ՀԱ՞ ՈՐ…


ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ճգնաժամի հաղթահարման ալիքը, ըստ երևույթին, արդեն մեր հանրապետությունում է: Վատագույն դեպքում` Հայաստանի սահմաններին շատ է մոտեցել ու հարմար առիթ է փնտրում` տարվա թերևս ամենագլխավոր անհաջողության ավարտն ազդարարելու համար: Համենայն դեպս, շուտով քննարկումների էպիկենտրո նում հայտնվելիք հաջորդ տարվա բյուջեն թեև համեստ, բայց, այնուամենայնիվ, տնտեսական աճ է նախանշում: Իրենց հերթին լավատես են դարձել նույնիսկ միջազգային կազմակերպությունները, և անգամ Արժույթի միջազգային հիմնադրամն է տարեվերջի համար ավելի ցանկալի եզրափակում կանխատեսում` ընդգծելով, թե ներկայումս 18,5 տոկոսի հասած տնտեսական անկումն առաջիկա ամիսներին կնվազի` հասնելով 10-15 տոկոսի: Իսկ տարվա փորձությունը, որին մի կերպ դիմակայեցին գործադիրն ու հանրությունը, թերևս շատ ավելի մեղմ դրսևորումներ կունենար, եթե տնտեսական աճի առանցքում տարիների տքնաջան ջանքերի շնորհիվ իրենից թիվ 1 անհրաժեշտություն չներկայացնող շինարարության ընդլայնումն ու զարգացումը չդրվեր: Այս մոտեցումն անգամ նույն միջազգային կառույցներին է զարմացրել, թեև… իզուր: Կասկածից վեր է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում դարձյալ քանդել-կառուցելու գործն է մեր հանրապետութ յունում ամենամոդայիկը դառնալու, քանի որ մեր գործարարները սիրում են միայն «փորձված թանը» վայելել, ու նրանց բնավ էլ չի հետաքրքրում, որ նման կենտրոնացումը կամ ավելի ճիշտ` սևեռումը կարող է նաև դժվարություններն անխուսափելի ու երբեմն էլ անհաղթահարելի դարձնել: ԻՍԿ թե ինչ են մտածել Համաշխարհային բանկում ու ինչից ելնելով են Հայաստանը գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ երկիր համարել, անհասկանալի է մնում: Չի բացառվում, որ այստեղ առաջնորդվել են շինարարության ու ինչ-որ չափով նաև զբոսաշրջության բուռն զարգացման մասին հավաստիացումներով… Բայցևայնպես, տարօրինակ է, որ անցյալ տարի աշխարհի 183 երկրների շարքում հիսուներորդ տեղն ենք զբաղեցրել, իսկ ընթացիկ տարում առաջադիմելով` 43-րդ հորիզոնականում հայտնվել: Մնում է ենթադրել, որ ֆինանսատնտեսական ճգնաժամն ամենուր շատ ավելի մեծ վնասարարությամբ է աչքի ընկել, ինչն էլ մեր հանրապետության օգտին համեստ առաջադիմություն է արձանագրել: Ասում են, թե հնուց ի վեր հայերս գործարարության հանդեպ բնատուր հակում և առանձնակի շնորհ ունենք: Ուստիև կարելի է պատկերացնել` եթե իրականում գործարարության համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն, ինչերի¯ կարելի է հասնել: ԲԱՅՑ, անկախ ամեն ինչից, ընթացիկ տարում մեզ անգամ տնտեսական ճգնաժամը չի խանգարել` գործարարությունը համեմատաբար քաղաքակիրթ և օրինական հարթություն տեղափոխելու: Համապատասխան շրջանակներն ամենայն խանդավառությամբ ազդարարում են, որ ՀԴՄ կիրառող տնտեսվարողների թիվը 33 տոկոսով ավելացել է: Անշուշտ, այս կերպ հավասարակշռությունը թեև մասնակիորեն, բայց վերականգնվում է: Սակայն, ՀԴՄ ժապավենները, պարզվում է, որ պայմանական չափեր կարող են ունենալ: Տնտեսվարողները անսպասելիորեն հայտնաբերել են, որ վերջին շրջանում դրանք սկսել են ավելի արագ սպառվել և ՀԴՄ-ի մեջ տեղադրելուց հետո նշված ժապավեններից ավելի սահմանափակ քանակությամբ կտրոն է տպվել: Ի դեպ` ժապավենների դիմաց վճարի չափը չի փոխվել, ինչն էլ թույլ է տալիս ենթադրելու, որ այս բիզնեսի կնքահայրերը էլ ավելի մեծ շահույթներ ստանալու ախորժակ ունեն: