ԿՐԿԵՍԸ` ՍԵՐ ԵՎ ԱՌԵՂԾՎԱԾ

«Եվ թող կրկեսը ուրախություն պարգևի ձեզ բոլորիդ» Լեոնիդ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Կրկեսային գերդաստանի երջանիկ նահապետ է «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Սոս ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: Միջազգային կրկեսային արենայում նորանոր հաղթանակներով անմրցելիությունն են նորից ու կրկին հավաստում «Զգեստակերպարանափոխություն» ժանրում Գինեսի ռեկորդակիրներ ճանաչված տղան ու հարսը` Սոսն ու Վիկտորիան. բազմիցս «Լավագույն աճպարար» ճանաչված թոռնիկը` Սոս 3-րդը: Աղջիկը` Նաիրան, շարունակում է շրջել աշխարհում` իր «Կենդանիների աշխարհ» ատրակցիոնում բազմաթիվ էկզոտիկ «դերակատարներ» ներառելով: «Ենգիբարյանի զավակները» ստուդիականները հաջողությամբ են հանդես գալիս ոչ միայն միջազգային մրցույթներում, այլև պահանջված արտիստներ են դառնում արտերկրի շատ կրկեսների համար: «Շապիտո» շրջիկ կրկեսի ձեռքբերումով զգալիորեն մեղմվեց շենքի հիմնանորոգման, ապա վերակառուցման երկարաձգմամբ սրված հանդիսատեսային կարոտը: Ավելին, վերականգնվեց կապը ՀՀ մարզերի և Արցախի կրկեսասերների հետ:

- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը:

- Իմ կյանքում ամեն ինչ կապված է կրկեսի հետ: Ինձ համար ամենադժվարը հենց կրկեսային գործունեությունն է: Դրանով եմ միայն ապրում և շնչում: Դրանով էլ կհեռանամ այս աշխարհից: Ինձ թվում է` եթե ես տիեզերք թռչեի, անպայման կփնտրեի, թե որտեղ կարելի է կրկես կառուցել:

- Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել:

- Ոչ մի կասկած` կնախընտրեի միայն հայ լինել: Չնայած, խոստովանեմ, շատ եմ սիրում ռուս ազգին: Նրանց մոտ եմ մեծացել, նրանց միջավայրում ձևավորվել որպես արվեստագետ` նախ, կրկեսային ուսումնարանում, ապա Թատերարվեստի համամիութենական ինստիտուտի (այժմ` ակադեմիայի) դերասանական և ռեժիսորական բաժիններում մասնագիտանալով` ասպիրանտական թեզս պաշտպանել: Մի խոսքով` ռուսական մթնոլորտում եմ կայացել: Թիֆլիսից Մոսկվա տեղափոխվելիս 2 բառ միայն գիտեի ռուսերեն` «ջՊՐՈՉրՑՉցռՑպ», «ՊՏ րՉՌՊՈվՌя». Սկզբում, հենց լեզվական խնդիրների պատճառով ուզում էին ինձ հանել ուսումնարանից: Այնուամենայնիվ պահեցին և մի կուրսում, որտեղ Ալլա Պուգաչովան, Գենադի Խազանովը, Ժաննա Բիչևսկայան, Անատոլի Մարչևսկին, Յուրի Կուկլաչովն էին սովորում, միայն ես գերազանցության դիպլոմով ավարտեցի:

- Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասվածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք:

- Աշխարհի 120 երկրում Հայաստանն եմ ներկայացրել իմ հանրահայտ դհոլների համարով: Բայց պարզվեց, որ ամբողջ կյանքում ձրի եմ աշխատել: Հարյուրավոր ելույթներիս խորհրդանշական հոնորարաները (10-15 դոլար ելույթավճար, իրենց չափանիշներով` գրոշներ) հավաքում էի, որևէ շռայլություն կտրականապես բացառում, որպեսզի մի կարգին տուն գնեմ: Հավաքեցի-հավաքեցի մոտ 300 հազար ռուբլի խնայողական բանկի գրքույկում և մեկ էլ… 1993-ին Փարիզում էի աշխատում` երջանիկ, որ շուտով կազատվեմ իմ հավաբուն կացարանից, երբ կինս զանգեց. «Սո´ս, քո փողերը, որոնցով կարող էիր 100 շքեղ մեքենա գնել, արժեզրկվեցին, հիմա ընդամենը 2 տուփ ձու կարող ես դրանցով ձեռք բերել»: Հօդս ցնդեց ոչ միայն երազանքս, այլև ամբողջ կյանքիս քրտնաջան վաստակը:

- Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային:

- Կրկին` կրկեսը: Հարյուր տարի կրկեսում աշխատում եմ, բոլոր պաշտոններն ունեցել եմ, հայ թատրոնի պատմության մեջ միակ` «Կրկեսային արվեստը Հայաստանում» գիտական թեզն եմ փայլուն պաշտպանել, բայց մինչև հիմա չեմ հասկացել, թե ինչ է կրկեսը: Եթե ասեմ` ժանրերի սինթեզ է, թերի կլինի: Եթե ասեմ` կախարդական կենդանի հեքիաթ, ժամանցային արվեստ` դարձյալ մասնակի պատկերացում կտամ: Երևի եթե մի կյանք էլ նորից կրկեսում անցկացնեմ, այդպես էլ լիովին չբացահայտեմ իմ կյանքի թիվ 1 առեղծվածը:

- Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ` սիրելի անեկդոտը:

- Չզարմանաք` անեկդոտներ չեմ սիրում: Զավեշտախառն դեպքե՞ր... 1971 թվականն էր, մարտ ամիսը, հայկական կրկեսի հետ հյուրախաղերի էի Բաքվում` Լեոնիդ Ենգիբարյանի գլխավորությամբ: Արդեն հայտնի դարձած դհոլների համարով էի հանդես գալիս: Մեկ էլ, Լեոնիդ Ենգիբարյանի խաղընկերը` Ալբերտ Մինասյանը, անսպասելի ծանր հիվանդացավ: Անելանելի վիճակում էինք: Լեոնիդ Գեորգիևիչը լավատեղյակ էր, որ իր բոլոր համարները անգիր գիտեմ: Առաջարկեց ու պատվիրեց, որ ես փոխարինեմ աժդահա խաղընկերոջը: Ես էլ նիհար-միհար տղա եմ, տարիքով էլ` 14 տարի փոքր: «Ոչինչ,- մտավախություններս փորձեց ցրել Ենգիբարյանը,- այս պահին ինձ համար կարևոր է հերթականությամբ հիշել ու կատարել այդ համարը»: Ճար չկար, իր «աջ նայիր, ձախ նայիր» ցուցմունքներին հետևելով` կարողացա հուսալի խաղընկեր լինել: Իմ շփոթմունքը մի կերպ զսպելով, ինքս ծիծաղելի վիճակում, կարողացա Ենգիբարյանին օգնել` հանդիսատեսին ուրախ զվարճություն պարգևելու: Նույնիսկ Ուսուցչիս գովեստին արժանացա. «Բրա˜վո, Սոս, հիանալի խաղացիր, կարևորը` անհավասար հակառակորդների մենամարտի ծիծաղաշատ զավեշտը ապահովվեց»:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ