ԸՆԴԴԵՄ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ


Վերջին օրերի բուռն կրքերն ու հուզումները կապակցվում են բուհերում կայացված նոր որոշման հետ` բարձրացնել կրթավարձերը 80-200 հազար դրամով... Արդեն մի քանի օր է` մայրաքաղաքում մի շարք նախաձեռնություններ և երիտասարդական խմբեր պիկետներ են անում կառավարության շենքի դիմաց` պահանջելով վերանայել բուհերի կողմից ընդունված որոշումները, որոնք կողմերից ամեն մեկը մեկնաբանում է յուրովի: Ինչպես մեզ հետ զրույցում նշեցին Երևանի պետական համալսարանի պատասխանատուները, վարձերի բարձրացման գերնպատակը ժամանակակից կրթության ապահովումն է, ինչին կարելի է հասնել միայն դասախոսների աշխատավարձերի բարձրացմամբ: Գրեթե նույնպիսի մեկնաբանություն տվեցին նաև մյուս բուհերի ղեկավարները: Իսկ ահա Ագրարային համալսարանի ռեկտորն էլ չթաքցրեց, որ իրենք որևէ մտադրություն չեն ունեցել վարձերը բարձրացնել. միայն համերաշխությունից դրդված են կայացրել նման որոշում...

Անտարակույս, այսօր բուհական պրոֆեսուրայի սոցիալական խնդիրների բարելավման, աշխատավարձերի բարձրացման հարցերը օրախնդիր են, հրատապ: Չափազանց ցածր են աշխատավարձերը պետական կոնսերվատորիայում, որտեղ պրոֆեսորները ստանում են 40-45 հազար դրամ աշխատավարձ... Սակայն արդյո՞ք կրթության որակի բարձրացման խնդիրը միայն ուսանողինն է, երբ պետությունն ունի պարտավորություններ, երբ բուհերը հավատարմագրվելիս առաջնային են համարում բարձրակարգ կրթության ապահովումը...

Երևանի պետական համալսարանը, որտեղ դիմել են ֆանտաստիկ բարձրացումների, Հայաստանի հարյուր խոշորագույն հարկատուներից մեկն է, իսկ սա նշանակում է, որ այս բուհն առանց այն էլ ունի խոշոր ֆինանսական մուտքեր, որոնք, բնականաբար, ձևավորվում են վարձավճարներից: Դեռ մեկ տարի առաջ բուհի ռեկտորը հայտարարեց, որ վարձերը չեն ուղղորդվելու աշխատավարձերի բարձրացմանը, այլ ներդրվելու են նոր սարքավորումների ձեռքբերման, գիտական գրադարանի հարստացման ծրագրերի մեջ: Անցած մեկ տարվա ընթացքում այդ ուղղությամբ չափազանց քիչ բան է արվել, սակայն հիմա էլ բուհը որոշել է գնալ աներևակայելի բարձրացումների` այսպիսով կրթության մեջ ևս առկա դարձնելով սոցիալական աստիճանավորումը: Բուհի էլիտարությունը պայմանավորված է ոչ թե վարձերի բարձրացմամբ, այլ կրթական ծրագրերի արդիականացմամբ և բազմազանությամբ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ԵՊՀ-ն շատ վաղուց չի համարվում երկրի առաջատար բուհը, այստեղ չափազանց ցածր մակարդակում են մի շարք մասնագիտությունների պատրաստման գիտական հիմքերը, շատ վաղուց ԵՊՀ դասախոսները չեն մասնակցել միջազգային վերապատրաստումների դասընթացներին... Այս ամենն այսօր մատնանշելով` ուսանողները պնդում են, որ բուհի ղեկավարությունն իր առջև խնդիր է դրել համալսարանը վերածել միայն սոցիալապես ապահովվածների, մեծահարուստ ընտանիքների զավակների կրթօջախի` արգելապատնեշ դնելով սոցիալապես ոչ կայուն վիճակում գտնվող ընտանիքների երեխաների առջև: Առանց այն էլ իրավաբանական և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում գոյություն չունի անվճար կրթության համակարգ, ինչն էլ նշանակում է, որ այստեղ սովորել կարող են միայն հարուստ ընտանիքների զավակները` այդ մասնագիտություններն անհաս դարձնելով շատերի համար... Հիմա նույնկերպ համալսարանի տնօրինությունը «էլիտարացնում» է այլ մասնագիտություններ ևս` այդ ամենը պատճառաբանելով դասախոսների աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտութ յամբ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համալսարանի ներկա ֆինանսական մուտքերը բավարար են` դասախոսների աշխատավարձերը բարձրացնելու հիսուն տոկոսով, մինչդեռ տնօրինությունը չի դիմում նման քայլի` այժմ կամենալով գերշահույթներ ապահովելով` վնասելով ազգային կրթությունը, խորացնելով սոցիալական անհավասարությունը...

Առաջացած խնդրի մասին մոտ օրերս իր պարզաբանումները կտա կրթության և գիտության նախարարը, սակայն հազիվ թե կարողանանք լավատեսորեն տրամադրվել, քանզի բուհերի ռեկտորները չեն ուզում հետ քաշվել իրենց ոչ արդարացի որոշումից:

Լ. Մ.