Գյուտարար արվեստագետը


Մեր օրերում նրան առավելապես ճանաչում են որպես հզոր բրիչ ունեցող քանդակագործ£ Խոնարհվելով Երևանի մոնումենտալ այցեքարտը դարձած Սասունցի Դավիթ (կոփածո պղինձ, 650x930x220, ճարտ.` Միքայել Մազմանյան) ստեղծագործության համակողմանի կատարելության առջև` դժվարանում են համարժեք ընդունել Վարդան Մամիկոնյանը (կոփածո պղինձ, 850x750x150)£ Այցելելով Նկարչի տանը օրերս ծննդյան 110¬րդ տարեդարձի կապակցությամբ մոտ մեկ տարի ուշացումով բացված հոբելյանական ցուցահանդես` ժամկետանց բացահայտում կարծրացած այս դիլեման£ «Մեղավորը», փաստորեն, ոչ այնքան Երվանդ Քոչարն (1899-1979 թթ.) է, որքան նրա վերջին հերոսական կոթողի տեղակայման Ստեփան Քյուրքչյանի ճարտարապետական անլիարժեք լուծումներն ու դրանք անփույթ իրագործողները£ Դեռևս 60-ականներին արված էսքիզները, արվեստանոցում գիպսե մոդելի ստեղծման ընթացքը մունջ հաստատում են Քոչարի մտահղացման լրջմիտ խմորումները մինչ 1975¬ի պղնձակոփ ծնունդը հանուն հայոց խաչի նահատակված սպարապետի արձանի£ Առաջին անգամ ներկայացվող փոքրածավալ մատիտանկարների ու գրչածայրի մի հպումով կարծես թղթին դաջված կոմպոզիցիաների, մետաղե գոգավոր թիթեղների վրա վրձնած եռաչափ արտասովոր գունապատկերների (էլեկտրական շարժիչով պտտեցվելով` ֆիգուրատիվ այդ աշխատանքները հեքիաթային գրավչություն էին հաղորդում ողջ հոբելյանական ցուցահանդեսին), «Սասունցի Դավիթ» էպոսի ստեղծման հազարամյակի կապակցությամբ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու կողմից հրատարակված գրքի գրաֆիկական ձևավորման գուաշաքանդակ պատկերաշարի այլազան տպավորությունների համադրությամբ` հստակ պատկերացում են կազմում Երվանդ Քոչար արվեստագետի բազմաշերտ գեղագիտական ինքնահատուկ դավանանքի և անզուգական ունակությունների մասին£ Թոռնուհու` Կարինե Քոչարի պատկերավոր մեկնաբանություններով ամբողջացնում ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի մասին ունեցած կցկտուր տեղեկատվությունը£ Իր պատկերած ու քանդակած կերպարաշարի մարմնավորման մեկնակետը աննկատ վեր ես հանում խենթուխելառ առաջին սիրո` Հովնանյան դպրոցի սանուհի Արփենիկի, մատիտով ու վրձնով կերտված դիմանկարների շուրջ մտորումներից. «Երբ սիրում ես մի կնոջ, քո սերն ես սիրում նրա մեջ, և այդ էլ իր հետ բերում է քո ուզած գեղեցկությունը, թեև դա մի ենթագիտակցական ընթացք է, և մենք այդ գեղեցկությունն ընդունում ենք իբրև իրողություն£ Երբ մեկին նկարում ես` հափշտակվում ես նրանով և գուցե այդ սիրուց է, որ նրան տեսնում ես ավելի լավ, քան նա իսկապես կա£ Դու չես մտածում լավացնել նրան£ Ուղղակի նրան այդպես ես տեսնում»£ Աշխարհապտույտով ձևավորված կենսաճանաչողության ուրույն տեսիլքն ու ապրած տարաբարդ կյանքն են ընկած Քոչարի այլաժանր բեղուն ստեղծագործության հիմքում£ Շուշեցի Սիմոն Քոչարյանի և Ֆեոկլա Մարտիրոսյանի Երվանդ որդին, ծնվելով ու հասակ առնելով Կովկասի մշակութային բնօրրան Թիֆլիսում, նկարչության առաջին դասերն է միաժամանակ քաղում Ներսիսյան և Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության Շմերլինգի նկարչական դպրոցներում` Հարություն Շամշինյանից ու Եղիշե Թադևոսյանից£ Մեկ տարի հմտանալով Մոսկվայի Ազատ գեղարվեստական արվեստանոցների վերջին` Պյոտր Կոնչալովսկու կուրսում` դասավանդում է Թիֆլիսի հայկական դպրոցներում, բացում առաջին անհատական ցուցահանդեսը£ Այս շրջանի նատյուրմորտներում, դիմանկարներում ու թեմատիկ պատկերներում («Խաղաքարտով նատյուրմորտ», «Տղամարդու ֆիգուր. Գևորգ Գրիգորյան», «Ի խորոց…», «Կնոջ դիմանկար» և այլն) ի հայտ է բերում արտիստական խառնվածքը, ռուսական ու ֆրանսիական գեղագիտական հետաքրքրությունները£ Հենց սկզբից գրավում է կերպարվեստագետներին իր գծանկարի ամուր կառուցիկությամբ և գուներանգի նուրբ զգացողությամբ£ Ստեղծագործական ձեռագիրը գունեղացնելով արտասահմանյան ուղևորություններով` անհատական ցուցահանդես է բացում Կոստանդնուպոլսում (1922 թ.), Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում դասավանդելիս ստեղծում է կարդինալ Լաֆոնտենի, հայր Կյուրեղյանի, Ավետիք Իսահակյանի դիմաքանդակները` արժանանալով արծաթե մեդալի, ուսումնասիրում Մխիթարյանների հին հայկական մանրանկարչության շռայլ հավաքածուն£ 1923¬ից մինչ 1936¬ը հաստատվում է Փարիզում` «Ապագա» թերթի խմբագրատանը բացելով առաջին անհատական ցուցահանդեսը£ Ստեղծագործելով կերպարվեստի տարբեր ժանրերում` յուրովի համադրում է եվրոպական ու արևելյան գեղանկարչության արտահայտչամիջոցները£ Փարիզյան գեղարվեստական շրջաններում ճանաչում է գտնում քանդակագործության ու գունանկարի համադրման սեփական տարբերակի` «տարածական նկարչության», առաջին իսկ նմուշներով£ Այդ տարիներին վրձնած հաստոցային կտավներից առանձնանում են «Արևելյան կանայք», «Բանալիով կինը», «Մելինեի դիմանկարը», «Կինն ու աքաղաղը»£ Պարբերաբար մասնակցելով Անկախների, Աշնանային, Որմնանկարչության սալոններին Մատիսի, Պիկասոյի, Բրաքի, Լեժեի և այլ նկարիչների հետ` Երվանդ Քոչարը ձեռք է բերում եվրոպական ավանգարդի փարիզյան դպրոցի ցայտուն ներկայացուցչի համարում£ Ընդդիմանալով տեխնիցիզմի հոգևոր ավերածություններին` ստեղծում է «Մարդը և քաղաքը» շարքը (1933 թ.)£ (Այդ թեման նրան մշտապես է հուզելու` 1933¬ին արված գիպսե «Գլխաքանդակից» հասնելով «Բիբլիական Դավթին»¬1953 թ. ու «Երկփեղկված»¬ին, պղնձակոփ «Կիբեռնետիկայի մուսային»-1972 թ.)£ Նրա գործերը ներկայացվում են Պրագայում, Բռնոյում, Բրատիսլավայում, Նյու Յորքում, Բրյուսելում և Լոնդոնում կազմակերպված ֆրանսիական գեղանկարչական ցուցահանդեսներում£ Համընդհանուր ճանաչման շեմին 1936¬ին ֆաշիզմի ահագնացող ուրվականից խուճապահար արվեստների համաշխարհային մայրաքաղաքից ներգաղթելով ԽՍՀՄ` անմիջապես ներառվում է ստալինյան հալածանքների ոլորտում£ Երբ մերժվում է Վրաստանի նկարիչների միության շարքերն անցնելու դիմումը, տեղափոխվում է Երևան£ 37¬ից անդամագրվելով Հայաստանի նկարիչների միությանը` մասնակցում է մի շարք հանրապետական ու միութենական խմբակային ցուցահանդեսների£ Տեխնիկական հնարքների նորարարական զուգադրությունների կատարողական վարպետությամբ ակնառու աշխատանքներում պահպանելով անհատական անշփոթելի ձեռագիրը` ստեղծում է հոգեվերլուծական յուղաներկ դիմանկարներ («Ինքնանկար», «Ա. Մովսիսյանի դիմանկարը») փայտե փոքադիր տախտակների վրա, տասնյակ նշանավոր մարդկանց գիպսե կիսանդրիներ ու արձաններ (Գորկու, Պուշկինի, Նիզամու, Աբելյանի, Շիրակացու…)£ Հատուկ պատրաստված մոմաներկերով (այս գյուտի համար 1948¬ին ԽՍՀՄ հեղինակային վկայագիր ստացավ) փայտի, կտավի կամ ստվարաթղթի վրա պատկերում է երրորդ կնոջը` Մանիկին, Կոմիտասին, տղայի գլխանկար, 3 այլ կանանց£ Ժայռեղեն քանդակներ են հիշեցնում արծաթավուն ու գորշ կապտավուն երանգներով լուծված գրաֆիկական նկարազարդումները «Սասունցի Դավթի», Տիգրան Մեծի, Շեքսպիրի, Ոսկան Երևանցու և այլոց մի շարք դիմապատկերներ£ Քոչարի որդեգրած գեղագիտական դավանանքը, պարտոկրատական դիմադրության հետևողականությամբ, հիմք դարձավ ոչ միայն 18 օրում գիպսից քանդակված ու կայարանամերձ հրապարակում էպոսի հազարամյակի տոնակատարության նախօրեին տեղադրված կոմպոզիցիոն արձանի բարբարոսական ոչնչացման, այլև վարպետի երկամյա բանտարկության (Ներսիսյան դպրոցի ընկերներ Կարո Հալաբյանի և Անաստաս Միկոյանի միջամտությամբ է ազատ արձակվել «հակախորհրդային քարոզիչը»)£ 1955¬ին Քոչարը կերտել է մեզանում ամենաճանաչված մոնումենտալ քանդակը` «Զվարթնոցի արծիվը» ուղենշան¬կոթողը£ 1959¬ին, երբ նույն տեղում կանգնեցվեց Սասունցի Դավթի պղնձակոփ արձանը, համաժողովրդական ցնծություն հորդեց հուժկու հերոսի առինքնող կերպարից£ Ջերմ ընդունելությանը հաջորդեց պաշտոնական գնահատականը` ՀԽՍՀ պետական մրցանակը (1967 թ.)£ Մինչ այդ, 30-ամյա ընդմիջումից հետո, 1965¬ին առաջին անհատական ցուցահանդեսն էր բացվել մայր հայրենիքում£ Խրուշչովյան «ձնհալից» հետո, 1966¬ին հնարավոր դարձավ մասամբ իրագործել ֆրանսիացի արվեստագետների ցանկությունը Քոչարին փարիզյան հանրությանը վերստին ներկայացնելու (առանց երևանյան գործերի ու հեղինակի, ավաղ…)£ Նկարիչ¬արձանագործի միութենական շռնդալից հաջողությունը տեղի է ունենում 1973¬ին, Մոսկվայում, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում բացված ցուցահանդեսի խթանով£ Հենց գաղափարախոսական կապանքները հիմնականում խոչընդոտեցին մեզանում կերպարվեստի քոչարյան դպրոցի ստեղծմանը, չնայած ծանրակշիռ ավանդին XX դարի հայ քանդակագործության մեջ, տարոլորտ բարեփոխումներին` գեղագիտական մտքի զարգացմանը նպաստավոր (բազմաթիվ արվեստաբանական հոդվածների է հեղինակել նաև)£ Նկարչի տան նորաբաց հոբելյանական ցուցահանդեսն էլ, ըստ էության, Քոչարի անցած տատասկոտ ստեղծագործական ուղու յուրատիպ արտահայտություններից է. վերջին անգամ նա հայրենակիցներին 30 տարի առաջ էր ներկայացվել£ Ոչ ամբողջապես, իհարկե£ Ասենք, այսօր էլ դա հնարավոր չէ£ Աշխարհով մեկ սփռված նրա շատ ու շատ գործերի ճակատագիրն անհայտ է դեռևս£ Ամենանշանավոր մեկենասի` ժամանակակից արվեստի գիտակ Լեոնս Ռոզենբերգի` մի քանի տասնյակ միայն տարածական նկարներ ունեցող քոչարյան հավաքածուի ճակատագիրը մինչ օրս, ցավոք, անհայտ է մնացել£ Կարևոր է, որ այս ցուցադրությամբ լրջորեն մտահոգվել են պաշտոնապես նաև` ամբողջական կատալոգի լույսընծայումից սկսած մինչև պատշաճ կազմակերպման աջակցություն Երևանում 1984¬ից գործող «Երվանդ Քոչար» թանգարանի (տնօրեն` Լալա Մարտիրոսյան-Քոչար) ներկայիս աշխատակազմին£ Մեծ ցուցասրահում ուրբանիզացիայի նոր զոհերն են` «մտքի ու հոգու շղթայակապ գերիները» («Մելամաղձություն», «Կիբեռնետիկայի մուսան»)£ Տարածական նկարչության մի քանի նմուշներ, որոնց դանդաղասահ պտույտը առավել տպավորիչ է լայնէկրան հեռուստացույցով£ «Պատերազմի արհավիրքը» մեծադիր կտավում տարբեր ժամանակների ավերածություններն են, կարծես, խաչաձևվում` Մայր մոլորակի ոսկրացած ու սգակիր մարմինը անխնա հյուծելով£ Արտատպությունները մեծ մասամբ անհաղորդ են թողնում` կենտրոնացնելով այցելուների ուշադրությունը ծանոթ¬անծանոթ բնօրինակների ընկալման վրա£ Ամեն դեպքում, անկախ գեղագիտական նախասիրություններից, բոլոր այցելուներն են հմայվում Երվանդ Քոչարի մոնումենտալ մտածողության ինքնատիպ արտահայտությունների մանրադետալ հղկվածությամբ£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ