Կյանքի սանդուղքով վեր բարձրանալիս


«Օրը կբացվի, իր հետ դավ մը նոր, Մինչ ես հավատքով կմնամ ոտքի»: Մանուել ԱԴԱՄՅԱՆ Հայաստանի մայր բեմում իր «Հավատքի որդին» պիեսի բեմադրության (հեղինակ` Ռուբեն Քոչար) առաջնախաղից հետո նրան համակած խուռներամ զգացողությունները միանգամայն հասկանալի են ինձ: Անցած Գողգոթայի 70-ամյա ճանապարհին «ամբոխը մրրկող գրիչով պայծառ», արնաներկ խաչմերուկներում չարի դեմ տոկալով, հաջողության բազում ծաղիկներ էր ժողովել: Հոբելյանական այս «ծաղկեփունջը» հայրենական արժանի պարգևն էր կյանքի սանդուղքով վեր բարձրանալիս տառապանքով ծնված իր բեղուն վաստակի: Այն յուրովի ի լուր հանրության իմաստավորվել էր «Արարատ» հեռուստաալիքով նախորդ օրը, փաստավավերագրական նոր ֆիլմով (հեղինակ` Ջուլիետ Կաժոյան): Եվ գնահատանքի հուզագագաթին էր հանգրվանում` Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Սփյուռքի նորաստեղծ նախարարության աջակցությամբ ամենապատվավոր բեմում կենդանացած երազանքի իրականացմամբ: Հայաստանցի դերասանների` Արմեն Սանթրոսյանի, Սամվել Թոփալյանի, Արթուր Կարապետյանի, Նարինե Լալայանի և Գայանե Գրիգորյանի համատեղված ուժերով բեմադրված այս երրորդ պիեսի (Մոնթե Մելքոնյանին նվիրված «Մահապարտը» և «Մեծ Եղեռնը» 4-5 տարի առաջ էին թատերակյանք ստացել Հակոբ Ղազանչյանի գլխավորությամբ) ներկայացմանը Սփյուռքի բարեկիրթ նախարարի բարձրաձայնած ակնածալի գնահատականն էլ լրումն էր երկարատև սպասումների: «Մենք ականատեսն ու մասնակիցը դարձանք Մանուել Ադամյանի հզոր, տաղանդավոր գրչով կերտված պիեսի ներկայացմանը մեր դերասանների վարպետ խաղով,- ասաց տիկին Հրանուշ Հակոբյանը անվանի արվեստագետին նախարարության ամենաբարձր պարգևը` Պատվոգիրը հանձնելիս:- Սփյուռքահայ գրողը և հայաստանյան դերասանները միասնաբար հուզեցին բոլորիս` գիտելիքներից դեպի հավատ տանող այս դրամատիկ պատմությամբ: Միաժամանակ հավաստեցին, թե աշխարհասփյուռ հայությանը միավորող քաղաքականությունը ինչպես կարող է հաղթել: Շրջելով հայ գաղթօջախներում` «Հավատքի որդին», վստահ եմ, համախմբման առողջ սերմեր շաղ կտա ամենուր»: Ադանայից Բեյրութ գաղթելիս որբացած հորից` կադրային զինվորական Հակոբից ժառանգելով գրելու շնորհը, տատի իմաստուն, հեքիաթաշունչ պատմություններով հարստացնելով մանկական միտքն ու հոգին` Աբգարյան վարժարանի «Ծիլ» պարբերականում էր սկսել հրապարակել առաջին հայրենասիրական բանաստեղծություններն ու հոդվածները: (Մտապատկերում արթուն է քաղցր հուշը առաջին գրական մրցանակի, որ ստացել էր «Արարատ» ամսագրում տպագրած «Բարևագիր Հովհաննես Շիրազին» բանաստեղծության համար և հայկական ռադիոյով Շիրազի տված պատասխան արձագանքի խինդը): Պատանեկան հասակից անդամագրվելով Հնչակյան կուսակցությանը` հայապահպանության պայքարի հասարակական-քաղաքական կիզակետում էր կոփել ճշմարիտ հայրենասիրության կորովը: Մշտապես նայելով «մահվան փայլող աչքերուն»` հոգով ու գրչով բանաստեղծ մնացել սիրո բեռան տակ կքած: Երբևէ Սփյուռքի մայրաքաղաք հռչակված լիբանանահայ գաղութի նոսրացման դեմ համակողմանի ընդվզելուց չհոգնելով` «Կռունկները երգեցին» բանաստեղծական առաջին ժողովածուի հրատարակման տարում` 1963-ին, ոտք դրել Հայաստանի մայր բուհի շեմքից ներս: ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում ուսանելիս հանդիպելով կյանքի անզուգական «զինակցին»` Լիլիին, տոկալու և ստեղծագործելու կամքը մշտապես կռող անպարպելի ակունք էր գտել: Եվ հենց նրա գործնական ակտիվությանն էր պարտական տասնամյակների իր բեղուն ու համեստ նվիրումի շռնդալից հանրաճանաչմանը մայր հայրենիքում: Անմիջական մտերմիկ փոխշփումներով Հայաստանի երևելի մտավորականների հետ` նրանում կաթիլ առ կաթիլ խմորվել էր համահայկական մշակույթի երկմիասնությունը: Բարձրակարգ մասնագիտացումը ծառայեցնելով ծննդավայրում հայեցի կրթության պատշաճ զարգացմանը Սահակ-Մեսրոպյան վարժարանը տնօրինելիս` մանկավարժական 15-ամյա գործունեությանը զուգընթաց, լիբանանյան քաղաքական անմարելի խժդժությունների մարտադաշտում հաշտարարի առաքելությունն էր կամովի ստանձնել: Ռումբերի տեղատարափով ամանորյա մի գիշեր ընտանյոք հեռացել Կիպրոս, ապա` Լոնդոն: Իրենում փոթորկվող ցավով երկնել էր առաջին չափածո պիեսը` «Անողոք ճակատագիրը» (1986 թ.), Կամսարյանների ընտանիքի փլուզման դրամայով արտահայտելով հարկադիր լռության տարիներին ապրածն ու զգացածը: Ստեղծագործական ակամա գոյացած «անապատը» շուտով կանաչեց իրարահաջորդ բանաստեղծական տասնյակ ժողովածուներով. «Տաք մոխիր», «Արևագալ», «Հատուցում», «Քարե ծաղիկ», «Ալֆան ու Օմեղան»… Իրենց հոգեհարազատ տեքստերով երգեր հյուսեցին կոմպոզիտորներ Լուսիկյանը, Աճեմյանը, Ամիրխանյանը, Բալյանը, Պետրոսյանը: Ռուզան Հովեյանի երգաշարը հնչեցրեց տաղանդաշատ Աննա Մայիլյանը: Անկասելի դարձավ ստեղծագործական թռիչքը ներշնչանքի նորահորդ լիցքերով: Բայց չխաղաղվեց ընթացիկ կյանքի արարչական անդորրը խաթարող տագնապը: Հասարակական-քաղաքական օրախնդիր պոռթկումներով ձևավորված բազում հոդվածները տեղ գտան մամուլի էջերում, հստակեցված դիրքորոշմամբ ուղղորդեցին դիմագիծը առաջնորդած «Կոչնակ», ապա` «Նոր սերնդի ձայն» պարբերականների: Վստահություն ներշնչող փորձառությամբ ու անխոտոր հայեցի նկարագրով այսօր էլ վայելում է իմաստուն հաշտարարի համբավ անջրպետված հայ կուսակցականների միջավայրում: Երիտասարդական եռանդով շարունակում է իրազեկել ընթերցողին սեփական ներաշխարհի հետ վարած հարցազրույցներին` նոր բանաստեղծությունների, պիեսների ու հոդվածների մեջ խնամքով դասդասելով խոհափիլիսոփայական նրբերանգներով ակնառու ասելիքը: «Տաք արցունքի շիթերով մաքուր» իր ժողովրդի անցյալի խաչելություններն է կսկիծով հիշում` փայփայելով «հատուցման հույսը»: «Անհերկելի սեպագիր տողերում» բազմադարյան գանձեր պեղելով` միտքը գունեղացնում մեծերից ժառանգած իմաստությամբ: Ոչ միայն աղոթում, այլև հավատում «շանթահար հորիզոնների» խաղաղեցմանը` բարեբեր անձրևներով: Անմիջական երկխոսությունը մարդկանց հետ շարունակելու նոր հնարներ է գտնում հասարակական եռանդով լեցուն Լիլի Ադամյանի գերակտիվ ջանքերով: Կանադայում ընթացող բեմադրական փորձերը «Արքայից արքա» («Տիգրան Մեծ») և Բեյրութում` «Մեկ դար և քսան տարի» պիեսների, հուսանք, բարեհաջող հավելում կլինեն մոտ հինգ տասնամյակ ծավալվող հայրենաշեն զրույցի բովանդակաշատ նյութին: Ռուբեն Քոչարն ի վերջո կիրագործի «Նարեկացու» էկրանավորման նախագիծը` բյուրոկրատական քաշքշուկով ընդմիջված: Ինչպես և «հայ ապրելու կամ մեռնելու» հավատամքով ներթափանց ված մի շարք գրական-հասարակական նոր մտահղացումները նվիրյալ հայորդի Մանուել Ադամյանի` փոփոխական ժամանակներում «երկրի աղի» անխնա վատնումին դիմագրավող: «Ո°չ թե արծաթով, ոսկիով դեղին, ո°չ թե ճառերով, խոստումով անդեմ», այլ «Սիրո վարդապետությամբ»:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ