Ինչ կարող էր նշանակել թուրք հովվի սպանությունը


Ինչպես երևում է, հայ-թուրքական սահմանին թուրք ռուս սահմանապահների կողմից հովվի գնդակահարությունը դեռ շատ երկար ժամանակ քննարկման առարկա է լինելու: Անձամբ ես չէի շտապում անդրադառնալ այս թեմային` միակողմանի մեկնաբանությունից խուսափելու նպատակով և գերադասելով սպասել կողմերի, տվյալ դեպքում ռուս սահմանապահների պարզաբանումներին:

Սակայն, վերջերս էլեկտրոնային լրատվամիջոցներից հայտնի դարձավ, որ Հայաստանում Ռուսաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալեն կոն սկսել է քարոզչական ակտիվ գործունեություն ծավալել` ջանալով մասնավորապես հայ հանրության շրջանում սերմանել Եվրամիությանը Հայաստանի ինտեգրվելու, եվրոպական ճանապարհը որդեգրելու նկատմամբ բացասական վերաբերմունք: Քաղաքագիտական, վերլուծաբանական շրջանակները սպասում էին, որ Ռուսաստանը եվրոպական ուղղության ընտրության դեմ քարոզչական սուր պայքար կսկսի սեպտեմբերից: Սակայն ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Իսկ այդ քարոզչության ակտիվացման համար որպես առիթ ծառայեց հայ-թուրքական սահմանին թուրք հովվի սպանությունը: Հայ հանրության գիտակցության վրա ազդելու համար առիթը շատ ճիշտ էր ընտրված. Թուրքիայի հետ հարաբերությունները հայերի համար հասկանալի պատճառով միշտ էլ խնդրահարույց են եղել:

Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպանը որոշել է մտահոգությունները կիսել` Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի շուրջ: Ըստ նրա, տեղեկություն կա, որ այդ համաձայնագրում առկա է դրույթ` արտաքին քաղաքական և սահմանների պաշտպանությանը վերաբերող հարցերը Եվրամիության հետ համակարգելու մասին: Նկատենք, որ Թուրքիան ԵՄ մաքսային միությանն անդամակցող երկիր է, իսկ Ռուսաստանի սահմանապահները հայ-թուրքական սահմանը հսկում են որպես ԱՊՀ արտաքին սահման: Հատկանշական է, որ Հայաստանի սահմանի պաշտպանությանը վերաբերող հարցերը ԵՄ հետ համակարգելու հնարավորության մասին Մոսկվան ՀՀ-ում իր նախկին դեսպանի շուրթերով բարձրաձայնում է հայ-թուրքական սահմանին թուրք հովվի հետ կապված ցավալի միջադեպից անմիջապես հետո: Այսինքն` երբ ՀՀ և Թուրքիայի միջև լարվածությունն անխուսափելի է: Այս իրավիճակում Հայաստանում առաջնահերթություն է դառնում Թուրքիայից եկող ռիսկերի քննարկումը: Եվ հայ հանրության շրջանակներում գոյություն ունեցող կարծրատիպերի շնորհիվ (թե հիշյալ ռիսկերը կարող է դիմագրավել միայն Ռուսաստանը) շահում է Ռուսաստանը: Ըստ էության, ՌԴ-ն պաշտպանվում է ԵՄ հնարավոր պահանջից` հայ-թուրքական (որ նույնն է, թե Հայաստան-ԵՄ) սահմանի պաշտպանությունից հեռացնել երրորդ երկրի` ՌԴ սահմանապահներին և սահմանը հսկել կա´մ հայկական, կա´մ ԵՄ սահմանապահներով:

Ասոցացման համաձայնագրի տեքստը ԵՄ և ՀՀ համաձայնությամբ դեռևս չի հրապարակվում, և հայտնի չէ` նման պահանջ, նման դրույթ այնտեղ կա՞, թե ոչ: Այսինքն, Եվրամիությունը պաշտոնապես նման պահանջ առայժմ չի ներկայացրել, այդ մասին միայն ենթադրությունների մակարդակում կարելի է խոսել: Հենց այդ մակարդակում էլ կարելի է ընդունել ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպանի շուրթերով արտահայտած Մոսկվայի մտահոգությունները: Սակայն, ինչպես ասում են, առանց կրակ ծուխ չի լինում: Եվ ըստ երևույթին, Ռուսաստանն առել է իր համար մոտեցող վտանգի հոտը և նյարդայնանում է:

Հայ-թուրքական սահմանին ռուսական սահմանապահների ներկայության երաշխիքը ՀՀ-Թուրքիա լարվածության պահպանումն է, ինչը ՌԴ-ին հնարավորություն է ընձեռում փակ պահել հայ-թուրքական սահմանը, կիսաշրջափակման մեջ պահելով Հայաստանը` զրկելով նրան տարածաշրջանային տնտեսական լայն համագործակցութ յունից, ինչը սուվերենության և զարգացման նախապայմանն է: Այս առումով, Թուրքիային հովվի հետ կատարվածի առնչությամբ Հայաստանի ԱԳՆ-ի հղած ցավակցական հեռագիրը ճիշտ ժամանակին արված քայլ էր` միտված վերոհիշյալ լարվածությունը լիցքաթափելուն: Բայց ոչ մի երաշխիք չկա, որ նման կամ ավելի սուր միջադեպերն առաջիկայում չեն կրկնվի: Եվ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի հնարավորինս շուտ հրապարակումը, և դրա շուրջ շահագրգիռ քննարկում սկսելը, եթե ոչ պարտադիր, ապա գոնե ցանկալի է: Ի դեպ, այդ մասին վերջերս Երևանում նշել է նաև ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ