Աղավաղենք, աղավաղենք մինչև վե՞րջ


«Եթե մարդու լեզուն ալարկոտ է, ծանր, անկապ, անզոր, անորոշ, անկիրթ, ապա, հավանաբար, այդպիսին է նաև մարդու խելքը, քանի որ նա մտածում է միայն լեզվի միջոցով»: Ի. Հերդերի այս մտքով սկսելով ասելիքս` չեմ կարող թաքցնել վրդովմունքս` մեր լեզվի բառաֆոնդի ոչ հստակ ու սխալ գործածության առնչությամբ: Անհատի լեզվամտածողությունը ցույց է տալիս նրա զարգացվածության աստիճանը: Բայց որքանո՞վ է հարիր` ոչ գրագետ, աղավաղված խոսքը լսելի դարձնել ու մատուցել ուրիշներին: Եթե որոշ անհատների կրթական մակարդակը չի բավարարում` ասենք անձեռոցիկ (անձեռնոցիկ) , սեպտեմբեր (սեկտեմբեր), տաբատ (շլվար), վիճել (վիճվել) բառերը ճիշտ արտասանել, Լեզվի պետական տեսչությունը դրա համար այնքան էլ պատասխանատվություն չի կրում: Բայց չափազանց մտահոգիչ է, երբ մեր երեխաները ստիպված են նմանատիպ սխալների հսկայական շքահանդես տեսնել հեռուստատեսությամբ:

Նմանատիպ սխալներից չեմ կարող չնշել օրինակ «Արմենիա-TV»-ով հեռարձակվող «Կարգին սերիալում» հնչած «չքամա, չքամա, չքամա˜˜» արտահայտութ յունը: Ժարգոնային ու տգեղ բառերի շարքը չարժե մեջբերել` ոսկեղենիկ մեր մայրենիի դեմ վերստին չմեղանչելու համար: Բայց հնչող գռեհկաբանությունը հաճախ ընկալվում է որպես հայեցի խոսք:

Վերջերս Հ2-ում իրեն գրագետ համարող ոմն մեկը նշեց, թե պատրաստվում է գիրք հրատարակել... ոչ թե Եղեռնի, այլ եղեռնու 100-ամյակին նվիրված: Բազմիցս հնչել էր պապի, տատի նմանատիպ սխալ հոլովաձևեր (պապու, տատու), բայց պետք է խոստովանել, որ եղեռն բառի «եղեռնու» հոլովաձևը հեղափոխական նորամուծություն էր: Իսկ տարբեր սյուԺեներում «պապու», «տատու»արտահայտությունների կնքահայրերը սցենարի հեղինակ, դերասան, խմբագիր են դարձել` չիմանալով, որ «պապ», «տատ» գոյականներին ամենաշատը կարող է ավելանալ «իկ» վերջածանցը, որը ևս սեռական հոլովում ոչ թե «ու», այլ «ի» է ընդունում (պապ-պապի, պապիկ-պապիկի):

Կամ, ասենք, Շենգավիթ վարչական շրջանի ավտոկանգառներից մեկում, աչքի է ընկնում հետևյալ հայտարարությունը. «Վաճառվում է քսեռոքսի ապառատ»: Մարդը գրել է այնպես, ինչպես մտածել է: Բայց արի ու բացատրիր երեխային, որ այստեղ սխալների կույտ է: Դեռևս չես բացատրել, երբ անցնում է երթուղային տաքսի, որի հետևի ապակուն փակցված է. «Պահանջվում է վարորդներ »:

Սովետական տարիներին գրագետ երևալ փորձող որոշ տգետներ իրենց հայկական լեզվամտածողությամբ ռուսական օտարաբանությունների մի կույտ էին դուրս տալիս. «Ուգլի մագազինում վեչնի կալբաստի օչերեդ էր»: Ու դա քննադատվում էր: Գլոբալիզացիայի այս դարաշրջանում ապրող մարդը նույնպես իր խոսքը համեմում է ռուսական և անգլիական օտարաբանություններով. հեռուստացույցը` ծելեվիզըր, ջահը` լյուստռա , վարագույրը` զանավեսկա, պաղպաղակը` մառոժնի, շնորհակալությունը` թենքյու: Ա´յս շարքը անվերջ կարելի է շարունակել: Անշուշտ կարելի է շարունակել:

Գովելի է շատ լեզուներ իմանալը, բայց սեփական լեզուն աղավաղող մարդն անգամ պատկերացում չունի, որ իր արտաբերած բառերը օտարաբանություններ են: Եկեք հարգենք և չխճճենք մեր լեզուն: Մեր բառաֆոնդն այնքան հարուստ է, որ բնավ այլ ներմուծումների կարիք չունի:

Նաիրա ՍԵՅՐԱՆՅԱՆ