ՀԱՄ ՆԱԼԻՆ, ՀԱՄ ՀԴՄ-ԻՆ


Պետեկամուտների կոմիտեի` բոլորին ծանոթ գործառույթներն ըստ երևույթին վերանայվել են: Համենայն դեպս, այս կառույցի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը որոշել է թարմացնել անելիքների շարքը` խոստանալով վերահսկողության շրջանակն ընդլայնելով` քաղաքացիների եկամուտների ու ծախսերի ստուգում նույնպես իրականաց նել: Իսկ դրան հասնելու ամենաուղիղ ճանապարհն այս կառույցում առանց լուրջ դժվարությունների է գտնվել: Ընդ որում, շատ ավելի վաղուց, քան մարդիկ կարող էին կռահել: Այսպես, նախ կիրառվեց ՀԴՄ կտրոնների առանձին խմբաքանակների դիմաց տրամադրվող բոնուսային համակարգը, հետո էլ արդեն թակարդն ընկած մարդկանցից պահանջում են ապացուցել, որ համապատասխան գումարների գնումներն իսկապես իրենք են կատարել: Ստացվում է, որ Պետեկամուտների կոմիտեին ոչ թե կտրոնն է պետք, այլ ձեռք բերված ապրանքի դիմաց արդեն վճարված գումարի ծագումնաբանությունը: Փաստորեն, սույն քարոզչական ահաբեկչության արդյունքում յուրաքանչյուր քաղաքացի հայտնվում է մի զավեշտալի իրավիճակում, երբ պետությանն ու ինչ-որ չափով նաև սեփական գրպանին օժանդակելու կոչին անսալու պարագայում կարող է ոչ միայն անսպասելիորեն թիկունքից հարված ստանալ, այլ հետո էլ ինքն այդ ամենի մեղավորը դառնալ: Հարկայինում ոչ մի կերպ չեն ուզում պատկերացնել, որ փողն ի վերջո հոտ չունի, և քթները մարդկանց գրպանները խոթելով` բացի ևս մի տհաճ պարտականություն ստանձնելուց, ուրիշ արդյունքի չեն կարող հասնել… Իրականում, սակայն, ստացվում է, որ պետեկամուտների կոմիտեին նման քայլի է մղում ոչ այլ ինչ, եթե ոչ կտրոններ հավաքագրելու ու բոնուսներ ստանալու գործընթացի բավական ակտիվ պրոցեսը: Արմեն Ալավերդյանն, օրինակ, չի թաքցնում, որ ստվերի դեմ պայքարելու գործում սկզբում աննշան թվացող թղթի կտորները նշանակալի դերակատարություն են ունեցել: Բայց միաժամանակ, վաղուց է հայտնի, որ հարկայինը սիրում է միայն ստանալ` փոխարենը, ասենք, դժգոհելով ստացածի ոչ գոհացուցիչ չափից: Ու հենց այստեղ էլ շան գլուխն է թաքնված. այսինքն` փողերի ծագումնաբանության սպառնալիքը, ըստ այս էժանագին հաշվարկի, մարդկանց կստիպի բոնուսի տեսքով ինչ-որ գումարներ ստանալու մտքից հրաժարվել: Թե ինչ կստացվի կտրոնային գործընթացը հակառակ ուղղությամբ զարգացնելու պարագայում, դժվար չէ պատկերացնել: Ըստ Արմեն Ալավերդյանի` տրամաբանական (՞) ու ցանկալի է, երբ բոնուսը հինգ հազար դրամի սահմաններում է: Ասել է թե` միջին վիճակագրական հայկական ընտանիքի եռամսյակային ծախսը պետք է 200 հազար դրամի շրջանակներում տեղավորվի: Սա մոտավորապես այն գումարն է, որքան արժե, ասենք, այս կառույցի ղեկավարների փողկապներից ցանկացածը… Եվ, այնուամենայնիվ, ուրիշի ունեցվածքը հաշվառելու Պետեկամուտների կոմիտեի օրինակին չհետևելով` ավելացնենք, որ Արմեն Ալավերդյանի խոստումն, անկախ ամեն ինչից, իրականության չի վերափոխվելու: Չէ՞ որ կտրոնների հաշվարկի առաջին իսկ օրվանից սուրճ խմելուն սովոր հարկային մարմինների աշխատակիցները տրտնջացել են աննախադեպ աշխատանքային ծանրաբեռնվածությունից: Մի փոքր ավելի բարձր օղակներն էլ իրենց հերթին են տրտնջացել, թե հնարավորությունները չեն ներում այս գործընթացում օժանդակ ուժեր ներգրավելու: Ուստիև, թե ինչպես են հիմա էլ մարդկանց ծախսերը վերահսկելու` հավանաբար այս նախաձեռնության հեղինակն էլ չի պատկերացնում: Այնպես որ, մարդկային երևակայությունը երբեմն անգամ երևակայական սահմաններն էլ է գերազանցում, ինչի արդյունքում էլ նրանք նման զավեշտալի իրավիճակներում են հայտնվում: