Հրաշքներ չեն լինում


Համաշխարհային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ցանկացած երկրում տեղի ունեցող կառուցվածքային այս կամ այն փոփոխությունն իր անմիջական ազդեցությունն է ունենում երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա: Հայաստանն այս օրերին կանգնած է երկրի Սահմանադրությունը փոփոխելու խնդրի առջև, որը բնականաբար չի կարող չազդել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա: Բացի այդ, արդեն իսկ ակնհայտ է, որ վերջին օրերին ավելացել է լարվածությունը տնտեսվարողների և ներդրողների շրջանում: Եվ չի բացառվում, որ այս ամենը բացասաբար ազդեն տնտեսության այս կամ այն ճյուղի հետագա գործունեության, զարգացման վրա: Սպասվող Սահմանադրական փոփոխությունները որքանո՞վ կազդեն արդյունաբերական համակարգեր չունեցող և փխրուն տնտեսություն ունեցող Հայաստանի վրա:

Մեր զրուցակիցն է տնտեսագիտության դոկտոր Վարդան ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ:

- Սահմանադրության նոր նախագծի շուրջ քննարկումներն արդեն մեկնարկել են: Կարծես «դեմ» և «կողմ» ճակատներ են ձևավորվում: Որպես տնտեսագետ` Ձեր կարծիքով Սահմանադրության նոր նախագիծը որքանո՞վ կնպաստի Հայաստանում տնտեսական քաղաքականության բարելավմանը:

Ես չեմ ուզում Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մտքեր արտահայտել, բայց, որպես տնտեսագետ, կարծում եմ, որ հարկավոր է ձեռնպահ մնալ որևէ գնահատական տալուց:

Առավել ևս, հնարավոր է, որ իմ` տնտեսագետիս, արտահայտած գնահատականներն առանձնապես մեծ արժեք չունենան:

Այնուամենայնիվ, դա որքանո՞վ կխթանի մեր տնտեսության զարգացումը:

Իմ կարծիքով` այն պետք է, որ նշանակություն չունենա տնտեսական գործընթացների վրա: Եթե մեր տնտեսությունը կարողանա արդյունավետ գործունեություն ծավալել և զարգացում ապահովել` Սահմանադրությունը կփոխենք, թե չենք փոխի` որևէ նշանակություն չի ունենա: Այսինքն` քաղաքական կամքը, տրամադրվածությունն ըստ էության պետք է իրական վերափոխումների հանգեցնեն, որպեսզի կենսամակարդակի բարձրացում տեղի ունենա, աշխատատեղեր ստեղծվեն, ընդհանուր գործունեության արդյունավետությունը բարձրանա:

Ես չեմ կարծում, որ սահմանադրական փոփոխությունները ոսկորի նման կանգնել են մեր կոկորդին, և հայ ժողովուրդը հուզված սպասում է, որ այդ փոփոխությունը լինի, և հրաշագործություններ տեղի ունենան: Ուզում եմ ասել, որ հրաշքներ ընդհանրապես չեն լինում և բոլոր դեպքերում տնտեսության տարբեր բնագավառներում ցանկացած գործընթացի արդյունավետությունը գրեթե առնչություն չունի Սահմանադրության հետ:

Այնուամենայնիվ, եթե կառավարման համակարգ է փոխվում, այն շղթայական ռեակցիա է առաջացնում օրենսդրական դաշտում` ներառելով բոլոր ոլորտները:

Ես հասկանում եմ մի բան, որ ո´չ Սահմանադրությունը, ո´չ կառավարման համակարգը տիեզերքից ուղարկված չեն, որոնք մեր կամքից անկախ ենք ընդունել, ու հիմա էլ ուզում ենք մեր վրայից «շպրտել», որ հայտնվենք հիասքանչության գրկում: Մինչև անգամ հեքիաթներում նման բան չի լինում: Այսինքն` ո՞վ է ձեռքերս բռնել և չի թողնում, որ արդյունավետ աշխատենք: Կամ, ասենք մեր բնակչությունը շա՞տ է իմանում, թե ինչ բան է Սահմանադրությունը: Ընդհանրապես ԱԺ-ում ներկայացված պատգամավորների ճնշող մեծամասնությունն անգամ չգիտի, թե ինչ բան է Սահմանադրությունը, ո՞ւր մնաց, որ հասարակ ժողովուրդն իմանա:

Իսկ իրատեսական համարո՞ւմ եք առաջին կիսամյակի ընթացքում մոտ 4 տոկոս տնտեսական աճի հավանականությունը, որի մասին վերջերս հայտարարեց Վարչապետը:

- Մակրոցուցանիշների կտրվածքով տեղեկատվությունը ներկայացնում է մեր Ազգային վիճակագրական վարչությունը, որը երկրի նախագահին, վարչապետին տրամադրում է այդ ցուցանիշները: Նրանք էլ հենվելով դրա վրա` կարող են բարձրաձայնել: Բայց բոլոր դեպքերում կա, այսպես ասած, մեդալի հակառակ կողմը: Ցանկացած նման ցուցանիշների ամրագրումն ըստ էության պետք է իր արտացոլումը գտնի կյանքում: Եթե հասարակությունն ըստ էության իր կենցաղում, սպառման մեջ և ընդհանրապես կյանքում չի կարողանում տեսնել դրական փոփոխությունները, բնականաբար ներկայացված թվերը արժանահավատ չեն: