Հանրամատչելի կրթարան` ցմահ


«Էրեբունի» արգելոց-թանգարանում (տնօրեն` Աշոտ Փիլիպոսյան) անցկացված շնորհանդեսը «Թանգարան» գիտամեթոդական պարբերականի (հուսանք…) և «Թանգարա նային կառավարում» ՅՈՒՆԵՍԿՕ/ԻԿՕՄ ազգային թրեյնինգին (վերապատրաստման դասընթացին) ՀՀ թանգարանների 27 աշխատակիցներին մասնակցության հավաստագրերի հանձնումը իրադարձային գնահատության արժանացավ ոլորտի բոլոր ներկայացուցիչների կողմից: Յուրովի անխոս նշանավորվեց նաև մասնագիտական հանդեսի ծնունդը նախապատրաստած հասարակական կազմակերպության` «Հայաստանի թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի» (ՀԹԱԲԱ) հիմնադրման հինգերորդ տարեդարձը: ՀԹԱԲԱ նախագահ և «Թանգարանի» գլխավոր խմբագիր Հռիփսմիե Պիկիչյանի և Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն» բաժնի հիմնադիր ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանի հետ ԶԼՄ-ների ներկայացուցիչներիս անմիջական զրույցը, մինչ պաշտոնական ծիսակարգը, զգալիորեն մեղմեց «բաց երկնքի տակ թանգարան» հռչակված Հայաստանում պատմամշակութային ժառանգության պաշտոնական խնամքով խանդավառությունը, որ բխում էր «Թանգարանի» առաջին էջում զետեղված նախարարական ուղերձից: «Մեր ժողովրդի հարստությունն ու հպարտությունն իր մշակութային ժառանգությունն է,- գրված էր տիկին Պողոսյանի ողջույնի խոսքում,- որի մի զգալի մասը պահպանվում ու ցուցադրվում է Հայաստանի թանգարաններում: Սրանով է բացատրվում Հայաստանի թանգարանների բավականին խիտ ցանցի գոյությունը, որոնք գտնվում են պետության հոգածության ներքո»: Գոհ և շնորհակալ, ինչպես և բոլոր գործընկերները, թանգարանագիտության ասպարեզում մեր անկախական կեցության 19 տարիների ընթացքում գոյացած «վակուումը» լցնելուն միտված պետական մասնակի աջակցությունից` իր երկարամյա գործունեությամբ, 14 թանգարանների հիմնադրմամբ ասպարեզի մասնագիտական ընդհանուր նկարագրին լավատեղյակ Լավրենտի Բարսեղյանը չի թաքցնում մտահոգությունը պատմամշակութային ժառանգությունը պահպանելուն և հետազոտելուն կոչված հաստատություններում գրեթե համատարած բարձիթողի ներկա իրավիճակով: Աշխարհում եղած թանգարանները, գոնե քաղաքակիրթ երկրներում, վաղուց ցմահ հանրամատչելի կրթարանների կարգավիճակով են գործում: Եվ իսկապես գտնվում են պետության, հետևաբար և հասարակության ուշադրության, հոգևոր-մտավոր հետաքրքրությունների կենտրոնում: Մեզանում ճշգրտված չէ նույնիսկ գործող թանգարանների թվաքանակը: Ընդունված «շուրջ քառասունը» վիճակագրական հաշվետվություններից մեկում 114 է ներկայացվել: Եվ եթե այն չի համապատասխանում իրականությանը, ազգային վիճակագրական ծառայություններն են մեղավոր, որոնք չեն ճշտում ու լրջորեն չեն հետազոտում իրենց «մատուցված» թվերը: Գոնե այս ոլորտում, ըստ նրա, դա ակնհայտ է: Միտումնավոր նսեմացվող խորհրդային ժամանակներում պետությունն, իրոք, շահագրգռված էր իր ոչ միայն թանգարաններում, այլև ողջ տարածքում հայտնաբերված պատմամշակութային արժեքների` իր իսկ հարստության, հաշվառմամբ, պահպանմամբ, ուսումնասիրությամբ: Թող որ գիտական հիմքերը դրանց արժևորման որոշակի կարծրատիպերում էին մասամբ կաղապարված, բայց անտաբերության չէին մատնվում: Նորահայտ գտածոների մասնագիտական արժևորումն ու պետականորեն հավաքագրումը` ևս: Հեղինակավոր գիտարշավախմբեր էին ձևավորվում ու հետևողականորեն ուսումնասիրվում էր որևէ հնամենի արժեքավոր պատմավավերագիր ի հայտ բերած ողջ տեղանքը: Հնագիտական նյութի համակարգմամբ հետազոտական աշխատանքներ էին նախաձեռնվում, որոնց արդյունքները ամփոփվում էին առանձին գրքերում` երբեմն նոր լույսով բացահայտելով վաղնջական իրողությունները: Այսօր առանձին անհատների սրտացավ ջանադրությունն ու հետևողական ահազանգերը` նկատված հնամենի գանձերին տիրություն անելու, հարկավոր չափով ըստ էության չեն էլ կարևորվում, ինչպես, օրինակ, Ջրառատում: Մարիամ Օհանյանի նկարահանած «Ջրառատ. մանրապատումներ» փաստավավերագրական ֆիլմից ծանոթ լինելով հիմնադիր տնօրեն Արմեն Այվազյանի պատանեկան հետաքրքրասիրությունից տարերայնորեն ձևավորված թանգարանի նախապատմությանը` առնվազն տարօրինակ եմ համարում շուրջ 18 հազար ցուցանմուշ ամփոփող մասնավոր այս գանձապահոցի պետականացման գործընթացի անփույթ երկարաձգումը: Տասնամյակներով գործող թանգարաններում խոցելի է նույնիսկ անվտանգության համակարգը: Հավաստիքը` մի շարք գողությունների արտառոց փաստերը: Կասկածահարույց է բնօրինակների իսկությունը: Տագնապեցնում է խելամիտ պաշտոնական վերահսկողության վերացականությունը: Լավ է, որ վերջապես կարևորվում է թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորումը: Բայց նրանցից շատերն առանձնակի ձգտում հանդես չեն բերում ժամանակակից պահանջներին համարժեք կրթություն ստանալու: Մի քանի, հիմնականում` մայրաքաղաքային, պետական թանգարաններում առկա բարվոք աշխատառեժիմը ողջ ցանցում լայն տարածում չի գտնում պետական վերահսկողության ու թանգարանային կյանքը տնօրինողների մասնագիտական փորձի ու հմտությունների անբավարարության պատճառով: Լավատեսության հույսեր են ներշնչում ԵՊՄՀ նորաստեղծ բաժնի առաջատար ուսանողները, ովքեր ուսումնառությանը զուգահեռ կամավոր մասնակցում են ՀԹԱԲԱ նախաձեռնությունների իրականաց մանը` գործնականում ամրապնդելով ստացած գիտելիքները ասոցիացիայի մի խումբ բանիմաց ու փորձառու նվիրյալների հետ փոխշփումներով, համագործակցությամբ: Թանգարանային ներկայիս ցանցի լիարժեք կենսագործունեության առաջնայնացմանը լծված շահագրգիռ անհատների ի հայտ բերած հիմնախնդիրների լուսաբանումը առաջիկայում ծրագրավորելով` ենթադրում եմ, որ «Թանգարան» հանդեսի ցանկալի ծննդյան փաստով ոգևորված ներկաներն իրենք դրական տեղաշարժի այս «ծիծեռնակի» գալստյամբ կհամախմբեն գիտելիքները, հարուստ փորձն ու քաղաքացիական եռանդը ի նպաստ մեր պատմամշակութային ժառանգության պատշաճ պահպանության` ազգային ինքնության պատմական անձնագրի արժևորման համաշխարհային թանգարանային ցանցում նախևառաջ: Ոլորտի բարեփոխման հրատապության գիտակցության առհավատչ յան հանդեսի գաղափարի իրագործումն ապահոված «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Գերմանիայի «Ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակություն» կազմակերպության կայացնող հովանին է, որին սիրահոժար իրենց անձնական ներդրումն են հավելել Մելիք Վարդանեսյանը, Արմոնդ Ավանեսյանը և Ռուզան Աղայանը: Ենթադրվող շարունակականության ռեալականությունը ցույց կտա կյանքը: Ցանկալի է, որ այս ազդակը խթանի ոլորտի արմատական բարելավման հրատապության գիտակցությամբ ներթափանցված պաշտոնական շրջահայաց մարտավարության լայնամասշտաբ կենսագործումը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ