Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության այցը Բրյուսել


Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսելում մասնակցել է Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող պետությունների ձևաչափով ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին: Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները միջազգային առաքելությունների վերաբերյալ: Կոսովոյի հարցերով քննարկումների ժամանակ պաշտպանության նախարարներն ընդգծել են առաքելության իրականացման գործում արձանագրված առաջընթացը և Կոսովոյում անվտանգության ընդհանուր իրավիճակի բարելավումը: Նախարարները համաձայնել են, որ Կոսովոյում իրականացվող գործողությունը պետք է շարունակել մինչև երկրում անվտանգության և կայունության լիարժեք հաստատումը: Աֆղանստանի վերաբերյալ քնարկվել է անվտանգության ապահովման պատասխանատվությունը աֆղանական մարմիններին փոխանցելու գործընթացը: Որպես կարևորագույն բաղադրիչ, ընդգծվել է աֆղանական բանակի և ոստիկանության ուժերի կատարելագործմանն ուղղված ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելությունն ընդլայնելու և մարդկային ներուժով համալրելու անհրաժեշտութ յունը: Այցի ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարճատև զրույցներ է ունեցել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի և Վրաստանի պաշտպանության նախարար Բաչանա Ախալայայի հետ: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: ԵՐԵԿ հայ-ադրբեջանական շփման գծի Վայոց Ձորի մարզի Բարձրունի գյուղի մերձակայքում տեղի է ունեցել սահմանային դիտարկում, որն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի շրջանակներում: Մինչ դիտարկումը Վայոց Ձորի մարզպետարանում ՀՀ ԶՈՒ և ԵԱՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել մամուլի ասուլիս: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն