ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Արամ ՍԱՖԱՐՅԱՆ. բանասիրական գիտությունների թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, խորհրդարանական խմբակցութ յան քարտուղար «Ես հպարտ եմ, որ գորիսեցու շառավիղ եմ» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Ես իմ կյանքը երեք անգամ` 1992, 1998 և 2006 թթ. սկսել եմ զրոյից: Ամեն անգամ բոլորովին նոր ասպարեզում ուժերս փորձելով, խզել եմ կապերս նախորդ աշխատանք ներիս հետ: 1992 թ. վերջին ինձ առաջարկեցին Արտաքին գործերի նախարարությունում մամուլի քարտուղար աշխատել: Իսկ ես այդ ժամանակ Երևանի պետական համալսարանում դեկանի տեղակալ էի, բուհական համակարգում հարգված մարդ: 1998-ին ինձ Հայաստանի ազգային հեռուստատեսությունում ազատեցին աշխատանքից: Երկուսուկես ամիս հետո աշխատանքի տեղավորվեցի Երևանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետում` որպես դասախոս, դոցենտ: Դրանից մեկուկես ամիս հետո էլ «Ժամանակ» թերթից հրավեր ստացա` միջազգային մեկնաբանի հաստիքը զբաղեցնելու, որտեղից էլ սկսվեց իմ լրագրողական ակտիվ գործունեությունը: Եվ վերջինը. հայկական երկրորդ հեռուստաալիքի փոխտնօրենն ու քաղաքական մեկնաբանն էի, երբ մտերիմ ընկերներս առաջարկեցին զբաղվել քաղաքական գործունեությամբ. լինել առաջին անդամներից մեկը` նոր ձևավորվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության: Սիրով ընդունեցի այդ առաջարկը և մինչ օրս աշխատում եմ կուսակցության գործադիր մարմնում: Երեք դեպքերում էլ շատ դժվար եմ անցկացրել այդ օրերը, որովհետև չեմ ունեցել փող և հետագա առաջընթացի հստակ երաշխիքներ: Ստիպված եմ եղել օր ու գիշեր անդադրում աշխատել: Այդ փորձությունները հաղթահարել եմ ընտանիքիս բարոյական աջակցության շնորհիվ. չնայած սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներին` կինս, ծնողներս, եղբայրս միշտ կողքիս էին և պատրաստ ամեն հարցում սատարել: Բայց պետք է ասեմ նաև` շատ դասեր եմ քաղել նշածս դժվարություններից, որոնք այժմ էլ ինձ օգնում են` երբեք չհուսահատվել: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Աշխարհի 47 երկրներում եմ եղել` իբրև դիվանագետ, լրագրող, քաղաքական գործիչ և համակրանք ունեմ տարբեր ազգերի նկատմամբ: Շատ լավ եմ վերաբերվում ռուսներին, ֆրանսիացիներին, որովհետև իրենց մշակույթին լավատեղյակ եմ, քանի որ նրանց հետ շփվելու հնարավորություններ շատ եմ ունեցել: Անասելիորեն հարգում եմ չինացիների աշխատասիրությունը: Համոզված եմ, որ Չինաստանը 20-30 տարի հետո աշխարհի առաջատար պետությունն է լինելու: Բայց որտեղ էլ որ եղել եմ` Արևելք թե Արևմուտք, Հյուսիս թե Հարավ, ինքս ինձ «բռնացրել» եմ այն պահին, որ շատ հայ եմ էլի: Նման լինելով շատ ժողովուրդների, միևնույն ժամանակ և տարբեր ենք: Դժվար եմ ինձ պատկերացնում` այլ ազգի ներկայացուցիչ: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Այդպիսի բան չկա, որ տարիներով մեջս պահեմ վիրավորվածությունը: Այո°, երբեմն այնպիսի մարդկանց կողմից եմ անարդար վերաբերմունքի արժանացել, ովքեր և ում գնահատականը կարևոր է եղել ինձ համար: Սակայն ճակատագիրը կարողացել է ինձ սովորեցնել, որ հանգիստ վերաբերվեմ նման երևույթներին: Խորը և հավասարակշռված գնահատականներ տալ, այլ` ոչ թե նորածին զգացմունքների ազդեցության տակ այսրոպեականության գիրկն ընկնել: Սրտնեղության առումով չասվածը խանգարում է ապրելուն: Ասեմ ավելին. Արևելքի` իրանական, հնդկական և չինական հոգևոր ուսմունքներն ուսումնասիրելիս, ես կրկին համոզվեցի, որ մարդն իր անհաջողությունների մեջ առաջնահերթ պետք է իր մեղավորությունը փնտրի: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Խորհրդային Միության փլուզումը: Երկար տարիներ այս հարցի շուրջ մտածել եմ: Բավական լավատեղյակ լինելով հանդերձ գործընթացներին (քանզի լրագրողական հետաքննություն էի վարում այդ ժամանակ), միևնույն է` մինչև հիմա ինձ համար գաղտնիք է. Խորհրդային Միությունը քանդվեց դրսի՞ց, թե՞ ներքին ապաշնորհության և հսկա արտագաղթի պատճառով: Ու ո՞ր գործոնն էր սրանում ավելի որոշիչ և վճռական: Սա ինձ համար մեծ «քաղաքական դրամա» էր, որովհետև կրթությունս և դաստիարակությունս ստացել եմ խորհրդային տարիներին: Իհարկե` երբեք չմոռանալով մեր անկախության կարևորությունը նաև: Իմ ինքնաարտահայտումը` նշածս բնագավառներում, ի վերջո Անկախ Հայաստանում է եղել: - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը: - 1993 թ. ցուրտ ժամանակներն էին. ԱԳՆ շենքում ջերմաստիճանը +7 էր, և մենք վերարկուներով էինք աշխատում: Երեկոյան ժամը 6-ին ինձ զանգահարեց Ժիրայր Լիպարիտյանը և ասաց. «Բարոն Սաֆարյան, տեղ չերթաք, ձեզի հետ գործ մը ունիմ»: Չնայած, որ անտանելի ցուրտ էր, բայց դե փոխնախարարն ինձ հետ կարևոր գործ ուներ. ի՞նչ արած` պետք էր դիմանալ: Սպանում եմ մեկ ժամ, երկու ժամ… դարձավ ժամը 21-ը: Համբերությունը լավ բան է, բայց ինչքա՞ն կարելի է ցրտադիմացկունությունս ստուգել: Ճարահատյալ բարձրացա փոխնախարարի աշխատասենյակ և ինչ տեսնեմ. ակնոցը ճակատին բարձրացրած, ոտքերը սեղանին դրած, վիսկիով լցված բաժակը ձեռքին, սիգարը բերանում այնպես հանգստավետ ընկղմվել է աթոռի մեջ, կարծես ինքը չէր մի քանի ժամ առաջ… Հասկացավ, որ ինձ մոռացել է և. «Է¯, բարոն Սաֆարյան, համեցեք ներս, մեկ բաժակ վերցրեք և եկեք»: Հիմա փորձում է հարթել իր ստեղծած անհարմար իրավիճակը ու հարցնում է. «Ինչ ծրագիրներ ունեք ապագայի հարցում»: Ես էլ պատասխանեցի, որ եկել եմ արտգործնախարարություն` հուսալով, որ ինձ երբևէ Մոսկվա կուղարկեն` աշխատելու Հայաստանի դեսպանությունում, քանի որ անչափ շատ եմ սիրում այդ գործը: Տարանշանակ հայացքով նայեց աչքերիս և շարունակեց. «Բարոն Սաֆարյան, բարոն Սաֆարյան, շատ ազնիվ եք, նույնիսկ չափազանց»: Այդպես էլ երբեք Մոսկվայի դեսպանատանը չաշխատեցի: - Մանկության այն հուշը, որը մինչ այժմ ուղեկցում է Ձեզ: - Պապիս հայրն իր ընտանիքով Գորիս քաղաքից հեռացել է 1901-02 թթ.` տեղափոխվելով Աշխաբադ: Իսկ պապս եղել է հեղափոխական: Ապրելով Թիֆլիսում, Բաքվում, 1920-ականներից եկել է Հայաստան և 1937-ից վերջնականապես հաստատվել Երևանում: Նույն թվականին էլ իր ազնվությամբ հայտնի արդարադատության գեներալ Գաբրիել Սաֆարյանը` պապս, ենթարկվում է ստալինյան ռեպրեսիաներին և շատ է տուժում: Մի խոսքով, 13-14 տարեկան էի, հայրս ինձ տարավ Գորիսի մեր պապենական տան առջև և ասաց. «Սա այն տունն է, որ կառուցել է քո պապի պապը և որը Խորհրդային իշխանությունների հաստատումից հետո ինչ-ինչ պատճառներով այլևս մեր ընտանիքինը չէ»: Թեպետ 100 տարի է, ինչ մեր ընտանիքը դուրս է եկել Գորիսից, բայց այդ զգացողությունը երբեք ինձ չի լքում: Եվ ես հպարտ եմ, որ գորիսեցու շառավիղ եմ:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ