ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՄՂՈՒՄՈՎ


Խավարից անվերջ գանգատվելու փոխարեն փորձիր մի մոմ վառել: Իմաստուն այս խրատին ականջալուր` ազատամարտիկ Վոլոդյա Մաթևոսյանը ռազմահայրենա սիրական բարեգործական հասարակական կազմակերպություն է ստեղծել` «Զորավար Անդրանիկ»: Կյանքում շատ դժվարություններ հաղթահարած ու այսօր էլ սոցիալական ծանր բեռն իր ամուր ուսերից չթոթափած մարտիկը որոշել է ինչ-որ կերպ օգտակար լինել իր երբեմնի զինակիցներին:

Չի տրտնջում, որ վատառողջ է, չի նզովում նրանց, ովքեր ժամանակին բեկել են կյանքի ընթացքը, պարզապես ուզում է սատարել իր աջակցության կարիքն ունեցողներին: Ճիշտ այնպես, ինչպես հայրենիքի օրհասական պահին անվարան մեկնեց ռազմի դաշտ` պատմական արդարության հաղթանակը կռելու: Հոգևորական Վահան եղբայրը` հայր Վահանը, իրենից առաջ էր մեկնել մեր վտանգված սահմաններ: Մայր Աթոռը նրան առաջարկել էր Հնդկաստանում Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդի պաշտոնը, սակայն այն օրերի կաթողիկոսին` Վեհափառ Վազգեն Ա-ին, խնդրել էր` իրեն Հայաստանի սահմանամերձ թեմ ուղարկել: Նշանակվել էր Իջևանի վանահայր, որտեղ էլ ջոկատներ էր կազմավորել, հրամանատար դարձել ու մարտնչել թշնամու դեմ: Վոլոդյան պարբերաբար լինում էր սահմաններում և մտածում էր ջոկատ հավաքագրել: Ինչպես ասում են` Արցախյան պատերազմը դեռևս բուռն թափ չէր հավաքել, թեև, դժբախտաբար, արդեն զոհեր էին լինում: Առաջին նահատակներից մեկն էլ Վոլոդյայի Վահան եղբայրը դարձավ: Բոթը ցնցել էր բոլորին, բայց Վ. Մաթևոսյանի ցաված հոգին չտկարացավ. ցավի չափ վրեժի ծարավն ահագնացավ: Ու քանի որ իր կերպ մտածողների պակաս չկար, հաշված օրերի ընթացքում հավաքագրեց «Հայր Վահան» ջոկատն ու սահմաններ մեկնեց` հող հայրենին անառիկ պահելու և, իհարկե, եղբոր, զոհված մյուս տղաների վրեժն առնելու…

Իր ջոկատի մարտիկներին այսօր էլ մեծագույն խանդաղատանքով է հիշում Վոլոդյան, սակայն նրանցից մեկի անունն առանձնակի գորովով է ընդգծում.

- Մեր ջոկատում միայն հայեր չէին. ռուսներ կային,, ասորիներ և… մի թուրքմեն: Ո՞վ կպատկերացներ, որ մահմեդական թուրքմենն իր կյանքը կնվիրաբերի քրիստոնյա հայերի հայրենիքի պաշտպանությանը: Մեր Բասմաչին` Գուրբանմուրադ Բազարբայի Նեֆեսովին, բոլորս մի ուրիշ սիրով էինք սիրում: Հիմա նա հանգչում է մեր Եռաբլուրում, ու հաճախ եմ այցելում նրան,- ասում է Վոլոդյան ու հավելում.

- Նրա ծնողների հանդեպ պարտքի մեծ զգացում ունեմ, բայց վերջին մի քանի տարում լուր չունեմ նրանցից: Երբ «Զորավար Անդրանիկ» հիմնադրամը գործի, ծրագրել եմ այցելել մեր թուրքմեն ընկերոջ հարազատներին:

- Ովքե՞ր են անդամակցում Հիմնադրամին, և ովքե՞ր կարող են դրա անդամ դառնալ,- հարցնում եմ մտովի պատերազմական օրեր տեղափոխված Ապարանցի Վլեին:

- Կանոնադրության մեջ հստակ ձևակերպված է. ռազմահայրենասիրական բարեգործական մեր ՀԿ-ն (ՌՀԲՀԿ) միավորում է այն անձանց, ովքեր բարձր են գնահատում Զորավար Անդրանիկի հայրենասիրական գաղափարները և գործունեությունը, պատրաստ են ազգապահպան գործունեություն ծավալել:

- Այսինքն` բոլոր ցանկացողները:

- Նրանք, ովքեր պատրաստ են անշահախնդրորեն մտավոր կամ նյութական ներդրումներ կատարել: Արդեն բավականաչափ անդամներ ունի կազմակերպությունը, որոնց մեծ մասը կռված ազատամարտիկներ են, կան նաև կադրային սպաներ: Հիմա տարածքային կառույցներն ենք ձևավորում, և ուրախալի է, որ մարզերից` Գավառից, Գյումրիից, Նոյեմբերյանից, Հրազդանից ու մյուս մարզերից ցանկություն են հայտնել` ընդգրկվելու «Զորավար Անդրանիկ»-ի կազմում:

- Բավական հավակնոտ է կազմակերպության անվանումը` ռազմահայրենասիրական ու նաև` բարեգործական: Երիտասարդության ռազմական ու հայրենասիրական ոգու բարձրացմանը Դուք և Ձեր մարտական ընկերներն իսկապես կարող եք նպաստել. ձեր մարտական ուղին կենդանի դասագիրք է նրանց համար: Բայց բարեգործության մասով նյութական լուրջ ներդրումներ են անհրաժեշտ:

- Մեր զոհված ընկերներից շատերի ընտանիքները, հաշմանդամ շատ ազատամարտիկներ այսօր ապրում են սոցիալական ծանր պայմաններում. երջանիկ կլինեմ, եթե կարողանամ օգնել նրանց: Ինչ վերաբերում է միջոցներ հայթայթելուն` գուցեև դժվար է, բայց ոչ` անհնարին: Հայաստանում կան բարերարներ, ովքեր համոզված եմ` կցանկանան մեր ՀԿ-ի միջոցով օգնել կարիքավորներին: Արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները, կարծում եմ, ևս անտարբեր չեն մնա` կազմակերպության ծրագրերին ծանոթանալով:

- Եթե կարելի է` մի քանի խոսք այդ ծրագրերի մասին:

- Շատ են դրանք: Օրինակ, ցանկանում եմ ամառային հանգստի ճամբար ստեղծել զոհված և այսօր դժվար ապրող ազատամարտիկների երեխաների համար: Պարբերաբար այցելել սահմանամերձ շրջանների բնակչությանը և որոշակի օգնություն հատկացնել կարիքավոր ընտանիքներին: Չէ՞ որ նրանք էլ երկրապահ են. երկիրը պահող հայրենասերները միայն չեն լքում սահմաններին այդքան մոտ գտնվող իրենց տները: Առողջական խնդիրներ ունեցող ազատամարտիկերին աջակցել` հիմնավոր բուժում ստանալ…

- Ասացիք, որ հաճախ եք լինում սահմանամերձ վայրերում, զորամասեր եք այցելում: Ի՞նչ կասեք տարածաշրջանում ամենամարտունակ մեր բանակի, հայ զինվորի մասին:

- Հզոր է մեր բանակը, շատ խիզախ զինվորներ ու երիտասարդ հրամանատարներ ունենք: Հոգով արի և ռազմական գործը լավ տիրապետող: Մեր ժամանակ ուրիշ էր. բանակը նոր էր կազմավորվում, մասնագետները քիչ էին: Գովեստի բոլոր խոսքերը քիչ են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին գնահատելու համար: Ղարաբաղյան պատերազմի ճամփեքով անցած, առողջությունը հայրենի սահմանների պաշտպանությանն ու հայրենիքի ազատագրմանը նվիրած այս անհատն այսօր լավագույն օրինակ է` զինվորների ու երիտասարդ սպաների համար:

- Ձեր հորդորը` երիտասարդությանը և մաղթանքը` մեր ժողովրդին:

- Երիտասարդությունը մեր ապագան է. նրանց համար ոչինչ չպետք է խնայել: Սակայն նրանք էլ պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը երկրի հանդեպ: Թե´ երիտասարդներին, թե´ բազմաչարչար մեր ժողովրդին մաղթում եմ տոկոնություն, լավատեսություն և բարիք գործելու մեծ կամք:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ