Եվրասիակա՞ն, թե՞ Եվրամիություն


Հայաստանը Եվրամիության շատ երկրներից ավելի շատ եվրոպական է

Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական միություն. այս երկուսից ո՞րը պետք է ընտրի Հայաստանը: Այս հարցը վերջին շրջանում դարձել է հանրության լայն խավերի քննարկման թեմա: Կարծիք կա, որ Մոսկվան ջանում է Հայաստանը հետ պահել Եվրամիությանն անդամակցելուց: Ինչի՞ կարող են հասցնել այս գործընթացները, ի՞նչ զարգացումներ են հնարավոր: Այս և այլ հարցերի շուրջ է զրույցը Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

Եվրամիություն, թե՞ Եվրասիական միություն բանավեճի շրջանակում վերջերս լուր ստացվեց, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեպքում ռուսական գազի և ուրանի գները կտրուկ կէժանանան: Ձեր կարծիքով, այս հարցում ի՞նչ զարգացումների ականատեսը կարող ենք լինել մինչև աշուն:

- Կարծում եմ` այն, ինչը ասելու եմ, կտարբերվի Հայաստանի հասարակության ներսում գոյություն ունեցող պատկերացումներից կամ մոտեցումներից: Ձեր նշած բանավեճում ես խնդիր չեմ տեսնում և կարծում եմ, որ այդ երկու ինտեգրացիոն գործընթացների արհեստական հակադրումն իրականում գոյություն չունի: Կարծում եմ` Եվրամիության հետ ասոցացման և խորը, համապարփակ առևտրի համաձայնագիրը Հայաստանը նոյեմբերին կստորագրի: Եթե նույնիսկ չստորագրի, դա կլինի ոչ թե Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ինչ-որ գործողությունների, այլ եվրոպական կառույցների հետ կապված ինչ-ինչ խնդիրների արդյունք: Հետո ինձ համար այնքան էլ պարզ չէ, թե ինչպես պետք է լինի Եվրասիական կամ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը: Մեր աշխարհագրական դիրքը խանգարում է այդ անդամակցությանը: Մեր և Մաքսային միության միջև կան Վրաստանն ու Ադրբեջանը: Կան մարդիկ, ովքեր առաջադրում են Կալինինգրադի տարբերակը` մոռանալով, որ Ռուսաստանը Կալինինգրադի անկլավ մուտք ունի Բելառուսի և Եվրամիության տարածքով:

Հայաստանի համար Կալինինգրադի անկլավը, որպես օրինակ, հիշատակել էր ՌԴ պաշտոնյաներից մեկը, ինչը շատ վիրավորական էր հնչել:

- Նույնիսկ այդ դեպքում մենք մոռանում ենք, որ ստիպված կլինենք մեր կապը ՌԴ-ի հետ իրականացնել Վրաստանի կամ Ադրբեջանի տարածքներով, ինչն անչափ խնդրահարույց կարող է լինել թեկուզ միայն տնտեսական մասով: Իսկ քաղաքական մասով Հայաստանն այսօր ունի երկկողմ ռազմաքաղաքական հարաբերություններ Ռուսաստանի հետ և բազմակողմ` ՀԱՊԿ-ի շրջանակում: Ռուսաստանը կա և ապագայում էլ կմնա միակ երկիրը, որն անհատույց կամ շատ էժան գներով զենք ու զինամթերք կմատակարարի Հայաստանին:

Բայց Ռուսաստանն այսօր ժամանակակից սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին, որի հետ մեր երկիրը պատերազմական դրության մեջ է:

- Շատ երկրներ են նույն կերպ վարվում: Միացյալ Նահանգներն իր երկու դաշնակիցների` Թուրքիայի և Հունաստանի հետ էր այդ կերպ վարվում: Երկրորդ. եթե Ռուսաստանն այդ սպառազինությունը Ադրբեջանին չվաճառեր, վերջինս հաջողությամբ այդ նույն զենքը կարող էր գնել մի երրորդ երկրից: Մեզ համար կարևոր է, որ այդ զենքը շուկայական գներով վաճառելով Ադրբեջանին, Ռուսաստանը պահպանում է ռազմական հավասարակշռությունը մեր և Ադրբեջանի միջև` համարժեք զինատեսակներ անվճար կամ բավական մատչելի գնով տրամադրելով մեզ:

Այսինքն, Ադրբեջանին Ռուսաստանի սպառազինություն մատակարարելը պետք է դիտարկել որպես սոսկ առևտրական գործա՞րք :

- Այո: Եթե Ադրբեջանը համոզված լիներ, որ օրինակ, երեք օրում կարող է հաջողության հասնել, անպայման պատերազմ կսկսեր: Իսկ նրան այդ հարցում զսպում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը, որը ապահովում է մեր նաև թուրքական ուղղությունը:

Մի քիչ չենք չափազանցնու՞մ թուրքական վտանգի գործոնը: Վերջապես, աշխարհը փոխվում է: Հետո, որքան Ռուսաստանն է Հայաստանի համար անհրաժեշտ, այնքան էլ Հայաստանն է Ռուսաստանի համար կարևոր, որովհետև Հայաստանը Ռուսաստանի միակ հենման կետն է Հարավային Կովկասում:

- Ես իսկապես կուզենայի, որ այդպես լիներ: Բայց համոզված չեմ, թե այսօրվա Ռուսաստանը այնքան ռեսուրս ու գլոբալ քաղաքական հետաքրքրություն ունի, որպեսզի Հարավային Կովկասում այդքան մեծ ռեսուրս ներդնի ռազմական ներգրավվածության համար:

Այդ դեպքում Արևմուտքը, Եվրոպան ինչո՞ւ են մեծ ջանքեր գործադրում Կովկասում ներկայություն ունենալու համար:

- Եթե շատ մեծ ջանքեր գործադրելու լիներ, կարող էր ժամանակին Վրաստանին էլ ՆԱՏՕ-ում ընդգրկել: Իրականում կարծում եմ` աշխարհաքաղաքական պայքարի պատկերը չափից մի քիչ ավելի է ուռճացված: Այս պահին սառը պատերազմի ժամանակների մրցակցությունը չի:

-Իսկ Դուք որքանո՞վ եք հավատում Հայաստանում Գելափի վերջին սոցհարցումների արդյունքներին: Ըստ դրանց, մեզանում հարցվածների 61 տոկոսը կողմ է Եվրասիական միությանն անդամակցությանը :

- Մեթոդաբանական առումով չգիտեմ, թե դրանք որքանով են ճշգրիտ, բայց ինձ թվում է` արդյունքները տրամաբանական են: Հայաստանում հասարակության մեծամասնությունն ունի ռուսամետ մոտեցումներ` շատ պարզ պատճառներով. անձնական, գործնական, բարեկամական կապերն ավելի շատ են, քան այլ երկրների հետ: Այլ բան է, որ քաղաքական վերնախավի համար պատկերը փոքր-ինչ ուրիշ է: Հարցումներն արվել են ոչ միայն հասարակության ավելի քաղաքականացված հատվածի շրջանակում: Եթե շարքային բանվորի կամ գյուղացու համար (ում եղբայրը աշխատում է Ռուսաստանում, մի այլ բարեկամ էլ փող է ուղարկել դարձյալ Ռուսաստանից), հասկանալի է, որ ՌԴ-ը այլ է, քան լրագրողի կամ քաղաքական գործչի, ովքեր համեմատելու բան կունենան:

- Ռուսաստանի հանդեպ գուցե այդպիսի վերաբերմունք գոյություն ունի: Բայց Ձեր նշած շարքային բանվորը կամ գյուղացին ի՞նչ իմանա, թե ինչ է Եվրասիական միությունը, որը ներկայումս նույնիսկ գոյություն էլ չունի:

- Ես էլ դա եմ ասում: Ռուսաստանը տվյալ մարդկանց համար մի ընդհանուր պատկեր է, շատերի մոտ ԽՍՀՄ-ի կարոտախտ կարող է լինել, ինչը նույնպես կարևոր դեր է խաղում:

Իսկ այնուամենայնիվ, դեպի ու՞ր հակված կլինի Հայաստանը քաղաքակրթական առումով: Վերջիվերջո, «Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական միություն» հարցադրումը նաև քաղաքակրթության ընտրություն է:

- Ես կարծում եմ` Հայաստանն ավելի շատ եվրոպական է, քան Եվրամիության շատ երկրներ: Քաղաքակրթական առումով և´ Հայաստանը, և´ Վրաստանը Բրյուսելից այդքան էլ հեռու չեն: Վրաստանի նախկին վարչապետ, հայկական ծագում ունեցող Զորաբ Ժվանիան Ստրասբուրգում ասել էր` ես վրացի եմ, հետևաբար ես եվրոպացի եմ, Թբիլիսիում բոլորը կատակում էին` ասելով. ես եվրոպացի եմ, որովհետև ես վրացի եմ, իսկ քանի որ ես վրացի եմ, ուրեմն ես հայ եմ:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ