ՀՀ ԱԺ աշնանային մեկնարկ


Երեկ մեկնարկեց Ազգային ժողովի 4-րդ գումարման 6-րդ նստաշրջանը: Այդօր խորհրդարանականների բարձր տրամադրությունն առաջին պահին նույնիսկ հույսեր արթնացրեց, թե նրանք ամառային հանգստից հետո իրենց ողջ ներուժն ու եռանդը անմնացորդ նպատակաուղղելու են օրենքների կատարելությանը: Սակայն, քվեարկությունից րոպեներ անց խորհրդարանի դահլիճում դարձյալ միայն մի քանի պատգամավորներ էին, ովքեր, թերևս, մնացել էին տեր կանգնելու իրենց հեղինակած օրինագծերին: Ի դեպ, վերջապես ԱԺ-ի հավանությանն արժանացավ նախորդ նստաշրջանում ազգընտիրների (ավելի ստույգ, գործարար պատգամավորների) բուռն քննարկումների առիթ հանդիսացող հարկային փաթեթը: Ինչպես կառավարության ներկայացուցիչներն են պնդում` օրինագիծն այս անգամ ներկայացված է բավական սրբագրված: Ֆիանսների փոխնախարար Սուրեն Կարայանի հավաստմամբ` - Մենք զերծ ենք մնում արտադրություն մուտք գործելուց: Հարկային տեսչության ներկայացուցիչները չեն մասնակցելու արտադրական գործընթացին: Նույնը վերաբերում է ակցիզային համակարգին: Օրենքի նախագծում հստակորեն նշված են հարկային տեսուչի իրավունքներն ու պարտականությունները: Ի դեպ, հարկային փաթեթի առաջադրած պարտավորություններից զերծ են մնալու կոնյակի, ոսկեգործության և ակնագործության արտադրությունները: Այսինքն` մեր երկրի ամենախոշոր արդյունաբերողները կարող են հանգիստ ապրել, քանզի իրենց կողմից ժամանակին բարձրացրած աղմուկը տվել է դրական արդյունք: Հարկային փաթեթը, մեղմ ասած` «կոտրվելու» է մյուս արտադրողների գլխին: Հ. Գ. Փաստենք, որ Ազգային ժողովում շատ խորհրդավոր էր ՀՅԴ խմբակցության անդամների պահվածքը: Պարզվեց, որ ավանդապահ դաշնակցականները պատրաստվում են Կառավարության շենքի մոտ հացադուլ կազմակերպել: Նրանք իրենց այդ «հայրենասիրական» քայլը վերագրում են հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը և հարաբերությունների հաստատմանը` ընդհանրապես դեմ են անգամ առանց թուրքական կողմի նախապայմանների:

Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ