ԳԵՆԵՐԱԼԸ


Հայկական բանակի պատմության մեջ մնայուն է գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանի ավանդը: Մեկ անգամ և ընդմիշտ իր մարտական ու աշխատանքային ընկերների վստահութ յունն ու համակրանքը նա շահել է ճշմարիտ զինվորականին վայել իր կամային հատկանիշներով` գաղափարական կայունությամբ, բարոյական ու մարտական սկզբունքներին հավատարմություն, պատասխանատվություն` նախևառաջ ինքն իրենից, կազմակերպչական ունակություններ, մասնագիտական խորը գիտելիքներ ու հարուստ փորձ… Աֆղանստանի պատերազմին և Արցախյան գոյամարտին նա սոսկ որպես շարքային մարտիկ չէր մասնակցում. Հայաստանի Հանրապետության նախկին զինկոմը, ով գեներալ-մայորի կոչումը ստացել էր դեռևս 1989-ին, իսկապես մեծ ճանապարհ է անցել ու նաև իր հարուստ փորձը սկսնակ զինվորականներին հաղորդելով` հավատ է ներշնչել ամենքին` զորակոչիկներից ու նրանց ծնողներից սկսած մինչև բարձրաստիճան սպայակազմ: Անուրանալի են նրա ներդրումները, հատկապես երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Ախուրյանի շրջանի Գետք գյուղում ծնված պատանին զինվորական գործը, երևի, մանկուց է սիրել. 1960-ին Երևանում ավարտելով միջնակարգը` ընդունվել է Բաքվի համազորային հրամանատարական բարձրագույն ուսումնարան: Համազորային հրամանատարի գերազանցության վկայագրով ավարտելով ուսումնարանը` մոտոհրաձգային դասակի հրամանատարի պարտականություններով էլ սկսել է զինվորական գործչի իր կենսագրությունն ու առաջընթացը: Դեռևս ուսումնարանում Ա. Հարությունյանն առանձնացել է իր կեցվածքով, տոկունությամբ ու զարգացվածությամբ: Պատահական չէ, որ նշանակվել է ուսումնական դասակի, ապա` վաշտի հրամանատար, որոնք, ի դեպ, ճանաչվել են լավագույնները: 1970-ին տեսական գիտելիքներն ու հմտությունները շարունակել է փոխանցել Ալմա-Աթայի կուրսանտական վաշտում, որտեղ էլ ավելի ակնառու դարձավ նրա հրամանատարական ձիրքը… Նրա անցած ուղու մանրամասները արդեն դժվար է թվարկել: Բայց հագեցած այս կենսագրությանը ծանոթանալիս վերահաստատվում է այն ճշմարտությունը, որ հայրենիքի նվիրյալ զինվոր կարող է դառնալ նա, ում համար հայրենասիրությունը սոսկ գեղեցիկ բառ չէ, այլ` ինքնազոհաբերումի օրինակ: Աֆղանստանում նույնպես նա աչքի է ընկել ռազմագիտական իր խորամտությամբ և պարգևատրվել «Արիության և զինվորական խիզախության համար» ԽՍՀՄ պատվադրոշով: Եվ ոչ միայն այդ: Հայրենիքն այն տարիներին նույնպես բարձր է գնահատել նրա վաստակը` նրան վաղաժամ շնորհելով գնդապետի կոչում և երկու անգամ ներկայացնելով խորհրդային հերոսի կոչման: Պարգևատրվել է Լենինի «Կարմիր Աստղի», «Երրորդ աստիճանի աստղ» շքանշաններով և բազմաթիվ մեդալներով: 1988 թ. առավելագույն սեղմ ժամկետներում Արտուշ Հարությունյանը կարողացավ տարածքային զինվորական կոմիսարիատների ուժերի համախմբմամբ օգնություն ցուցաբերել Սպիտակի երկրաշարժից տուժածներին: Նորանկախ մեր հայրենիքին մատուցած այս ծառայությունը նույնպես աննկատ մնալ չէր կարող, և 1989 թ. նրան շնորհվեց գեներալ-մայորի կոչում: Որպես արհեստավարժ զինվորական, նա նոր եռանդով ձեռնամուխ եղավ նպաստելու Հայաստանի անկախ հանրապետության զինվորական կոմիսարիատների վերակառուցման, վերակազմավորման գործին: 1992-ին նա ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր և էլ ավելի մեծ պատասխանատվությամբ գործունեություն էր ծավալել` նպաստելու ռազմական պատրաստվածության կազմակերպման ուղղությամբ, ինչպես նաև հայրենիքի սահմանները պաշտպանողների ռազմահայրենասիրական դաստիարակությունը առավել նպատակասլաց դարձնելու ուղղությամբ: Հայկական բանակաշինության գործում նույնպես նշանակալի է նրա ավանդը և Հայաստանի կառավարությունը բարձր գնահատեց նրա մարտական ծառայությունները: Արտուշ Թադևոսի Հարությունյանը պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչի երկրորդ աստիճանի» շքանշանով և բազմաթիվ մեդալներով` «Զինվորական ծառայության համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան», «Ծովակալ Իսակով», «Անբասիր ծառայության համար», «Ֆ. Նանսենի ոսկյա» և այլն: Էությամբ` զգայուն ու բարեսիրտ, ուշադիր և կամեցող ղեկավար Արտուշ Հարությունյանը արժանիորեն շահել է ոչ միայն իր ենթակաների ու գործընկերների, այլ նաև հանրապետութ յան բնակչության հարգանքը£ Եվ Ախուրյան համայնքի Գետք գյուղի նրա հայրենակիցների խնդրանքով տեղի դպրոցը նրա անունով է անվանակոչվել£ Այն դպրոցը, որ սովորել է գեներալը, և որի մանկավարժական կոլեկտիվն ու աշակերտները այսօր էլ հպարտանում են նրանով£ Ավելին, ի խորին հարգանքի և երախտագիտության` գեներալ Արտուշ Հարությունյանը 2001 թվականից նաև Գորիսի պատվավոր քաղաքացի է£ Ռուբեն ԲԱՇԽՅԱՆ Գնդապետ