Կորչի´ ուղեվարձը


Մինչ երևանյան գծատեր օլիգարխները փորձում են ձեռքներն ավելի խորը մտցնել անվճարունակ բնակչության դատարակ գրպանները, Պետերբուրգի քաղաքապետ Գեորգի Պոլտավչենկոն ուսումնասիրում է էստոնացի իր պաշտոնակցի փորձը` ներքաղաքային ուղևորափոխադրումն անվճար դարձնելու:

Անցյալ շաբաթ նա այցելել է Տալլին, որտեղ հունվարի 1-ից տրանսպորտն անվճար է. բայց միայն` մայրաքաղաքի բնակչության համար: Օրինասեր էստոնացիները դրանից առաջ համաքաղաքային հանրաքվե են անցկացրել: Հիմա արդեն յուրաքանչյուր տալլինցի պլաստիկ քարտ պետք է ունենա, որը գրանցվում է համացանցում: Էլեկտրոնային այդ մշտականները գնում են մոտ 2 եվրոյով: Այսինքն, տրանսպորտն այնտեղ այնքան էլ անվճար չէ, բայց 1 ամսվա համար 2 եվրոն էլ ուղեվարձ չես համարի:

Այս քայլն, ի դեպ բարեգործական ակցիա չէ: Իշխանությունները հաշվարկել են, որ Տալլինի մշտական գրանցում չունեցող բնակիչները հանուն դրա կհաշվառվեն, ինչի արդյուքում բյուջեն կհամալրվի լրացուցիչ հարկերով (ըստ կանխատեսումների` 3-4 մլն եվրո):

Պետերբուրգի քաղաքապետը ևս որոշակի հաշվարկներ կատարել է, սակայն ասել է միայն, որ մտադիր է այդ փորձը կիրառել նաև հայրենի քաղաքում` մեկ վերապահումով. մետրոն անվճար դարձնելը շատ թանկ կարժենա, բայց վերգետնյա տրանսպորտը կարելի է փորձել: