Կոռուպցիան արմատախիլ չի արվել ոչ մի երկրում


Արդեն մոտ տասնհինգ տարի է Հայաստանը փորձում է պայքարել կոռուպցիա կոչվող վիշապի դեմ: Այս տարի մեկնարկել է արդեն կոռուպցիայի դեմ պայքարի երրորդ ռազմավարությունը, որը թեև դեռևս պաշտոնապես չի ընդունվել, բայց հույս կա, որ դրանից բխող հետագա քայլերը նախորդ երկուսից ավելի իրատեսական կլինեն: Փորձագետները, սակայն, կարծես թե այս անգամ էլ առանձնապես մեծ հույսեր չունեն: Հակակոռուպցիոն պայքարի երրորդ ռազմավարության տեսլականի, այս անգամ այն պատշաճ չիրականացնելու դեպքում հնարավոր նոր մարտահրավերների շուրջ է «Ավանգարդ»-ի զրույցը «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան ՀՈԿՏԱՆՅԱՆԻ հետ:

Նախորդ ռազմավարությունների ժամանակ բավականին լավ դրույթներ կային, և իշխանության ու հասարակության շրջանում մի տեսակ ոգևորություն էր առկա, սակայն կարծես թե առանձնապես որևէ լուրջ քայլ չիրականացվեց: Ձեր կարծիքով` այս անգա՞մ էլ նույնը կլինի:

- Ե´վ առաջին, և´ երկրորդ ռազմավարությունների մեկնարկի ժամանակ մի փոքր ոգևորություն եղել է ու շատ արագ մարել: Կոռուպցիայի դեմ պայքարը սահմանափակվում էր նրանով, որ ընդունվում էին օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր:

Եթե համարենք, որ դա ու նաև վերջին տարիներին ներդրված էլեկտրոնային կառավարումը առաջընթաց է, ապա կարելի է ասել, որ ինչ-որ բան արվել է, սակայն վերջինի հակակոռուպցիոն էֆեկտը շատ թույլ է: Ուրիշ լուրջ ձեռքբերում չկա: Երրորդ ռազմավարությունը դեռևս չի ընդունվել. ուստի այս փուլում վաղ է ասել, թե այն ինչպիսին կլինի:

Միջազգային կազմակերպությունների գնահատմամբ Հայաստանը չի՞ բարելավել արդյոք իր դիրքերը կոռուպցիայի դեմ պայքարում:

Եթե վերցնում ենք միջազգային կազմակերպությունների համաթվերը, տեսնում ենք, որ դրանք մեր դեպքում տարիներով չեն փոփոխվում: Եվ երկրորդ. երբ ուսումնասիրում ենք մամուլի հրապարակումները և այն, ինչի մասին խոսում են շարքային քաղաքացիները, պարզվում է, որ մենք կանգնած ենք այն նույն խնդիրների առջև, ինչ խնդիրների առջև կանգնած էինք առաջին ռազմավարության ընդունումից առաջ: Այսինքն` դեռևս շարունակ-վում է «փողոցային» կամ այսպես ասած` ցածր մակարդակի կոռուպցիան` կաշառակերությունը, ցածր օղակի չինովնիկների կամայականությունները: Իսկ բարձր մակարդակում առկա այսպես ասած «մեծ կոռուպցիան» դեռևս կա, որն առավել ակնհայտ է դառնում տենդերներ հայտարարելու ժամանակ: Կան նաև մոնոպոլիաները, որոնք շարունակում են գործել: Այսինքն, հասարակության ընկալումը չի փոխվել, և երբ տարբեր հարցումներ ենք վերլուծում, պարզվում է, որ որևէ բան իրականում չի փոխվել:

Հակակոռուպցիոն ծրագրի ազգային համակարգող, ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն իր ելույթներից մեկի ժամանակ հույս է հայտնել, որ այս անգամ հնարավոր կլինի եթե ոչ ամբողջությամբ այն արմատախիլ անել, ապա հիսուն տոկոսով կրճատել: Դուք դա իրատեսական համարո՞ւմ եք:

- Երկրորդ ռազմավարությունն իրատեսական համարել-չհամարելը սովորաբար պայմանավորված է նրանով, թե մենք ինչ տեսանկյունից ենք դիտարկում իրավիճակը: Հաշվի առնելով ներկայիս որոշակի աշխարհաքաղաքական գործոնները և տնտեսական իրավիճակը, հնարավոր է` որոշակի դրական տեղաշարժ լինի: Խնդիրն այն է, որ եթե իշխանությունների կողմից քաղաքական կամք ցուցաբերվի, ապա այն կարող է էապես կրճատվել, ինչպես օրինակ` Վրաստանում: Եթե պարոն Քրմոյանը կամ ուրիշներն ասում են, որ կկրճատվի, ապա կարող եմ ենթադրել, որ եթե ընդունվի ռազմավարությունը, ապա ինչ-ինչ պայմանների հետևանքով նման քաղաքական կամք կառաջանա: Ես կառավարության անդամ չեմ և չեմ կարող ասել, թե քաղաքական կամքի դրսևորման առումով ինչ ներքին որոշում կա: Բայց եթե դա չլինի, ոչինչ էլ չի փոխվի: Մեկ անգամ ևս կրկնեմ, որ ներկայիս աշխարհաքաղաքական և տնտեսական պայմաններից ելնելով` պետք է լրջորեն մտածեն այդ ուղղությամբ:

Համաշխարհային փորձի ուսումնասիրությունն ի՞նչ է ցույց տալիս. իրականում հնարավո՞ր է ամբողջությամբ արմատախիլ անել կոռուպցիան: Կա՞ որևէ երկիր, որը պարզ ճակատով կարող է նման բան հայտարարել:

Աշխարհի ոչ մի երկրում կոռուպցիան արմատախիլ չի արվել, Հայաստանում էլ չի արվի: Ես չէի ասի, որ հենց կոռուպցիան կկործանի մեր երկիրը, բայց այն շատ մեծ դեր կխաղա այդ հարցում:

Մեր նախորդ զրույցներից մեկի ժամանակ դուք ասացիք, թե իշխանությունները ևս հասկանում են, որ երկրի տնտեսությունը կործանման ճանապարհին է և իսկապես ժամանակն է կոնկրետ, լուրջ և տեսանելի քայլեր ձեռնարկել: Շարունակո՞ւմ եք այդ կարծիքին մնալ:

- Շատերն են այդպես կարծում, որ ներկայիս տնտեսական համակարգը անարդյունավետ է, իսկ ներկայիս իրավիճակը` բավական լուրջ է: Եթե իշխանությունները գիտակցեն, որ սրանից այն կողմ է´լ հնարավոր չի, այդ դեպքում միգուցե լուրջ քայլեր ձեռնարկեն: Ի դեպ, ներկայիս տնտեսական իրավիճակից դուրս գալը միայն կոռուպցիայի դեմ պայքարով չի պայմանավորված: Այն ենթադրում է նաև շատ այլ քայլեր: Մասնավորապես` լուրջ տնտեսական կառուցվածքային փոփոխություններ են անհրաժեշտ: Նաև կարևոր է, որ լեգիտիմ ընտրությունների միջով կայանա բազմակուսակցական համակարգը, լուրջ քաղաքական ընդդիմություն ձևավորվի: Այս հարցերը մինչև չլուծվեն, մենք ստեղծված իրավիճակից դուրս չենք գա: Ես չեմ համարում, որ լոկոմոտիվի դեր կատարող առաջին կամ միակ ամենակարևոր քայլը հակակոռուպցիոն պայքարն է: Այլ քայլեր կան, որոնք առավել կարևոր են:

Իսկ ո՞րը կհամարեիք առաջին և ամենակարևոր քայլը, որից կարող են ածանցվել մնացյալը, ինչը կօգնի Հայաստանը դուրս բերել նման իրավիճակից:

- Իմ կարծիքով առաջին քայլը սոցիալ-տնտեսական մոդելի լուրջ վերանայումը պետք է լինի, որը կհանգեցնի իրական ազատ շուկայի ձևավորմանը: Շատ կարևոր է մոնոպոլիաների և օլիգարխիկ համակարգի դեմոնտաժը. դա վերևի՞ց, թե՞ ներքևից կիրականացվի` այնքան էլ էական չէ, քանի որ տարբեր երկրներում տարբեր ձևով է արվել: Բայց միանշանակ է, որ այս համակարգի թիվ մեկ խնդիրը տնտեսական փիլիսոփայության վերանայումն է և ավելի ժամանակակից` 21-րդ դարին համահունչ տնտեսական փիլիսոփայության ներդրումը, որն առաջ կտանի երկիրը: