«ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ»


Սկզբից ևեթ նշենք, որ եթե խնդիրը երկու նախկին նախագահներին` Ռոբերտ Քոչարյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին չառնչվեր, դրա քննարկումը գուցեև լիովին անիմաստ դառնար: Քարոզչական «փոխհրաձգության» ասպարեզում հայրենի քաղգործիչների ունեցած փորձը հնուց է գալիս, արհեստավարժությունն էլ հաջողության շատ բարձունքներ է նվաճել: Սակայն նման մակարդակի վրա այսպիսի «փոխհրաձգության» տարբերակով Ռ. Քոչարյանի հետ յուրօրինակ «երկխոսություն» սկսելու ձգտումը համենայն դեպս վերջին շրջանում Լ. Տեր-Պետրոսյանի բոլոր ելույթների հիմքում էր ընկած: Մշտապես հավասարակշռությամբ աչքի ընկած երկրորդ Նախագահի դեպքում էլ («Մեդիամաքսին» տրված պատասխան հարցազրույ ցով) ոչ թե վերջինիս ծով համբերության բաժակն էր լցվել, այլ, ինչպես Լ. Տեր-Պետրոսյանը կասեր` փորձ արվեց իրերն իրենց անուններով կոչել: Ընդհանուր առմամբ այնքան էլ կարևոր չէ, որ կողմերից մեկը, շնորհիվ հռետորական բարձր կարողությունների, մյուսն էլ` պաշտոնավարման շրջանում կատարած կոնկրետ գործերի` փորձում է անխնա քննադատության ենթարկել «հակառակորդին»: Կարևորը երևույթն է ընդհանրապես, երբ դրա նախաձեռնողի դերում հանդես է գալիս քաղաքական իրադարձությունների հետնաբեմ մղվող մի գործիչ` ակամայից «հակամարտության» մեջ ներքաշելով նաև իր քաղաքական ապագայի խաղաքարտերը դեռևս փակ պահող մեկ այլ գործչի: Եվ, ինչպես սովորաբար, Լ. Տեր-Պետրոսյանի արարքներն անքննելի (՞) են… Նախորդ Նախագահի իշխանության տասնամյակը «զննելուց» հետո մի՞թե առաջին Նախագահը չէր եզրակացրել, որ այդ շրջանի համար գոնե ինքը «քննելու» ոչինչ չունի, և ցանկացած համեմատության փորձ բումերանգի պես իրեն է հարվածելու: Ավելին, տվալ դեպքում «Մեդիամաքսի» հարցազրույցը առիթ դարձավ, որ Ռ. Քոչարյանը բարձրաձայնի առաջիկայում հրապարակվելիք մի գրքի մասին, որտեղ «կան իմ աշխատանքի արդյունավետությանը վերաբերող բոլոր հարցերի պատասխանները»: Գրքի «անոնսը», իհարկե, կարող էր ի հեճուկս Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարությունների չարվել: Մանավանդ, որ այդ դեպքում արդեն նախորդ երկու տասնամյակները հետևողականորեն դասակարգելու շահագրգռությունն այլևս այդչափ մեծ չէր լինի: Բայց արդեն այնպես է ստացվել, որ քարոզչական «փոխհրաձգության» արդյունքում Լ. Տեր-Պետրոսյանը հայտնվել է մի իրավիճակում, երբ տպագրվելիք գիրքը հատկապես այդ հարթության վրա է դիտարկվելու: Կարճ ասած` առաջին Նախագահն այստեղ էլ է տանուլ տվել: Ահա թե ինչու սովորաբար հակամարտելու առիթներ փնտրող թիմում նպատակահարմար չեն գտնում մեկնաբանել «Մեդիամաքսի» հարցազրույցը: Չէ՞ որ ակնհայտորեն համեմատության եզրեր կամ չկան, կամ էլ դրանք իրարից շատ են հեռու: Հենց այդ պատճառով է Ռ. Քոչարյանի հարցազրուցը ոչ այնքան ծավալուն, բայց ամբողջական: Եթե հուլիսի 4-ի հանրահավաքում գլխավոր բանախոսը խոսեց կետերով ու ենթակետերով` մատնանշելով առանձին թերություններ ու բացթողումներ, և հանուն ճշմարտության չի կարելի չխոստովանել, որ դրանց մի մասը օբյեկտիվ հիմնավորումներ ունեն, ապա հարցազրույցում հնչած գնահատականներն ավելի ընդհանրական են: - Թող մարդիկ համեմատեն,- առաջարկում է Ռ. Քոչարյանը,- չէ՞ որ նա և ՀՀՇ-ն ոչ մի լուսավոր բան չեն թողել մարդկանց հիշողությունների մեջ, չեն կառուցել ոչինչ, ինչ կարելի է այսօր ցույց տալ: Սրանով, թերևս, բոլոր հարցերի պատասխանները տրված կարելի է համարել: Բայց, ինչպես ասում են, տհաճ նստվածքի հետևանքների վերացումն այնքան էլ հեշտ չէ: Եվ իրոք, արժե՞ արդյոք ժամանակից առաջ անցնելով` ինչ-ինչ հարցերի պատասխաններ որոնել. մանավանդ, երբ կարելի է համոզված լինել, որ պատմությունն ամեն ինչ հավուր պատշաճի ամփոփելու է: Մի՞թե ավելորդ չէ այն աղմուկը, որից ոչինչ շահել հնարավոր չէ: Ադրբեջանական լրատվամիջոցներն անտարբեր չեն, իհարկե, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Բաքու կատարած այցի արձագանքների հանդեպ: Թե ինչ գնահատական կուզենային լսել նրանք ռուս քաղաքագետների կողմից` թերևս, կարելի է ենթադրել: Սակայն Քաղաքական և ռազմական ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների հիմնախնդիրների բաժնի վարիչ Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎԸ, կարծես «ջուր չի լցնում» նրանց սպասելիքների ջրաղացին: Մեդվեդևի` Բաքու կատարած այցն ինքնին որպես դրական քայլ որակելով ու նշելով, որ ռուսական պետության առաջին դեմքը Ադրբեջանը համարել է իր ռազմավարական պարտնյորը` Հարավային Կովկասում` չանտեսելով նաև երկկողմանի փոխադարձ հաճոյախոսությունները: Ս. Մարկեդոնովն, այդուհանդերձ, գերագնահատելի չի համարում այդ այցը. - …Քանի որ Ռուսաստանն ու Ադրբեջանը, համակրանքներից և հակակրանքներից զատ, նաև օբյեկտիվ որոշակի սահմանափակումներ ունեն: Դիցուք` Բաքվի համար լիովին ընդունելի չէ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը: Ադրբեջանը Ռուսաստանից սպասում է իրեն ավելի ձեռնտու դիրքորոշում: Իր հերթին էլ Կրեմլին ձեռնտու չեն Ադրբեջանի սերտացումը ՆԱՏՕ-ին, Վրաստանի հետ ավանդական ջերմ կապերը և այլն: Խնդիրներ, որոնք, իհարկե, անկարելի էր լուծել մեկ այցի շրջանակներում. առավել ևս` ադրբեջանական նավթաբույր քաղաքականության պարագայում: Իսկ ցանկացած օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետ հարաբերվելիս, տխրահռչակ մեր հարևանների բոլոր «երգերը» իրենց կորցրած գողոնի` Արցախի մասին է: Սերգեյ Մարկեդոնովը, իհարկե, ոչ միայն իր անձնական, այլ նաև պետական դիրքորոշումն է ներկայացրել` ասելով. - Մինչև 2006 թվականը Ռուսաստանն ու Ադրբեջանը ցուցադրում էին, թե միանգամայն հնարավոր է վիճելի հարցերը լուծել փոխըմբռնմամբ: Կարծում եմ` ռուսական քաղաքակա նության մեջ Ադրբեջանը չի կարող Հայաստանի տեղը գրավել` Հարավային Կովկասում: Ադրբեջանը չի° դառնա Կովկասում Ռուսաստանի գլխավոր գործընկերը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ելքերին, ապա` - Քանի դեռ կողմերը հակամարտության կարգավորման փոխադարձաբար ընդունելի բանաձև չեն գտնի, չարժե տեղաշարժ սպասել: Կարելի է 100 անգամ բանակցել Դմիտրի Մեդվեդևի, Ջորջ Բուշի ու Բարաք Օբամայի մասնակցությամբ (եթե, իհարկե, վերջինս դառնա նախագահ): Մինչև կողմերը փոխզիջումների չգնան, բանակցություններն անիմաստ են լինելու: Ինչ էլ լինի` բանակցությունները ռազմական գործողություններից ավելի լավ են: Պետք չէ գերագնահատել Մոսկվայի դերը խնդրի կարգավորման գործում: Այսօր չկան ԽՍՀՄ-ն ու ԽՄԿԿ Կենտկոմը: Չարժե Մոսկվայում Կենտկոմ որոնել` ղարաբաղյան հարցը լուծելու համար: