ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ


Գերության մեջ հայտնված հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հարցազրույց է տվել: Ակնհայտ է, որ Բաքուն արդեն երկու կետով խախտել է Ժնևի կոնվենցիան, երբ փոխել է գերու զգեստները, ադրբեջանական բանակի համազգեստ հագցրել և պարտադրել է նրան հարցազրույց տալ: Ողջ աշխարհում սրանք համարվում են արգելված քայլեր, բայց ահա Ադրբեջանի համար արգելված ոչինչ չկա: Այս ամենն էլ վկայում է, որ, այնուհանդերձ, ինչ-որ առեղծված կա Ինջիղուլյանի` ադրբեջանական «սահմանը» խախտելու հանգամանքի մեջ:

Ինչպես նշեցին մեզ հետ զրուցած նրա հարազատները, իրենք չեն հավատում, որ Ինջիղուլյանը միամտաբար խախտած լիներ սահմանը: Նրանք հակված են կարծելու, որ հայ զինվորին առևանգել են և այժմ, առևանգման փաստը պարտակելու նպատակով, նրան ստիպել են հարցազրույց տալ, ինչ-որ հորինված պատմություններ ներկայացնել: Երեկվա քոչվորները չեն կարող հասկանալ, որ հայ մարդը, հայ զինվորն իր երկրից երբեք Ադրբեջան չի գնա:

Տարօրինակն այն է, որ այս օրերին միջազգային Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի աշխատողներին այդպես էլ չի հաջողվում հանդիպել գերու հետ... Կամ, գուցե, չե՞ն ուզում... Այս կասկածն ավելի հավանական է, քանզի ցանկության դեպքում, հենվելով միջազգային կոնվենցիաների վրա, Կարմիր խաչի գրասենյակի աշխատակիցները կարող էին անարգել հանդիպել հայ գերու հետ: Ուրեմն` այս դեպքում չկա շահագրգռվածություն: Եվ մինչ Կարմիր խաչը հապաղում է, Բաքուն Ինջիղուլյանին օգտագործում է իր անպատկառ քարոզչության համար: