջերմ մթնոլորտում ներկայացուցչական հատուկ շուքով ազդարարեց ծննդյան 5-ամյակը: Ամենաթանկարժեք գնահատականն ու ընծան, ըստ իս, ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակն էր: …Լռեցին թատերայնացված մեկնարկի զվարթ ձայները, հնչեցին վերջին բարեմաղթանքները, և վարագուրված ավանսցենում հին նվագարկիչից տարածվեցին ամեն հայի հոգեհարազատ երգի թախծածոր ելևէջները. «Սիրավոր լորիկ, վիրավոր լորիկ, լորիկ ջան…»: 2. Կոմիտասի հոգեհմա մեղեդու արտասովոր ընկալումը Սովորական թվացող բառերով անհնար է ճշգրիտ ձևակերպումներ տալ անսպասելի զգացողություններին, որ արթնացնում էր հանդիսարսահում Նատալյա Կասպարովայի պարային միության (Սանկտ Պետերբուրգ) «Կոմիտասյան երգերը» ներկայացման յուրաքանչյուր դրվագը: Բեմադրիչ Վադիմ Կասպարովը այնպես էր ներդաշնակել Հայոց Վարդապետի ժողովրդական խորունկ պարզությամբ հասարակ մարդու հարուստ ներաշխարհը պեղող երաժշտությունը բեմական շարժման հետ, որ մնջախաղային պարային արտահայտիչ ժեստերի միջոցով, մութուլույսով, տրամադրությունների իմաստալից փոփոխություններով յուրօրինակ քնարական պատում էր հյուսվում թատերաբեմում, փարաջանովյան գեղագիտությանը հարիր հնարքներով, հայ ժողովրդի պատմական դժվարին ճակատագրի մասին: Խաղաղ ստեղծագործ աշխատանքով ապրող մարդկանց պատուհասում է չարիքը: Սիրո կանչերը վերափոխվում են կորստի մորմոքից ծնված աղոթքի, ապա հասունանում է խրոխտ պայքարը… Այսպես, դրվագից դրվագ ամբողջանում է մեր անցած ճանապարհը` ներառելով արցախյան ազատամարտի ծանր օրերը: Եվ փոխանցվելով մագաղաթների վրա` ավանդվում սերունդներին. հիշողության կորուստը ինքնության կորուստ է… Կոմիտասյան խորքերի բանաստեղծական հայեցի ընկալման բարձրարվեստ թատերայնացումը ռուս արտիստների կողմից ընդհանուր խանդավառություն առաջացրեց` հույս ներշնչելով, որ «Հայ ֆեստ»-ի հիմնական և հավելյալ (ֆրինջ) ծրագրերով նախատեսված վեց տասնյակ ներկայացումներով այդ առաջին հրացոլքը կվերաճի երկար սպասված թատերական հրավառության: 3. «Հայ ֆեստ»-ի խելահեղ առօրյան Իրենց գերնպատակը առավելագույնս կենսագործելու հաստատակամությամբ` փառատոնի կազմակերպիչները 10-օրյա աշխատանքային առօրյան հագեցրել էին մշակութային բազմազան իմպուլսներ ներարկող միջոցառումներով: Ազգային պատկերասրահի հետ համատեղ «Բեմից մինչև էկրան» խորագրով ամեն օր ցուցադրվում էին թատերական ներկայացումների տեսագրություններ, որոնցից հատկապես մեծ հետաքրքրություն էին առաջացնում հանրահայտ բեմադրիչների աշխատանքները: Կենդանի թատերական ներկայացման անմիջական ներգործությունը, անշուշտ, չի կարելի ստանալ տեսաֆիլմից: Դա համարեք է բանաստեղծութ յան արձակ վերաշարադրմանը: Բայցևայնպես, արվեստի տեսակներից ամենադաժան գոյավիճակի դատապարտվածի անցողիկ կախարդանքը իսպառ չբնաջնջելու տեխնիկական այլ` ավելի կատարյալ հնարանք առայժմ չի գտնվել: Չեմ կարծում, որ թատրոնի մշակների (հատկապես` ուսանողների) համար ուսանելի չէր, ասենք, Պիտեր Բրուկի «Համլետ»-ի կինոժապավենին ծանոթանալը: Մինչև իսկ սինխրոն թարգմանության անհրաժեշտություն չէր զգացվում հստակ արտահայտված բեմադրական մտահղացումների իմաստալից ուշագրավությունը նկատելու, գնահատելու համար: Սովորելու, հանրահայտ արվեստագետների փորձով հմտանալու ցանկություն ունեցողները պետք է որ վարպետության օգտակար դասեր քաղեին Նատալյա Կասպարովայից, Ադամ Դարիուսից ու Կազիմիր Կոլեսնիկից, Կլաուս Օբերմայերից, Եվգենի Գրիշկովեցից և Լորետա Ջուդկայտեից: Խելամիտ հետևություններ անեին «Նոր դրամային» առնչվող սեմինարներից ու ընթերցումներից, որոնք կոնկրետացնում էին Կենտրոնական Ասիայում, Եվրոպայում, Հարավային Կովկասում և Մեծ Բրիտանիայում դրա զարգացման տենդենցները Վերոնիկա Նասալսկայայի, Մայք Գրիֆիթի, Լաշա Բուգաձեի և մյուս զեկուցողների գործնական փորձառությամբ: «Հայ ֆեստ»-ի մեկնարկին անհամբեր սպասողները գերադասում էին հագենալ նոր թատերական տպավորություններով և հնարավորինս հաղորդակցվել անծանոթ թատերախմբերի ու անհատ ստեղծագործողների կենդանի արվեստին: Միաժամանակ մեկ տասնյակից ավելի թատերաբեմերում ներկայացվող աշխատանքները դիտել, ինչ խոսք, անկարելի էր (չնայած որոշ մասը մի քանի անգամ էր խաղացվում): Առավել ևս սրվում էր բաց թողածների նկատմամբ հետաքրքրասիրությունը, որ մասամբ միայն լրացվում էր «Կենտրոն» հեռուստաալիքով երիցս հեռարձակվող ««Հայ ֆեստ»-ի օրագիրը» հաղորդաշարով: Այդուհանդերձ, ամենատոկունների ընդհանուր տպավորություններով, հիմնական և հավելյալ ծրագրերում ընդգրկված մոտ երկու տասնյակ ներկայացումներ արժանացան հայ թատերասերների ու արտերկրի հյուրերի բարձր գնահատականին: 4. Փառատոնի ամենակախարդիչ գույները Կենսական փաստերի ու բազմիցս ապրված զգացողությունների վրա են խարսխված երևանյան մամուլի համակրանքը շահած մոսկովյան նշանավոր թատերական գործիչ Եվգենի Գրիշկովեցի «Թե ինչպես ես շուն կերա» և «Միաժամանակ» մենաներկայացումները: Հանդիսատեսի հետ անմիջական երկխոսության մեջ մտնելու, նրա ուշադրությունը մշտարթուն պահելու դերասանական ակնհայտ շնորհով օժտված ռուս արտիստը, ասես, իր անկեղծ, հումորաշաղախ խոստովանութ յուններով սեփական կենսափորձն էր ընդհանրացնում բեմից, ուրվագծում ճշմարտություններ, իրողություններ, որոնք հարազատ են շատերին: Արտերկրի թատերական գործիչները հայ արվեստագետների ներկայացրած բեմադրություններից ամենաուշագրավը համարեցին դրամատիկական, մնջախաղի և ստվերների թատրոնների ներդաշնակ համադրությամբ խոհափիլիսոփայական աֆորիստիկ շեշտադրումներ ստացած «Օֆելիայի ստվերների թատրոնը» ըստ Էնդեի համանուն հեքիաթի: Նրանց գնահատող ուշադրությունից չվրիպեց նաև Վահան Բադալյանի երկրորդ գործը` Գոգոլի «Խելագարի հիշատարական»-ի նոր խորընկալ մեկնաբանությունը: Փոքր թատրոնի ընձեռած հնարավորությունները անսահման ընդլայնվում են երիտասարդ բեմադրիչի ուրույն գեղագիտությամբ` հաղորդելով նրա թատերական ստեղծագործություններին արտասովոր խորություն և արտահայտչամիջոցների գունագեղություն: Իր ավարտուն ամբողջականությամբ ամենքի հավանությանն արժանացավ Գոգոլի «Շինել»-ի կոլորիտային բեմավորումը Ռուբեն Բաբայանի հեղինակությամբ: Զարմանահրաշ կերպարային տիկնիկների վարպետ խաղարկմամբ, խոսքիմաստի հազվադեպ ձայնանմանակմամբ, երաժշտական հատվածների նրբահյուս միաձուլ մամբ տիկնիկայինի փոքր բեմում առաջին իսկ` Ակակի Ակակիևիչ Բաշմաչկինի ծննդյան տեսարանից աննկատ հառնում է նուրբ սարկազմով նկարագրված չինովնիկի` արտագրություն անելու ջանադրությամբ միայն երկրային կյանքը իմաստավորող այդ խրտվիլակի, անձնական դրաման, բացահայտվում այն ծնող միջավայրի կենդանացմամբ: Կենսուրախ հումորով, հեգնանքով ու ոչնչացնող ծաղրով են մարմնավորվում Բաշմաչկինի հետ առնչվող բոլոր գործող անձինք` միասնաբար ներկայացնելով ռուսական քաղքենիական իրականության արատավորությունն ընդհանրապես: Վարպետորեն զուգակցված գրեթե բոլոր հատվածները ուղեկցվում են դրվատանքի ծափերով: Իր նորարարական համարձակությամբ, պլաստիկ լուծումներով ձևավորված առանձին լակոնիկ դրվագների վառ թատերայնությամբ աչքի ընկավ Ժան Ժենեի «Աղախիններ»-ի նոր վարկածը ըստ Սուրեն Շահվերդյանի, ում ստեղծագործական որոնումների ընթացիկ խմորումները մշտապես գրավում են ինքնատիպ մտածողության արտասովոր արտահայտչաձևերով, հոգեբանական դրամա հասունացնելու ինքնահատուկ բեմադրական տեսիլքով: Հայ երիտասարդ բեմադրիչների աշխատական շնչով առանձնանում էր Նարինե Գրիգորյանի «Երկնագույն երկրագունդ»-ը, որին կենսաթրթիռ հուզականություն էր հաղորդում իր բազմաշերտ դերասանական կարողություններով փառատոնի շրջանակներում ցուցադրված մի քանի այլ ներկայացումներում ևս հանդես եկած Զարուհի Անտոնյանը (Սոնեչկա): Բեմադրական հասուն վարպետությանը համարժեք կառուցիկությամբ, համամարդկային գոյի թատրոնական ընդհանրացման բարձր մակարդակով շահեկանո րեն տարբերվում էին Արմեն Խանդիկյանի «Մակբեթ»-ը (ըստ Շեքսպիրի) և Արմեն Էլբակյանի «Դուք մտնում եք աշխարհ»-ը (ըստ Սարոյանի): Որոշ հայկական թատերախմբերի ներկայացրած աշխատանքներ կարոտ էին բեմադրական հստակեցման, խմբագրման, ընտրված խաղաոճի հավասարակշիռ համակարգման, գլխավոր ասելիքի նպատակասլաց շեշտադրման: Կարծում եմ, փառատոնի կազմակերպիչները պետք է խուսափեն թերարժեք ներկայացումների (նաև` «դրսից» բերվող) «միջազգայնացումից»: Ճշգրտեն «շարժման», «ֆիզիկական», «առարկաների», «վիզուալ» և նման կարգի նախապես տրված որակումները: Իր ինքնատիպությամբ ուշագրավ էր Բեռլինի Վավերագրական թատրոնի «Փշալարերի հետևում պարողը» (բեմադրիչ` Մարինա Շուբարտ) ներկայացումը: Անկախ ագիտթատրոնին բնորոշ մասնակի պլակատայնությունից, այն ոչ միայն հուզեց ուկրաինացի պարուհի Ալլա Ռակիտյանսկայայի անձնական դրամայի չգունազարդված բեմավորմամբ, այլև ստիպեց լրջորեն մտորել մարդկային գեղեցիկ երազանքները, երկրային կարճատև կեցությունը խեղաթյուրող պատերազմա կան նոր սարսափները կասեցնելու շուրջ: Իսպանական «Փլեյգրաունդ» ընկերության թատերական գեղագիտության տիպիկ արտահայտությունն էր Խավի Բոբեսի «Գլուխն ամպերի վրա» մելոդրամատիկ ներկայացումը` կառուցված խաղատիկնիկի առավելագույն «մարդացման» հնարքների կենտրոնացման վրա: Իսպանացի արտիստը մանր առարկաների հերթագայող ընդգրկմամբ, մատների թատրոնի մեթոդների կիրառմամբ, ադեկվատ երաժշտության օգնությամբ հանդիսատեսին վարակեց լքված երիտասարդ կնոջ հուզախռիվ ապրումներով` հուսադրելով նոր սիրով կրկին երջանկանալու բարեբախտությամբ: Գերակշռող պարային ներկայացումները հազվադեպ էին աչքի ընկնում թեմատիկ-սյուժետային ամբողջականությամբ: Մասամբ լրացվելով մնջախաղային, կրկեսային տարրերով` դրանք հանդիսատեսի հետաքրքրությունը շարժում էին երբեմն հաջող գտնված լուծումների պատկերավորությամբ` ընդհանուր որակ չկազմելով: Ծիծաղ կորզելու պարզունակ միջոցները տեղ-տեղ պարզապես անհետաքրքիր էին դարձնում երկարաձգվող տեսարանները: Համեմատաբար հաջողված կարելի է համարել սրանց շարքում Լուի Արմսթրոնգի և Էլլա Ֆիցջերալդի երգերով բացօթյա սրճարանում սկիզբ առնող սիրային տարբեր պատմությունների սյուժետային գիծը աշխուժացնող «Ամերիկյան սյուիտ» պարային ներկայացումը` հանրահայտ ֆիլմի հայկական տարբերակը Արինա Արարատյանի բեմադրությամբ և պարողների կատարողական վարպետությամբ: Պլաստիկ լուծումների կուռ տրամաբանությամբ և տագնապահարույց զգացողություն հարուցող երաժշտական իմաստալից ձևավորմամբ դիտարժան էր «Հայ ֆեստ»-ի եզրափակիչ ներկայացումը` «Սալամանդրայի երազը» (Լիտվա), Լորետա Ջուդկայտեի բեմադրությամբ (խորեոգրաֆ` Վալենտինաս Մասալսկիս): Դյուրաթեք մարմնի ճկուն շարժումների հնարամիտ զուգորդմամբ արտիստուհին կերպավորում է սալամանդրին միջին դարերում վերագրվող` դժոխքի լրաբերի դերը: …10 օր անընդմեջ Կատարողական արվեստների «Հայ ֆեստ» V միջազգային փառատոնը մայրաքաղաքային մշակութային կյանքի գլխավոր իրադարձությունն էր, արվեստասեր հասարակայնության հիմնական հետաքրքրությունը: Անմիջական բազմազան տպավորությունների իրական արժեքը կճշտի ամենաանաչառ գրաքննիչը` ժամանակը: Կասկածից վեր է սակայն, որ փառատոնի երեք հարյուրից ավելի մասնակիցների փոխշփումներից մեր արդի թատերական գործիչները ինչ-որ չափով կոնկրետացրեցին պատկերացումները մշակութային համընդհանուր միտումների, դրանց թելադրած (կամ` պարտադրած) պահանջների մասին և անհրաժեշտ հետևություններ արեցին իրենց հետագա ստեղծագործական գործունեության համար: Կարևորը` փառատոնը այսօր իր տեղն ունի աշխարհի մշակութային քարտեզում և ի զորու է իր նպաստը բերել մեր կատարողական արվեստների միջազգային ճանաչմանը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ