«Մենք աթոռի, աթոռակռվի խնդիր չունենք»


Այսօր Ազատության հրապարակը զբաղեցրած ազատամարտիկները ժողովրդին համախմբման կոչ են անում: «Միայն համազգային համախմբման արդյունքում է հնարավոր կարգավորել ազգային ու պետական խնդիրները»,-մասնավորապես ասվում է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ: Մեր զրույցը ազատամարտիկ, հրապարակախոս, լրագրող Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ է:

- Մինչ այժմ ազատամարտիկների բարձրաձայնած խնդիրները վերաբերում էին իրենց սոցիալական վիճակին: Այսօր դուք միայն ձեզ առնչվող հարցեր չի, որ առաջադրում եք: Ինչո՞վ է բացատրվում այդ փոխակերպումը:

- Սոցիալական խնդիր ոչ միայն ազատամարտիկներն ունեն, նույն չափի խնդիրներ ունեն նաև մեր քույրերն ու մայրերը, այսինքն` ամբողջ ժողովուրդը: Մենք սոցիալական տրամաբանությամբ սկսեցինք, բայց հետո հասկացանք, որ այդպես չի կարելի: Մենք առանձի՞ն ենք ժողովրդից, մենք ուզում ենք մեր խնդիրը լուծել` ասելով, թե երկու փամփու՞շտ ենք կրակել թշնամու ուղղությամբ: Նման բան ազատամարտիկը չի կարող անել: Մենք որովայնի խնդիր չենք լուծում: Այդ բոլոր խնդիրներն առաջացել են իշխանավորների ոչ ադեկվատ լինելուց: Մենք պետք է կարողանանք նրանց պարտադրել` աշխատել հանուն ժողովրդի և ոչ թե ի պետս իրենց: Դրա համար այս խնդիրը դարձավ համընդհանուր, և մենք մեր ժողովրդին համազգային համախմբման կոչ ենք անում:

- Ինչ խոսք, ազատամարտիկներն իրենց խնդիրներով պետք է լինեն հանրության և կառավարության ուշադրության կենտրոնում. սրա հետ ոչ ոք չի վիճի: Մյուս կողմից էլ պետք է գիտակցել, որ հանրապետությունում առկա են ոչ բոլոր անհրաժեշտ միջոցները` ազատամարտիկների և ընդհանրապես բոլորի խնդիրներին արդարացի լուծում տալու համար: Վերջ ի վերջո բոլոր երկրների առջև ծառանում է պատերազմի մասնակիցներին հավուր պատշաճի ուշադրություն դարձնելու հիմնահարցը: Մեզանից տնտեսապես անհամեմատ զարգացած ԱՄՆ-ը նույնպես բախվել է դրան. Ռեմբոյի մասին ֆիլմը դրա վառ օրինակն է:

- Սոցիալականի կողքին ուրիշ արդարություն էլ կա: Բյուջեն միայն հարկահանությամբ չի կարող լցվել. եթե ոմանք քիչ գողանան, բյուջեն կլցվի: Երկրորդ. ամենաթողությամբ մի ամբողջ հոտ իրեն կոչում է ազատամարտիկ` պատերազմին որևէ մասնակցություն չունենալով, դրանց բոլորին կարելի է զտել: Ինչ-որ մեկը եթե էնտեղ` կռվողներին մի մեքենա հաց է բերել, ազատամարտիկի փաստաթուղթ ունի: Էս նախրի տեղը մենք գիտենք: Պետությունն իրական ազատամարտիկին պետք է պետական ստատուս տա:

Այդպիսի օրենքի նախագիծ վերջերս շրջանառության մեջ դրվեց:

- Դա մեղմ ասած` անլրջություն էր: Էդպես չեն վարվում երկրի զինվորի հետ: Մեր զոհված ընկերների ընտանիքները սովալլուկ են: Տարբեր քաղուժեր մեր զոհված ընկերների մայրերին ու կանանց օգտագործում են` իրենց ընտրարշավների ժամանակ` մի երկու կոպեկով: Ուզում եմ ասել, որ ձեր նշած խնդիրը, թե միջոցներն են սուղ, ըստ էության չկա: Մենք կարող ենք հրապարակել, թե որ օլիգարխը ինչքան գումար է գողանում: Հարկեր չվճարելով, նրանք ամեն թոշակառուից գողանում են օրական 100 դոլար, հետո 1 դոլորի հաց են տալիս վաստակ ունեցող մարդկանց, նկարում ու պահանջում, որ ասեն, թե իրենք մեծ բարերարներ են:

- Այդ ամենի մասին բարձրաձայնում է նաև իշխանությունը` առաջնահերթ համարելով այդ երևույթների, օլիգոպոլիաների դեմ պայքարի անհրաժեշտութ յունը:

- Իշխանությունը նախ իր օլիգոպոլիաների մասին թող մտածի:

Հանրահավաքում Դուք ասացիք, որ մերժում եք կուսակցականությունը :

- Մենք ասում ենք` էստեղ կուսակցական խաղեր չպետք է տաք: Ստեղծել ենք նախաձեռնող խումբ, շուտով պատրաստ կլինի նաև խորհրդի կազմը: Այն գրեթե ամենօրյա քննարկումներ կանցկացնի մեր անվանի մտավորականների, գիտնականների, քաղտեխնոլոգիաների մասնագետների հետ, թե ինչը ինչպես ենք անելու: Թող բոլոր կուսակցությունները գան միանան ու ծառայեն ժողովրդին: Մենք աթոռի, աթոռակռվի խնդիր չունենք:

Այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ սոցիալական խնդիրներ լուծելու համար ստեղծվում են տարբեր շարժումներ: Ձեր` ազատամարտիկների շարժումից բացի կա նաև ուղեվարձերի թանկացման դեմ երիտասարդների քաղաքացիական նախաձեռնությունը և այլն: Այս ամենը արդյոք չե՞ն խանգարի միմյանց` հանրության ուշադրությունը շեղելու, միասնականությունը խաթարելու առումով:

- Չգիտեմ ում «մուտիլովկան» է թափառում երկրում: Ըստ այդմ, մենք, ոչ ավել, ոչ պակաս, ռուսական գիծ ենք պահում, երկրորդ` իբր այդ էրեխեքն ինչ-որ մարդկանց կողմից ուղղորդվում են: Մենք ոչ ռուսական ենք, ոչ ամերիկյան, մենք բուն հայկական ենք, ինչը շատերին անհանգստացրել է: Իսկ եթե նույնիսկ այդ երեխաներին ուղղորդող էլ կա, այնտեղ հրաշալի ազնիվ երիտասարդներ կան: Նրանք մեր հպարտությունն են. 88-ի երեխաներն էլ մենք էինք: Այդ ջահելներին մենք սատարում ենք: Մենք ինքներս էլ հարցեր կառաջադրենք քաղաքապետարանի առջև: Տարոն Մարգարյանը կանգնելու է ընտրության առջև, իսկ ընտրությունը մեկն է լինելու: Խոսքը 100 կամ 150 դրամի մասին չի: Պետք է իմանան, որ ով ուզում է ժողովրդից ևս մի կաշի հանել, 7 կաշի իրենցից ենք հանելու, մենք բոլոր գծատերերին գիտենք: Շուտով գալու է պահը, որ նրանք պատասխան են տալու էդ լափի համար և իրենց ամենատերերն էլ հետները, այսպես չի շարունակվելու:

Օրն արդեն մթնում էր, երբ ավարտեցինք առկա խնդիրների ու երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին մեր զրույցը Սուրենի հետ: Իսկ հրաժեշտ տալիս նա ասաց` «Հարցազրույցը հեչ. ավելի կարևոր է մեր պետականության համար մտահոգվածությունը ընթերցողին ու ժողովրդին հասցնելը»:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ