Երեկ` ՀԱՊԿ նստաշրջանում


Հատված` ԶԼՄ ներկայացուցիչների առջև Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից

Աշխատանքային այցով Տաջիկստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Դուշանբեում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

Նստաշրջանի ավարտից հետո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որտեղ ամփոփել են նստաշրջանի արդյունքները:

- ... Ընդհանուր առմամբ, մենք բավարարված ենք ՀԱՊԿ-ի զարգացման ընթացքով: Ակտիվ աշխատանք է տարվում Կազմակերպության ուժային բաղկացուցչի ներուժի բարձրացման ուղղությամբ:

Այս տարվա մայիսին Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ անցկացվեց ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մարտական պատրաստվա ծության անսպասելի ստուգում: Միջոցառմանը մասնակցեց ՀԱՊԿ անդամ պետությունների արագ արձագանքման հավաքական ուժերի ամբողջ համակազմը` ավելի քան 2.5 հազար զինծառայող, անդամ պետությունների օպերատիվ խմբերը և ՀԱՊԿ Միացյալ շտաբը: Արագ արձագանքման հավաքական ուժերը ի զորու են ըստ իրենց նշանակության արագ արձագանքել ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանում մարտահրավերներին ու սպառնալիքներին և պատրաստ են ետ մղել զինված հարձակումը, այդ թվում` ՀԱՊԿ անդամ առանձին պետությունների դեմ ուղղված ագրեսիան:

...Ես ներկայացրել եմ առաջիկա տարում Հայաստանի նախագահության առաջնայնությունները, մասնավորապես`

- ՀԱՊԿ հավաքական ներուժի մեծացում` համաձայն Կազմակերպության օրենսդրության և ժառանգորդության սկզբունքի հիման վրա:

- ՀԱՊԿ գործունեության հայեցակարգային հիմքերի և ճգնաժամային արձագանքման համակարգի հետագա զարգացում:

- ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացման ինստիտուցիոնալ ասպեկտները, այդ թվում` արտաքին քաղաքականության համակարգման կատարելա գործման և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման հարցերը:

- ՀԱՊԿ համակարգի ուժերի ու միջոցների կառավարման համակարգի հետագա կատարելագործում, խաղաղապահ ներուժի մեծացում, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության խորացում, տարանցման և տեղափոխման լոգիստիկ բաղկացուցչի օպտիմալացում:

Մենք մտադիր ենք կենտրոնանալ միջազգային ահաբեկչությանը և ծայրահեղականությանը, նեոֆաշիզմի, շովինիզմի և այլատյացության այլ ձևերի դրսևորումներին համատեղ հակազդման հարցերի վրա: Այս համատեքստում կարևոր նշանակություն ենք տալիս նաև կիբերանվտանգության ոլորտում համատեղ ուժերի ակտիվացմանը:

Համոզված եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ծանրակշիռ ներդրում կլինի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության և կայունության ապահովման գործում: