Ընտանեկան երջանկության բանաձևումներ ըստ Լյուդմիլա Պուտինայի


Քառորդ դարից ավելի ապրելով ռուսաստանցի առաջնորդի հետ, ՌԴ Էքս Առաջին տիկինը ֆիլմաշար է թողարկել «Երկար ու երջանիկ» խորագրով: Շարքում ընդգրկված տեսազրույցների թեման մասնավորվում է ենթավերնագրերով` «Ամուսին և կին», «Երջանկությունը փողի մեջ չէ», «Ընտանիքից չես հեռանա», «Ուղեղի մարզանք»: - Խնդիրներ կան, եղել են ու կլինեն: Բայց այս սկավառակների ու նաև ցանկացած հոգեբանի օգնությամբ մարդը կարող է դրանք հեշտ լուծել սովորել,- ասել է Լ. Պուտինան: Սակայն, ինչպես նկատել է բրիտանական The independent-ը (ու հավանաբար ոչ միայն այս լրատվամիջոցը)` տիկին Պուտինան չի տեղեկացրել` տարաձայնություններ ունենալիս ինքն ու ամուսինն օգտվե՞լ են հոգեբանի ծառայությունից: Եվ, ընդհանրապես նրանց ընտանիքի շուրջ ծավալվող խոսակցությունները շարունակում են մնալ որպես օրվա թեմա: Ռուսաստանյան լրատվամիջոցները հաճույքով տիրաժավորում են իրենց վարչապետի լուսանկարները ոչ միայն աշխատանքային պահերին, բայց նրբանկատորեն շրջանցում են նրա անձնական կյանքի թեման: Ասեկոսեները հիմնավորել ցանկացողները մատնանշում են այն փաստը, որ ի տարբերություն գործող նախագահի տիկնոջ` Սվետլանա Մեդվեդևայի, Լ.Պուտինային խիստ հազվադեպ են տեսնում ամուսնու կողքին: Ռուսաստանի սահմաններից հեռու էլ անցյալ տարի տարածվեց այն լուրը, որ Վլ. Պուտինն իբր սիրավեպ է սկսել օլիմպիական նախկին չեմպիոնուհի և ներկայումս խորհրդարանի պատգամավոր Ալինա Կաբաևայի հետ: Վերջինիս համարում են ամենակրքոտ կինը: Պուտինն, իհարկե, հերքեց այդ խոսքուզրույցը` մեղադրելով այն տարածող լրագրողներին, որ «փսլնքոտ քթով» ու «էրոտիկ երևակայությամբ» սողոսկում են իր անձնական կյանք: Թե Պուտինների ընտանիքում ամեն ինչ կարգին չէ թեմայով ասեկոսեներին` ծնունդ էր տվել «Abba»-ի մենեջերի այն հայտարարածը, որ հունվարին Կրեմլի կազմակերպած գաղտնի համերգին պարոն Պուտինը ներկայացել է երկարափեշ կրեմագույն զգեստով երիտասարդ մի կնոջ հետ: Պուտինի մամլո կենտրոնն, ի դեպ, հերքել է այս տեղեկատվությունը` պնդելով, որ նման համերգ ընդհանրապես չի եղել: Բրիտանական լրատվամիջոցը բազմանշանակ մեկ այլ նկատառում էլ է հրապարակել. - Ճիշտ նույն կերպ ընդունված չէ գրել նաև Պուտինի երկու դուստրերի մասին, ովքեր հիմա 20 տարեկանից մի քիչ ավելի են: Ռուսաստանցի լրագրողները նախընտրում են նրանցից հեռու մնալ… Իսկապե՞ս կվերադառնա 2012-ին «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի քաղաքագետների հետ հանդիպման ժամանակ ՌԴ վարչապետ Վլ. Պուտինն ակնարկել է, որ լրջորեն խորհրդածում է 2012-ին Նախագահի պաշտոնին վերադառնալու մասին: Այս խոստովանությունը կատարվել է առանց ռուս վկաների` միջոցառման` մամուլի համար փակ հատվածում: Պուտինի հետ զրույցի ավարտից հետո այս մասին լրագրող ներին պատմել է Գերմանիայի` Ռուսաստանի և Եվրասիայի հետ արտաքին քաղաքականության ծրագրերի տնօրեն Ալ. Ռարը. - Նա մեզ հասկացրեց, որ Դմիտրի Մեդվեդևի հետ ինքը մրցակցելու խնդիր չունի և չի ունենա: Եվ հայտարարեց, թե «Մեդվեդևի հետ մենք նույն խմորից ենք, և որոշումն ընդունելու է կուսակցությունը, որի ղեկավարը ես եմ»: