Նոր սերունդն իր երկրի տերն է ուզում լինել


Վահագն Մինասյանը, Գոռ Առաքելյանն ու Սուրեն Սահակյանը քաղաքական հավակնություններ չունեն, պաշտոն չեն երազում: Ներկայանալիս էլ հատուկ ընդգծում են` «Հայաստանի Հանրապետության քաղաքացի»: «Վճարում ենք 100 դրամ» շարժումն էլ, ինքնաբուխ է ստացվել: Ներքաղաքային տրանսպորտի թանկացումից ընդամենը 3 օր առաջ իրենց 10-15 համախոհների հետ հավաքվել, քննարկել են, թե ինչպես պայքարել հերթական գնաճի դեմ: Իսկ հավաքվածները նման պայքարի փորձ արդեն ունեին. իրար ճանաչում էին Մաշտոցի պուրակում կազմակերպված ընդվզումից:

Նրանց որոշման արդյունքը մեր համաքաղաքացիները տեսան թանկացման նախորդ օրից սկսած. կանգառներում փակցվող թերթիկների և կանգառների մայթեզրերին կատարվող գրառումների տեսքով: Ամենակարևորը` Երևանի քաղաքապետը կասեցրեց իր հրամանի կիրարկումը: Կասեցվեց, բայց չեղյալ չհայտարարվեց: Եվ տղաները որոշեցին պայքարը շարունակել անժամկետ նստացույցով:

Իհարկե, ինչպես առաջին օրերին, հիմա էլ նրանց շատերն են միանում: Ոմանք քննադատում են նրանց, ոմանց էլ հետաքրքրում է, թե ո՞վ է տղաների «թիկունքին», ո՞վ է կազմակերպիչը:

- Ես այլ կերպ եմ վերաբերվում «կազմակերպիչ» կամ «լիդեր» երևույթին,- ասում է Վահագն Մինասյանը:- Կարծում եմ` դա շատ բնական պրոցես է, եթե բնական ընտրությամբ է կատարվում: Միշտ էլ լինում են մարդիկ, ովքեր թե´ ինտելեկտուալ առումով, թե´ կազմակերպչական ձիրքով գերազանցում են իրենց ընկերներին:

Վահագնի հետ մեր զրույցը բավական երկար էր: Եվ ոչ միայն այն պատճառով, որ թեմային առնչվող ամեն մանրամասն փորձում էինք ճշտել: Պարզապես շատ հետաքրքիր զրուցակից է` ամենատարբեր հարցերի շուրջ իր ինքնատիպ վերաբերմունքով, ինքնուրույն մտածողությամբ:

- Սադրանքներից խուսափելու ի՞նչ պրոֆիլակտիկա էիք որդեգրել:

- Թռչկանի պայքարից, Գետահովիտի, Խոսրովի արգելոցի պայքարից փորձ ունեինք: Մենք նախօրոք ոստիկաններին հայտարարում էինք, որ գործելու ենք բացառապես իրավունքի գերակայության սկզբունքով, չենք հրահրելու որևէ բախում: Իսկ ովքեր կփորձեին նման քայլի դիմել, կվիրավորեին աշխատակիցներին, ուրեմն նրանք մեր ակցիայի մասնակիցներից չեն: Մաշտոցի պուրակի փորձն էր հիմնականում ներդրված սադրիչներից զերծ մնալու նպատակով: Բնականաբար, սադրիչներ մինչ օրս էլ կան, գնում գալիս են, նույնիսկ շատերին արդեն դեմքերով գիտենք:

- Ձեզ նաև համասեռամոլնե՞ր են այցելել:

- Ես այսպես կբնութագրեմ նրանց` տրանսիստիտ մարմնավաճառներ: Տրանսիստիտը ինչ-որ սեռական կողմնորոշում է, որի նկատմամբ ինքս անտարբեր եմ. դա իրենց որոշումն է, ինձ չի վերաբերում, բայց մարմնավաճառությունը օրենքով պատժելի է և անընդունելի` ինձ համար: Տվյալ դեպքում այս երկուսը համատեղվել էր մեկում: Դա նստացույցի առաջին գիշերն էր, և փորձում էին առաջին իսկ օրը...

- Բախո՞ւմ հրահրել:

- Այո: Իրենց հաշվարկը դա էր, սակայն տեսան, որ դա չստացվեց: Մենք բավականին իրավագիտակից մարդիկ ենք և հասկանում ենք, որ դա ուղղորդված ինչ-որ երևույթ է: Նույնիսկ այդ տրանսիստիտ մարմնավաճառներից մեկը մի ակնթարթ ասաց, որ իրենց ուղարկել են իմանալու` ինչումն է բանը:

Դրանից հետո գրեթե բոլոր լրատվամիջոցները կարծես արտառոց երևույթ էին փնտրում քաղաքապետարանի դիմաց: Նույնիսկ հարկ համարեցինք բոլոր լրագրող ներին հայտարարել, որ եթե եկել են սենսացիա որոնելու, մենք չենք պատրաստվում պատասխանել նմանատիպ հարցերին, քանի որ այստեղ ձևակերպված է հստակ քաղաքական պահանջ:

- Քաղաքակա՞ն, թե՞ քաղաքացիական:

- Ես չեմ ուզում տարանջատել այդ երկու երևույթները: Ցանկացած ընդվզում, բողոքի դրսևորում, որը տևական պայքարի արդյունք է, կամ որոշակի իմաստով կազմակերպված շարժում է, ես դասական քաղաքականություն եմ համարում: Հանրությունը խուսափում է քաղաքական կամ քաղաքականացված երևույթներից և դրա համար հիմնավոր պատճառներ ունի: Նախկինում բոլորս էլ ականատես ենք եղել, թե ինչպես տարբեր քաղաքական կուսակցություններ, ՀԿ-ներ, ինչ-որ կազմակերպություններ մտել են զանազան պայքարների մեջ, սակայն գերադասել են իրենց և ոչ թե հանրային շահը: Արժեզրկել են քաղաքականություն կամ քաղաքականացված երևույթը: Բայց սա քաղաքական պահանջ է` կոնկրետ պաշտոնյաների պաշտոնանկություն, ինչն առաջադրվել է քաղաքացիների կողմից: Այլ հարց է, որ մենք քաղաքական գործիչներ չենք, մենք կուսակցական պատկանելություն չունենք:

- Փաստորեն դուք մերժում եք կուսակցականությունը ձեր շարքերում:

- Մերժում ենք դրոշի առկայությունը, դրոշի շահի հետապնդումը: Իսկ առհասարակ ցանկացած կուսակցական որպես քաղաքացի կարող է գալ, եթե առաջարկ ունի:

- Մինչ օրս հրավիրված հանրահավաքները` շատ ամբիցիոզ խոստումներով, սահմանափակվել են ընդամենը քաղգործիչների, կուսակցապետերի գանգատներով, թե իբր ընտրություններում կեղծվել են իրենց քվեները: Ձեր պարագայում ամեն ինչ ինքնաբուխ էր, և դատելով արձագանքներից` մեզանում քաղաքացիական հասարակութ յուն է ձևավորվում:

- Ասեմ, որ շարժման ընթացքում փորձելու ենք նաև չակերտավոր ասած` մտքի և մշակութային հեղափոխություն իրականցնել: Մեր թիրախը եղել է առաջին հերթին հանրային գիտակցությունը որոշակի կարծրատիպերից ազատելը: Ինքս որոշակի կարծրատիպերով եմ ապրել` մինչև Մաշտոցի պուրակի պայքարը: Օրինակ, երբեք չէի դիմի ոստիկանության աշխատակցին, եթե ինձ հայհոյեին կամ խփեին: Ինքս կփորձեի հարցերը կարգավորել, այդպիսով հավասարվելով անթույլատրելի վարքագիծ դրսևորող անձնավորությանը: Իսկ այդ պայքարի ընթացքում հասկացա, որ դրա համար կան կարգ ու կանոն, կան օրենքներ, և ես որպես քաղաքացի, պարտավոր եմ հետևել ու պահպանել այդ օրենքները: Ես հիմա չեմ ամաչում խնդիրները օրենքով սահմանված կարգով լուծել: Մեր սերունդն արդեն փոքր-ինչ ձերբազատված է այդ քրեական արժեքային համակարգից: Այդ իմաստով շատ դրական փոփոխություններ են եղել մարդկանց մեջ: Ամեն դեպքում, ազատ ապրելակերպը, գործելակերպը պետք է համակարգված լինի, որովհետև բարձիթողի ազատությունը կարող է նաև շեղել իրական ուղուց: Մաշտոցի պուրակում բազմաթիվ մշակութային միջոցառումներ ենք կազմակեր պել և շարունակելու ենք կազմակերպել: Կոնկրետ քաղաքապետարանի դիմաց մի քանի օր շարունակ մեր ընկերներից մի քանիսը անվճար անգլերենի դասընթացներ կազմակերպեցին: Հավաքվել են երաժիշտներ, գրողներ, իրենց մտածումները կիսել: Առաջին օրը, երբ այստեղ ջրերը միացրեցին, ցնցուղներից մեկը կոտրվեց, և ջուրն առատ շիթով սկսեց լցվել երիտասարդների վրա, վերջիններից մեկը պարզապես հեռախոսով երաժշտություն միացրեց: Մի խումբ երիտասարդներ այդ ջրի շիթերի տակ պարում էին... Անցորդներն ապշել էին. դա, կարծում եմ` նորություն էր մեր քաղաքի մշակույթի մեջ:

- Դուք պահանջում եք երկու պաշտոնյայի պաշտոնանկությունը: Արդյո՞ք նրանց պաշտոնանկությամբ կարող են խնդիրներ լուծվել:

- Սովորաբար, եթե թիրախը ընտրում ես բուրգի գագաթը և հասնում ես հաջողության ու ընտրությունը թողնում ամենաներքևի շերտին, այսինքն հանրությանը, մեջտեղի հատվածում մնում են նույն մարդիկ: Ժողովուրդը ում էլ ընտրի, այդ գործիքները գործելու են: Մեր որդեգրած մարտավարության հիմքում ընկած է, այսպես ասած` հեղափոխությունը ներքևից: Ինչո՞ւ հատկապես էս երկուսը: Բացի այն, որ նրանք կատարել են ապօրինի, անհիմն, որոշ իրավաբանների կարծիքով` նաև հակասահմանադրական հանձնարարություն, նաև դրսևորել են բացարձակ անգործություն և գրավոր իրենց կարծիքները հակասահմանադրականության կամ ապօրինության մասին չեն հայտնել վերադասին: Բոլորը պետք է հասկանան, որ եթե ապօրինի հանձնարարական կատարեն, անպայման հայտնվելու են քաղաքացիներ, ովքեր պահանջելու են իրենց հրաժարականը: Այդ իմաստով, գտնում ենք, որ հիմնավորված ու տրամաբանական է այդ երկուսի պաշտոնանկության խնդիրը. այս երկու պաշտոնյաները օրեր շարունակ փողոցներում տեղի ունեցող ակցիաների ընթացքում հայտնվում էին, հայհոյում քաղաքացիներին, նույնիսկ ձեռնամարտի բռնվում նրանց հետ:

Նախկինում, օրինակ Մաշտոցի պուրակում, երբ հանրային տարածքն ի վերջո ազատագրվեց և հանձնվեց հանրությանը որպես այգի, այնտեղ չբարձրացվեց իրավական պատասխանատվության հարցը: Ապօրինի որոշումներ կայացնողները պատասխանատվության չենթարկվեցին: Սա ես համարում եմ բացթողում:

- Ինչո՞ւ հատկապես տրանսպորտի ուղեվարձն ընդվզման առիթ հանդիսացավ:

- Նախ գազի գնի դեմ ընդվզմանը մասնակից եմ եղել նաև ես` իմ մի քանի ընկերների հետ: Քիչ մարդ հավաքվեց: Հանրային լսումների համար տրամադրվեց շատ փոքր սենյակ, անձամբ ես բոյկոտեցի տեղի փոքրության պատճառով այդ լսումները: Հետո էլ մեզ ընդհանրապես թույլ չտվեցին մասնակցել այդ լսումներին: Կարծում եմ` շատ մարդ չմիանալու պատճառը հետևյալն է. մենք ցավոք սովոր ենք այսօրվա օրով ապրել, եթե այս պահին մեր գրպանին կպնող ոչինչ չկա, մենք «դե մի բան կանենք» սկզբունքով ենք առաջնորդվում: Իսկ երթուղայինների գնի թանկացումը հենց տվյալ պահին էր վերաբերում: Կարծում եմ` դա էր պատճառը, որ փոխադրավճարների թանկացումը շատերին միավորեց:

Ի դեպ, հանրային տրանսպորտից Վահագնը չի օգտվում. անձնական օգտագործման ավտոմեքենա ունի, որն այս օրերին կացարան է դարձել նստացույցավորների համար: Ասել է թե` անձնական շահը չէ նրան ու իր ընկերներին առաջնորդողը: Իրենց պայքարի հաջողությանը նրանք չեն կասկածում և չեն էլ պատրաստվում բավարարվել միայն այս ակցիայով: Հասարակության շահերից չբխող ցանկացած խնդիր որոշել են բարձրաձայնել.

- Հանրությունը հասկացավ, որ միասնական ուժերով կարելի է փոխել ամեն բան: Հետևաբար, տրամաբանական եմ համարում այսուհետ հատկապես սոցիալական խնդիրների շուրջ ավելի լայն հանրային շերտերի համախմբումը և խնդիրների ավելի ռացիոնալ լուծումներ գտնելը: Իսկ ինչ վերաբերում է այս շարժման տրամաբանական ավարտին, այն բնականաբար կլինի այս երկու պաշտոնյաների պաշտոնանկությունը, տրանսպորտի միասնական համակարգի ստեղծմանը նպաստելը: Ի՞նչ ասել է գծատեր. այդ երևույթը պետք է վերանա, և տրանսպորտը պետք է պետականացվի: Մենք հայտարարել ենք, որ չենք հանդուրժելու քրեական արժեքային համակարգ ունեցող որևէ պաշտոնյայի մասնակցությունը հանրությանը վերաբերող որոշումներին, ուշադիր հետևելու ենք բոլոր կառույցներում պաշտոնավարող անձանց: Ամենավերջին նշակետը իրավագիտակցող քաղաքացու ձևավորումն է:

Նոր սերունդն իր երկրի տերն է ուզում լինել: Եվ լավ է, որ խնդիրը քաղաքական հարթություն չի տեղափոխվում: Այս ընդվզումն ավելի շատ քաղաքացիական հասարակության ձևավորման նախանշանը կարելի է համարել: Իսկ ժողովրդի կարծիքի հետ հաշվի են նստում, եթե պահանջատերը առողջ հասարակությունն է: