Ա˜յ քեզ «հուղարկավորություն»


Ամուսնալուծությունից հետո 56-ամյա կինը միայնակ է ապրել: Բրիտանուհու սիրո և հոգածության առարկան եղել են նրա շներն ու կատուները, որոնք էլ կերել են իրենց տիրուհու նեխող դիակը:

Ռինգվուդ քաղաքի բնակչուհի Ջենեթ Վիլը մահացել է տանը, և մի քանի ամիս շարունակ դիակը մնացել է անկողնում: Ոչ մեկը չի հետաքրքրվել նրանով: Հետո հարևանները հիշել են, որ կինը վաղուց չի երևում և փրկարար ծառայություն են զանգահարել: Ոստիկաններն էլ հենց խոհանոցում հայտնաբերել են նրա կրծոտված մարմինը: Հանգուցյալի տանը գտել են նաև սատկած շան ու կատվի լեշեր: Ջենեթի խնամած մյուս շներն ու կատուները կենդանի էին մնացել (գրել է Sun թերթը):

Ոստիկանները նշել են, որ դիակն այլանդակված էր. մարմնի որոշ մասեր պարզապես բացակայում էին` հավանաբար կենդանիները կերել էին դրանք, որովհետև տիրուհու մահից հետո կերակրող չունեին:

Փորձաքննությունը պարզել է, որ Ջենեթ Վիլը մահացել է թոքերի հիվանդությունից: Կնոջ մահը ցնցել է նրա հարազատներին, ովքեր մինչ այդ մոռացել էին նրա գոյության մասին:

Իմիջիայլոց` սա առաջին դեպքը չէ Եվրոպայում, երբ միայնակ ապրած հանգուցյալների դիակները ամիսներ շարունակ մնում է տներում ու բնակարաններում: Ընդամենը 1 ամիս առաջ շվեդական Ստոկհոլմ քաղաքի բնակարաններից մեկում հանգուցյալ տղամարդու դին իր տնից դուրս է բերվել մեկուկես տարի հետո: Դա էլ` շնորհիվ դատական կատարածուների, ովքեր եկել էին նրան տնից վտարելու` բնակվարձը չվճարելու համար: Իսկ մայիսին նույն քաղաքի մեկ այլ բնակարանում հանգուցյալ կինը մնացել էր 2 տարի: Նրան էլ գտել է սանտեխնիկը, ով բոլոր տներում նորոգում էր կոյուղագծերը: